ԱՐԴԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆՈՒՆԻՑ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի գործադիր իշխանության շուրջ առաջին հայացքից զվարճալի, բայց իրականում բավական վտանգավոր իրադարձություններ են զարգանում: Ինչպես հայտնի է, ռուս պրանկերներն արդեն երկու անգամ զանգահարել են արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյաների, ներկայացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից եւ հեռախոսազրույց ունեցել: Մայիսի 24-ին պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը եւ Ալեքսեյ Ստոլյարովը զանգահարել էին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին: Բրիտանացի նախարարը սկզբում հավատացել է, որ խոսում է Փաշինյանի հետ: Հաջորդ զանգը եղել է հունիսի 13-ին: Պրանկերներն այս անգամ խոսել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ:
ՀՀ իշխանությունն առայժմ հրապարակայնորեն չի արձագանքել կատարվածին: Սակայն նկատենք, որ նման միջադեպերի հետեւանքը կարող են լինել տարատեսակ սադրանքները, առավել եւս, երբ նման միջոցառումներն իրենց մեջ լրտեսության որոշակի տարրեր են պարունակում: Ոլորտի մասնագետները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ են հայտնել, որ Փաշինյանի անունից զանգերի խնդիրն ավելի շատ հեռախոսազրույցի առաջարկն ընդունող կողմինն է, քանի որ նրանք պետք է ճշտեն՝ իրո՞ք ՀՀ վարչապետի հետ են խոսում, թե՞ ոչ, արժե՞ խոսել, թե՞ ոչ: Սովորաբար, նաեւ դիվանագիտական խողովակներով նախապես ճշտում են հեռախոսազրույցի նպատակահարմարությունն ու ժամը: Բայց մյուս կողմից միջազգային ասպարեզում Նիկոլ Փաշինյանի վարկանիշն իրոք բարձր է, եւ նրա անունը լսելիս նաեւ արեւմտյան պաշտոնյաներն են միանգամից ցանկանում հաղորդակցվել:

 

 

ՀՔԾ-ն նոր թափով ձեռնամուխ է եղել մարտի 1-ի գործի քննությանը: Երեկ էլ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է այս գործով բացահայտման աշխատանքներն ակտիվացնելու, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարական տվել: Մինչ այդ` երեկ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանն ասել է, թե ինքն էլ է ցանկանում այդ դեպքերի բացահայտումը: «Բացահայտմանը ես միանշանակ կողմ եմ, որ ցանկացած մեկը, որը հրաման է տվել, որը կարգադրություն է արել մարդկանց վրա կրակելու, պատասխան պետք է տա»: Սակայն նա չի մանրամասնել, թե ով է կրակելու հրաման տվողը եղել: «Այն բառակապակցությունը, որ Ռոբերտ Քոչարյանը ինձ հեռախոսով հրահանգ է տվել, ու ես էլ ստիպված եմ եղել հրահանգ կատարել, ուրեմն ասեմ հետեւյալը. փաստ է, որ ես երբեք հեռախոսով, երբեք, ոչ մի անգամ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ խոսել: Ինքը ինձ նման հրահանգ տալու հնարավորություն չուներ: Բացի այդ` պետական ծառայության մեջ կան սուբորդինացիաներ: Հանրապետության նախագահը` Գերագույն գլխավոր հրամանատարը, ուղղակի նման ցուցումներ երեք չորս աստիճան ցածր մարդուն չի տալիս»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում բացահայտված չարաշահումների համար մեղադրյալի աթոռին է հայտնվել պահակապետ Համբերիկ Գալստյանը: Դեռ նախորդ տարի բացահայտվել էր մոտ 30 մլն դրամի գույքի պակասուրդ, ու որ համալսարանի իրավասու պաշտոնատար անձինք գույքագրումներն անցկացրել, ինչպես նաեւ պակասուրդ ապրանքների հաշվապահական ձեւակերպումներն իրականացրել են ոլորտը կարգավորող իրավական ակտերի խախտումներով, արդյունքում պակասուրդը տարիներ շարունակ չի հայտնաբերվել: Հիմա այս ամենի համար դատում են պահակապետին, մինչդեռ, հիշեցնենք, ժամանակին համալսարանի ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանի եղբայրն էր՝ Արթուր Ավագյանը: Ու ենթադրվում է՝ նա եւս այս ոլորտով փաստաթղթերի տակ է ստորագրել, պատասխանատվություն վերցրել: Բայց քանի որ այս գործը քննվել է դեռ ՀՀԿ իշխանության ժամանակ, կարելի է ենթադրել, որ Կարեն Ավագյանին հաջողվել է եղբորը ջրից չոր դուրս բերել` ողջ մեղքը բարդելով պահակի վրա:

 

 

 

Չնայած Հայաստանում վաղուց քաղաքական իրավիճակ է փոխվել, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն այլեւս կոալիցիոն գործընկերներ չեն, սակայն Վանաձորի ավագանիում ամեն ինչ առաջվա նման է ընթանում: Մասնավորապես, ավագանու ՀՅԴ եւ ՀՎԿ (այժմ՝ ՕԵԿ) խմբակցությունները շարունակում են մնալ դեռեւս ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կողքին եւ չեն փորձում նրան պաշտոնանկ անելու գործընթաց սկսել: Իրենց պահվածքն էլ պատճառաբանում են հայտնի արտահայտությամբ՝ «ինչ անում, քաղաքի համար ենք անում»: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վանաձորի ավագանու ՀՅԴ-ական անդամ Արեւիկ Լոքյանն ասել է. «Մենք ոչ մեկի հետ էլ չենք միացել, որպես ավագանի հարցին պատասխանում եմ, մեր աշխատելաոճում փոփոխություն չկա: Կարեւոր չէ` մենք ԲՀԿ-ին միացած կլինենք, թե ՀՀԿ-ին, մենք մեր ձայնի տերն ենք»: ՕԵԿ-ից խմբակցության ղեկավար Կարեն Դավթյանն էլ ասել է, թե իրենց դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվել, իմաստ էլ չկա փոխելու:

 

 

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
«Անկախություն», «ինքնիշխանություն», «գործընկերություն», «արժանապատիվ կեցվածք», «սեփական երկրի շահի գիտակցում եւ միջազգային ասպարեզում այդ շահի հետապնդում». քսան տարի շարունակ ՀՀ քաղաքացիներիս համար սրանք սոսկ արտահայտություններ էին, հեռավոր երազանք, որին միայն ձգտում էինք հասնել: Ուզում էինք, որ մեր երկրի իշխանությունները (ի դեպ, արդեն նախկին), հենց այս բառերը ելակետ ունենալով, կառուցեին իրենց արտաքին քաղաքականությունը: Ուզում էինք, որովհետեւ գիտեինք, թե դա ինչ է: Սրանից 20 տարի առաջ ճաշակել էինք: Հենց 90-ականներին՝ Հայաստանի անկախության հռչակումից հետո, տեսել էինք, թե ինչպես էին Հայաստանի առաջին իշխանությունները նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հավասարը հավասարի նման շփվում միջազգային հանրության հետ, ու եթե երկրի շահը թելադրում էր դեմ գնալ նույն այդ միջազգային հանրությանը, առանց վարանելու անում դա (ինչպես եղավ 1996թ. Լիսաբոնում, երբ ՀՀ-ն, հակառակ միջազգային հանրության ճնշումներին, վետո դրեց ԼՂ հակամարտության մասին ոչ հայանպաստ ձեւակերպումներ պարունակող փաստաթղթին):
1998-ի պալատական հեղաշրջումից հետո էր, որ ՀՀ-ն միջազգային հանրության մոտ կորցրեց իր դեմքը` դառնալով գերտերությունների կցորդ, կամակատար, ֆորպոստ: Այդպես էր, որովհետեւ այդ ժամանակ այլեւս ՀՀ իշխանությունը կորցրել էր լեգիտիմությունը, պետության ղեկին հաստատված խումբը ոչ թե ժողովրդի կողմից էր ընտրվել, այլ բռնազավթել էր իշխանությունը` դեմ գնալով ժողովրդի կամքին, չմոռանալով իրենց իշխանությունն ամրապնդելու համար կոտորել ժողովրդին սկզբում բռնություններով, հետո մարտիմեկյան սպանություններով` քաղաքական հակառակորդներին բանտերը նետելով: Ու պետության ղեկին հայտնվածները սեփական իշխանությունը պահելու մարմաջով փորձում էին աջակցություն գտնել օտարի մոտ` դառնալով վերջինիս հպատակը:
Թավշյա հեղափոխությունից հետո վերականգնվել է ՀՀ-ի արժանապատիվ կեցվածքը: Վերականգնվել է, որովհետեւ գործադիր իշխանությունը ձեւավորվել է ժողովրդի ցանկությամբ: Ու սա է պատճառը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ներկայանում է ոչ թե որպես Գազպրոմի կողմից կառավարվող «գուբերնիայի» ներկայացուցիչ, այլ որպես ինքնիշխան պետության ղեկավար: Սա է պատճառը, որ Փաշինյանը չի վարանում ՌԴ իշխանությունների հետ քննարկել Հայաստանին մատակարարվող գազի սակագինը եւ հետո հայտարարում, թե «Մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար սահմանված սակագինը բացառիկ էժան է, բայց մենք առավել բացառիկ սակագին ենք ուզում»:




Լրահոս