ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՐՑՐԵՔ, ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ԻՆՁ ՀԱՐՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես բարձրաձայնում է մարտի 1-ի բացահայտման անհրաժեշտության մասին: Հունիսի 12-ին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին, հայտնել էր, որ ամենակարեւոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն, մարտի 1-ի ոճրագործության, սպանությունների բացահայտումն է. «Եթե նախկինում եղել են այնպիսի գործեր, որոնք ինչ-ինչ քաղաքական, մերձքաղաքական կամ այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չեն գնացել առաջ, հույս ունեմ, որ ՀՔԾ նոր պետի ղեկավարությամբ քննիչները կանդրադառնան բոլոր այդ գործերին` Հայաստանում լիարժեք իրավակարգ ապահովելու նպատակներից ելնելով»:

Ինչպես հայտնի է, 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալը ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանն էր, իսկ ահա մարտի 1-ին` լուսադեմին, ոստիկանության քրեական հետախուզությունը մտել էր Ազատության հրապարակ իբր ստուգումներ անցկացնելու համար: Միայն թե այդ քայլին գնացել էին օրենքի խախտմամբ` օպերատիվ-հետախուզական միջոցառումը սկսելով ավելի վաղ, քան թույլատրված էր օրենքով: Իրական նպատակը ցուցարաներին Ազատության հրապարակից բռնությամբ հեռացնելն ու ընդդիմադիր կարեւոր գործիչներին ձերբակալելը, մեկուսացնելն է եղել: Պատահական չէ, որ ոստիկանության համազգեստով անձինք ուղղակի հարձակվել էին ցուցարարների վրա, մահակներով ծեծել, ձերբակալել, եւ, ի վերջո, Ազատության հրապարակը մարդկանցից ազատել:
Դեռեւս 2008 թվականին` դեկտերմբերի 12-ին, Հովհաննես Թամամյանը լրագրողներին հայտնել էր. «Ստացված օպերատիվ ինֆորմացիայի վերաբերյալ ես կայացրել եմ որոշում, ստացել եմ որոշման կատարման թույլտվությունը նախարարից, ոստիկանապետից եւ առավոտյան միջոցառումն իրականացրել եմ ես…: Օպերատիվ միջոցառում իրականացնելու պլան-առաջադրանքը եղել է, իսկ հետագա զարգացումները (դուք երեւի դա՞ ի նկատի ունեք) ես չեմ ղեկավարել…: Մարտի 1-ի առավոտյան օպերատիվ միջոցառման նպատակը եղել է հավաքվածների մոտ զենք, զինամթերք, ռազմամթերք եւ այլ իրեր հայտնաբերելը: Հավաքված մեր ազգաբնակչությանը ցրելու իմաստ ընդհանրապես չի եղել: Նկատի ունենալով, որ այնտեղ ամբոխ է` մենք լրացուցիչ ուժերը մոտեցրել ենք, բայց նրանք սկզբնամասում չեն մասնակցել: Երբ որ արդեն միջադեպ է ընթացել, այդ պահից միջամտել են մեր մյուս ստորաբաժանումները»:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Հովհաննես Թամամյանի հետ հասկանալու համար, թե արդյոք նա մտավախություն չունի, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր բացահայտուներ կլինեն, եւ նա խնդիրների առաջ կկանգնի:
-Պարո՛ն Թամամյան, Դուք եք հրահանգել ու ղեկավարել մարտի 1-ին Ազատության հրապարակում ստուգումներ իրականացնելու գործընթացը: Հիմա թավշյա հեղափոխպությունից հետո իրավիճակ է փոխվել, եւ ՀՀ նորանշանակ վարչապետը բարձրաձայնում է, որ պետք է ամեն ինչ անեն մարտի 1-ի բացահայտման համար, մտավախություն չունե՞ք:
-Ես չեմ ղեկավարել, ուղղակի մինիստրը խնդրեց, ասեց` դու գնա Ազգային ժողով, ասա… Ես ո՛չ մինիստր եմ եղել, ես ո՛չ օպերատիվ գծով տեղակալ եմ եղել, ո՛չ քրեականի պետ եմ եղել, ես ո՛չ քաղաքի պետ եմ եղել, ես չէի կարող ֆիզիկապես ղեկավարել:
-Ամեն դեպքում, դուք եղել եք ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, դուք եք Ազատության հրապարակում հրահանգ ստացել ստուգումներ անել:
-Այո՛, եղած օպերատիվ տվյալների հիման վրա, ասենք, գնացել ենք եւ միջոցառումը իրականացրել ենք: Հիմա դրանք ինձ համար անցյալ էտապ են, ես այդ համակարգից գոհ ու շնորհակալ եմ:
-Միգուցե Ձեզ համար անցած էտապ է, բայց նոր իրավիճակ ունենք. թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջնային խնդիր է համարում մարտի 1-ի բացահայտումը, Դուք մտավախություն չունե՞ք, որ նոր զարգացումներ կլինեն:
-Ես օգնեմ բացահայտելուն, ի՞նչ է եղել, եթե անհրաժեշտություն լինի, մեծ սիրով:
-Այսինքն` ոչ մի բանից չե՞ք վախենում, որ հետագայում Ձեր դեմ որեւէ բան կիրականացվի:
-Ես չեմ կարող վախենալ, որովհետեւ ես գործողություն չեմ արել, ովքեր արել են, թող մտածեն:
-Հիմա ՀՔԾ-ն նոր փորաձաքննություններ է նշանակել, անգամ «բանակի ներգրավվածությունը մարտի 1-ի դեպքերին» զեկույցն է կցվել քրեական գործին:
-Ճիշտ ասած` տեղյակ չեմ, քանի որ չեմ աշխատում: Ավելի լավ, վերջը 10 դիակ է, չբացահայտվե՞ն կրակողները:
-Այսինքն` եթե հիմա ՀՔԾ-ն Ձեզ կանչի ցուցմունք տալու, պատրա՞ստ եք նոր իշանություններին օգնել, ասել` ով տվեց հրահանգ, որ գնացիք, այսինքն` նոր ցուցմունք տաք:
-Եթե կանչեն, ես ո՞վ եմ, որ ցուցմունք չտամ, ինչո՞ւ չպետք է տամ:
-Նո՞ր ցուցմունք եք տալու, թե Ձեզ ով հրահանգեց ինչպես կատարեցիք, ում հրահանգով գնացիք:
-Ուրեմն, ես ինչ գիտեմ, դա կպատմեմ, ինչը չգիտեմ, հաստատ չեմ պատմի:
-Այս օրերին Ձեզ ծանուցում չե՞ն ուղարկել, չե՞ն կանչել:
-Եթե հրավիրած լինեին, ես կգնայի:
-Կոնկրետ եմ ցանկանում իմանալ, հիմա կասե՞ք, որ կանչեն ՀՔԾ, ինչ նախկինում պատմել եք իրավապահներին, նո՞ւյն եք պատմելու, թե՞ այլ բաներ եք պատմելու, այլ ցուցմունք եք տալու:
-Իհարկե, չէ՛, ինչը որ կա, ես ով էի… լավ, դուք լրագրող եք, եթե մինիստր, առաջին տեղակալ, քրեականի պետ, 6-րդ գլխավոր վարչության պետ, Երեւան քաղաքի վարչության պետ թողած` ես ինչի պետք է ղեկավարեի, կամ ինչի պետք է դրանց արհամարհեի, եղած ղեկավարությանը, իհարկե ո՛չ, ես չէի կարող ղեկավարել, ես եղել եմ, չեմ հրաժարվում: Նորը, հինը որն է, ես ցուցմունք եմ տալու` ինչ գործողություն կատարել եմ, հաստատ:
-Առանց վախենալու:
-Բայց վախենալու ի՞նչ ունեմ, ես ոչ զենք եմ ունեցել, ես դիակների մասով մտածելու բան չունեմ: Հայկ Հարությունյանին հարցրեք, ինչո՞ւ եք ինձ հարցնում:
-Իրեն էլ կհասնենք:
-Ես պատրաստ եմ, մտահոգվելու բան չունեմ, բայց ինչ եմ արել, որ մտավախություն ունենամ, ես չեղած բանի համար եմ գնացել, պատասխան տվել, որի հետ ընդհանրապես կապ չեմ ունեցել: Անցած իշխանություններն են այդ ամեն ինչի պատասխանատուն:
-Անցած իշխանությունները, ո՞վ:
-Ես խնդիր չունեմ, երբ կանչեն, կգնամ, իմ ցուցմունքները կտամ:
-Փաստ է մեկ բան, որ 10 տարի անց նոր իրավիճակ ունենք մարտի 1-ի գործով, եւ Ձեր անունը շրջանառվում է:
-Ինչո՞վ, ինչո՞վ, ես առավոտյան մասնակցել եմ, կրկնում եմ, մասնակցություն ունեցել եմ առավոտյան 7-ի միջոցառմանը, որից հետո երեկոյան դիակների հետ ընդհանրապես ես բան չունեմ ասելու:
-Բայց ամեն ինչ այդտեղից սկսվեց, Ազատության հրապարակում օպերատիվ միջացառումները սկսվեցին, մարդիկ ավելի կատաղեցին, ու սկսվեցին կրակոցները:
-Եկեք հարցաքննություն չանենք, ես պատրաստ եմ, երբ ինձ հրավիրեն, ես իմ ցուցմունքները կտամ:
-Չե՞ք ասի` ի՞նչ եք պատրաստվում ցուցմունք տալ:
-Ես ասեցի, ուրիշ գործողություն չունեմ արած:
-Թավշյա հեղափոխությանը ինչպե՞ս եք վերաբերվում:
-Շատ լավ, վերջապես այս ժողովուրդը ազատվեց:
-Իսկ ոստիկանության նշանակումներին, ՀՀ ոստիկանապետ նշանակվեց Վալերի Օսիպյանը:
-Այդ հարցերի պատասխանը կարող է տալ վարչապետը եւ մեր գործող նախագահը: Ես շատ լավ ճանաչում եմ պարոն Օսիպյանին, շատ պարկեշտ, կարգին անձնավորություն է:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակել Վաղինակ Սարգսյանին: Այս նշանակումը, սակայն, պատահական չէ. ապրիլի 23-ին Երեւանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ 10 օր տեւած «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ համազգեստներով: Եվ Սարգսյանը եղել է հենց այդ բրիգադի հրամանատարը: Հիմա շատերը հակված են կարծելու, որ Վաղինակ Սարգսյանին նման բարձր պաշտոնի նշանակելը կապված է հենց այդ դեպքի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԱԱԾ սահմանապահ զորքերի նորանշանակ հրամանատար Վաղինակ Սարգսյանի հետ:
-Պարո՛ն Սարգսյան, «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ համազգեստներով, որից հետո ՊՆ-ում տեղեկություններ տարածվեցին, որ նոր իշխանությունները կարծես թե վարձահատույց եղան Ձեզ, եւ Դուք նշանակվեցիք ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար:
-Ո՛չ, ո՛չ, նման բան գոյություն չունի, միանշանակ ո՛չ, դա վարձահատույց լինելու հետ կապ չունի, որտեղ պետությունը ասում է, այնտեղ էլ գնում, ծառայում ենք: Վաղը կասեն` գնացե՛ք, սարի գլխին ծառայե՛ք, կգնանք, կծառայենք:
-Այսինքն` զորքին, որ թույլ էիք տվել դուրս գալ, միանալ ակցիային, կապ չունի Ձեր նոր պաշտոն ստանալու հետ:
-Ո՛չ, ո՛չ, եթե ես տեղյակ լինեի, ինչու պետք է զորքիս թողնեի, չի կարող լինել նման բան: Իսկ ով է ասում, որ սա առաջխաղացում է, նույն կերպ ես եղել եմ հետախուզության վարչության պետ, խաղաղապահ բրիգադն էլ պակաս պատվավոր գեներալի հաստիք չէ:
-Ինչո՞ւ Դուք:
-Նույն հաջողությամբ կարող եք հարցնել, թե ինչու ինձ ժամանակին տվեցին հետախուզության վարչության պետ, ինչու ինձ ժամանակին 10 տարով ուղարկեցին Չինաստան. ծառայություն է սա:
-Ըստ տեղեկությունների` Ձեր նշանակումը սահմանապահ զորքերում այդքան էլ լավ չեն ընդունել, եղել են դժգոհություններ:
-Ինձ նորմալ ընդունել են, խնդիր չկա, եթե վատ կծառայեմ, կասեն` վե՛ր կաց, գնա՛ այստեղից, եթե լավ կծառայեմ, կասեն` ապրե՛ս, գնա՛, ուրիշ տեղ ծառայի՛:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է
Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը վստահեցնում է` թե՛ Նախիջեւանի, թե՛ Արցախի ուղղությամբ իրավիճակը զինված ուժերի կողմից վերահսկվում է: Սահմանին վիճակի էական փոփոխություն չկա, պաշտպանության բանակը պարբերաբար նման տեսանյութեր հրապարակում է, այնպես որ, այս պահի դրությամբ` առանց ավելորդ մեկնաբանությունների: Իրավիճակը սահմանին վերահսկվում է, կուտակումներ առանձնապես չկան, անհանգստանալու ոչինչ չկա:

 

 

ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑԻՆ
Երեկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից ազատ են արձակվել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Գալուստ Գրիգորյանը եւ Հրայր Թոփչյանը: Նրանք, սակայն, ոչ թե արդարացվել են, այլ նրանց խափանման միջոցը կալանքից փոխվել է ստորագրության չհեռանալու մասին: Մասնավորապես, դատարանը մեղմացրել է Սեֆիլյանի նկատմամբ պատիժը` նշանակել ազատազրկում 5.5 տարի ժամկետով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինվել է պատգամավորների երաշխավորությամբ: Գեւորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի եւ Հրայր Թոփչյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 2 տարի ժամկետով: Վերջիններս անհապաղ ազատ են արձակվել դատարանի դահլիճից:




Լրահոս