Լուսանկարը` պաշտոնական լրահոսից
Աշխատանքային այցով Մոսկվա մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օդանավակայանում ֆուտբոլ է խաղացել Աշխարհի գավաթի խորհրդանիշ «Զաբիվակա» գայլի հետ:
ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` Հայաստան մուտքի վիզա ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել:
Լուսինե Մաթեւոսյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Հայաստան մուտքի վիզա ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) անձնագիր կամ անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ,
2) N 1 ձեւի դիմում-հարցաթերթիկ, որը լրացվում է անգլերենով կամ հայերենով,
3) 35 x 45 մմ չափսի գունավոր լուսանկար, իսկ ՀՀ սահմանի անցման կետերում՝ օտարերկրացու անձնագրի պատճենը,
4) հրավերի հիման վրա Հայաստան այցելելու դեպքում` նաեւ հրավերը հավաստող համապատասխան փաստաթուղթ,
5) մինչեւ 18 տարեկան օտարերկրացին` նաեւ այցելությունը հավաստող փաստաթուղթ (ծնողների, ծնողներից որեւէ մեկի կամ օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված դիմում կամ ընդունող կազմակերպության կողմից ներկայացված միջնորդագիր),
6) պետական տուրքի վճարման անդորրագիր:
ՀՀ միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) կարող է մերժվել, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչվել կամ մուտքը ՀՀ արգելվել, եթե նա դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, եւ դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ մարվել:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` հաշմանդամ երեխային, 1-ին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակաշրջանը կամ, ընդհանրապես, երեխային խնամելու ժամանակահատվածը հաշվառվո՞ւմ է աշխատանքային ստաժում:
Տաթեւ Մկրտչյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Մկրտչյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ աշխատանքային uտաժի առկայության դեպքում հաշմանդամ երեխային մինչեւ նրա 18 տարին լրանալը կամ առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակաշրջանը հաշվառվում է ծնողի, որդեգրողի, խնամակալի աշխատանքային ստաժում, եթե նա ունի խնամարկյալի հաշմանդամության ժամանակահատվածը հաստատող տեղեկանք, իսկ խնամակալի դեպքում` նաեւ խնամակալ ճանաչված լինելու եւ խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքներ, սակայն տաս տարուց ոչ ավելի` մինչեւ կենսաթոշակ նշանակելն ընկած ժամանակահատվածում:
Սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաեւ ծնողներից մեկի` մինչեւ յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի:
Մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի աշխատանքային ստաժ` բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ցուցակներով կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ցանկերով նախատեսված աշխատանքներով զբաղված անձանց` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երեխայի խնամքի համար տրվող արձակուրդի ժամանակահատվածը մինչեւ երեխայի երկու տարեկան դառնալը հաշվառվում է արտոնյալ պայմաններով կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում առանց այդ ժամանակահատվածի համար սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքի: