Թավշյա հեղափոխությունից հետո տեղաշարժ է նկատվում Մարտի 1-ի քրեական գործով. ՀՔԾ-ն արդեն ձեռնամուխ է եղել այս գործով քննչական նոր գործողությունների, նշանակվել են նոր փորձաքննություններ: Այս գործի մասին ՀՔԾ-ին հանձնարարական է տվել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` օրերս հայտարարելով` ՀՔԾ ամենակարեւոր գործերից մեկը Մարտի 1-ի ոճրագործության, սպանությունների բացահայտումն է:
Ինչպես հայտնի է, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար եղել է Գրիգոր Գրիգորյանը: Ավելին` օրերս մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Գրիգոր Գրիգորյանին հարցաքննել են, եւ նա հարցաքննության ժամանակ հայտնել է, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից: Ավելին՝ Քոչարյանը մանրամասն հրահանգավորել է, որ ցուցարարների վրա դիմահար կրակ բացվի, եւ կիրառվեն նման դեպքերի համար արգելված հատուկ միջոցներ: Քանի որ Քոչարյանը, լինելով նախագահ, միաժամանակ գերագույն գլխավոր հրամանատարն էր, ներքին զորքերի հրամանատարը չի կարողացել ընդդիմանալ եւ չկատարել երկրի ղեկավարի արյունոտ հրամանները: Գրիգորյանը տեղեկացրել է, որ ինքը իր անձնական ապահովության համար ձայնագրել է իր եւ Քոչարյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցը, եւ այն կարող է ներկայացնել որպես իր ասածների հիմնավորում:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Գրիգոր Գրիգորյանի հետ:
-Պարո՛ն Գրիգորյան, թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բարձրաձայնում է Մարտի 1-ի բացահայտման մասին, Դուք մտավախություն չունե՞ք, որ Մարտի 1-ը բացահայտվի, Ձեզ համար խնդիրներ կառաջանան:
-Ընդհանրապես, ես աշխատում եմ չշփվել մամուլի հետ, սկսենք այստեղից, օրերս արտահոսք եղավ, թե ինձ կանչել են հարցաքննության, իբր թե Ռոբերտ Քոչարյան եւ նման այլ բաներ: Եթե չեմ սխալվում, երկու ժամ հետո ՀՔԾ-ն հերքում տվեց, քանի որ նման բան չէր եղել եւ չէր կարող լինել: Ես եղել եմ զորքերի հրամանատար, պետական պաշտոնյա, ես 10 տարուց ավել է` չեմ աշխատում, գտնվում եմ տանը, երբեք Հայաստանից չեմ բացակայել, չեմ խուսափում որեւէ բանից, ինքս իրավաբան եմ, ինձ պատասխանատու անձ եմ համարում, երբեք չեմ խուսափել իմ արածների եւ ասածների համար պատասխանատվությունից: Այնպես որ, ես այն ժամանակվա առումով էլ մեզ` որպես պետական կառույցի ներկայացուցիչներ, համարում եմ նաեւ տուժող կողմ, որովհետեւ մենք մեր պաշտոնեական ծառայությունն ենք իրականացրել, ցավոք սրտի, այդ ծառայության ընթացքում` մեր ժամանակ, այդ դեպքերը եղել են, այդ թվում մեր զինվորը եւ սպան սպանվեցին: Այնպես որ, բացահայտմանը ես միանշանակ կողմ եմ, որ ցանկացած մեկը, որը հրաման է տվել, որը կարգադրություն է արել մարդկանց վրա կրակելու, պատասխան տա:
-Դուք եղել եք ներքին զորքերի հրամանատարը, նշեցիք, որ Ձեզ ՀՔԾ չեն կանչել, բայց եթե կանչեն, կգնա՞ք, կասե՞ք, թե Ձեզ ով է հրահանգել կրակել, Ռոբերտ Քոչարյա՞նն էր:
-Այն բառակապակցությունը, որ Ռոբերտ Քոչարյանը ինձ հեռախոսով հրահանգ է տվել, ու ես ել ստիպված եմ եղել հրահանգ կատարել, ուրեմն ասեմ հետեւյալը. փաստ է, որ ես երբեք հեռախոսով, երբեք, ոչ մի անգամ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ խոսել, ընդհանրապես կյանքում ես իր հետ հեռախոսով չեմ խոսել: Այնպես որ, ինքը ինձ նման հրահանգ տալու հնարավորություն չուներ: Բացի այդ, պետական ծառայության մեջ կան սուբորդինացիաներ: Հանրապետության նախագահը` գերագույն գլխավոր հրամանատարը, ուղղակի նման ցուցումներ երեք-չորս աստիճան ցածր մարդուն չի տալիս:
-Հիմա եթե Ձեզ կանչեն Հատուկ քննչական ծառայություն, կասե՞ք, թե ով է տվել հրահանգ, Դուք եք եղել ներքին զորքերի հրամանատարը, Դուք եք կրակե՞լ:
-Ես ասում եմ, ես իրավաբան եմ, հասկանում եմ այս ամեն ինչի կարեւորությունը ու ես պատրաստ եմ իմ բոլոր կարգադրությունների, հրահանգների ու կատարածի համար պատասխան տալու, այլապես ես Հայաստանում չէի լինի: Այսինքն` ես ոչ մի արարք, որի համար մտավախություն ունենամ, չեմ կատարել ու նման հրահանգներ չեմ տվել եւ ոչ էլ որեւէ մեկից նման հրահանգներ եմ ստացել:
-Ի՞նչ կասեք թավշյա հեղափոխության մասին:
-Ճիշտ ասած` այն, ինչ այսօր կատարվում է, դրա գնահատականը, նախ այդ իրադարձություններին ծանոթ չեմ, գնահատական տալ չեմ կարող, եւ, առհասարակ, ընդամենը մեկ-երկու ամիս է անցել, ինչ գնահատական պետք է տանք, մեկ-երկու ամսվա ընթացքում ոչ մեկ չի կարող լուրջ փոփոխություններ կամ, չգիտեմ, երկնքից աստղեր իջեցնել, ժամանակ պետք է տրվի մարդկանց, հետո գնահատվի:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԵՂԲՈՐԸ ՓՐԿԵՑԻՆ
2017 թվականին իրավապահ մարմինները Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում հերթական չարաշահումն էին բացահայտել: Սակայն, ինչպես ցույց տվեց նախաքննության ավարտը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբայրը ջրից չոր դուրս եկավ:
Այսպիսով, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016թ. դեկտեմբերին համալսարանում անցկացված տարեկան գույքագրման արդյունքում արձանագրվել է համալսարանի աշխատակիցներին հանձնված գույքի պակասուրդ` ընդհանուր առմամբ ավելի քան 30 միլիոն դրամի չափով: Բացի այդ, պարզվել է, որ 2009-2015 թվականներին համալսարանի իրավասու պաշտոնատար անձինք գույքագրումներն անցկացրել, ինչպես նաեւ պակասուրդ ապրանքների հաշվապահական ձեւակերպումներն իրականացրել են ոլորտը կարգավորող իրավական ակտերի խախտումներով, ինչը հանգեցրել է նրան, որ պակասուրդ գույքը տարիներ շարունակ չի հայտնաբերվել:
Ինչեւէ, յուրացման կամ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու պաշտոնեական անփութության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Եվ ահա չարաշահման դեպքով մեղադրյալի աթոռին էր հայտնվել «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կենտրոնական պահեստի պահեստապետ Համբերիկ Գալստյանը:
Նշենք, որ դեռեւս այդ ժամանակ համալսարանի ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանի եղբայրն էր` Արթուր Ավագյանը: Տպավորությունն այնպիսին էր, որ բացի պահեստապետից՝ մեղադրյալի աթոռին պետք է հայտնվեր նաեւ նա, քանի որ համալսարանի ֆինանսատնտեսական գծով պատասխանատուն է, ասել է թե` ինքն է նաեւ ստորագրել համապատասխան փաստաթղթերը: Սակայն ոչ: Այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ պահեստապետից բացի՝ որեւէ մեկը այդպես էլ չհայտնվեց ամբաստանյալի աթոռին:
Իսկ ահա Համբերիկ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1983թ. հուլիսի 1-ից աշխատելով որպես «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կենտրոնական պահեստի պահեստապետ եւ հանդիսանալով նյութական պատասխանատու անձ, քրեական գործով չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ 2012թ. դեկտեմբերի 3-ից մինչեւ 2015թ. դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում յուրացրել է իրեն պատասխանատու պահպանման վստահված, առանձնապես խոշոր չափերով՝ 12 միլիոն 950 հազար 105 դրամ, տնտեսական ապրանքներ: Նկատենք, որ իրավապահները չեն կարողացել պարզել կամ, ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով, չեն ցանկացել պարզել, թե պահեստապետը ում հետ է յուրացրել համալսարանի ապրանքները:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾԸ
Դատախազության կոլեգիայի երեկվա նիստում, որը վարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են չբացահայտված, նաեւ վարույթները կասեցված սպանության եւ սպանության փորձերի դեպքերի, ինչպես նաեւ հանրային հնչեղություն ստացած այլ ծանր եւ առանձնապես ծանր, կոռուպցիոն եւ տնտեսական բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության բարձրացման խնդիրները: «Գլխավոր դատախազը մատնանշել է մասնավորապես մարտիմեկյան դեպքերին կատարված սպանությունների բացահայտումը, որոնց քննության արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով, օգտվելով «Դատախազության մասին» նոր օրենքով ստեղծված հնարավորությունից, ձեւավորվել է նախաքննության նկատմամբ հսկողության դատախազների խումբ, եւ արդեն իսկ հետաքննության մարմիններին տրվել են օպերատիվ-հետախուզական աշխատանքներ կատարելու հանձնարարականներ: Ի թիվս քննարկման առարկա դարձած նման խնդրահարույց այլ գործերի` խնդիր է դրվել ակտիվացնելու նաեւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը»,- նաեւ ասվում է դատախազության հաղորդագրությունում:
ԴԵՌ ԵՐԿՈՒ ՀՈԳԻ
Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանն «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել է, որ «Երեւան» հիմնադրամի գործունեության հետ կապված քրեական գործով կա երկու ձերբակալված՝ հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը եւ Դավիթաշենի թաղապետի տեղակալ Խաչատուր Կարապետյանը: «Քննությունը ընթանում է, լրացուցիչ տեղեկությունները կփոխանցվեն»,- ասել է նա առանց այլ մանրամասներ հրապարակելու: Հիշեցնենք` նախօրեին ԱԱԾ-ն խուզարկություններ էր անցկացրել «Երեւան» հիմնադրամում: Ըստ ԱԱԾ հաղորդագրության` իրենք հաղորդում էին ստացել քաղաքացիներից, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման եւ գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից իրենց պարտադրել են «Երեւան» հիմնադրամին փոխանցել խոշոր գումարներ:
6 ՄԼՆ-Ի ՅՈՒՐԱՑՈՒՄ
Սյունիքի մարզային վարչության եւ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները մոտ 6 միլիոն դրամի յուրացման դեպք են բացահայտել: Պարզվել է, որ «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի» տնօրենի միջնորդությամբ «Հուսո Երիցուկ» հկ-ի գործադիր նախագահը 2017թ. կազմակերպությունում որպես աշխատողներ գրանցել է 7 քաղաքացու: Զբաղվածության պետական գործակալության կողմից յուրաքանչյուր աշխատողի վերապատրաստման համար կազմակերպությանը փոխանցվել է 200.000 դրամ, սակայն նրանք իրականում չեն հաճախել աշխատանքի, եւ փոխանցված ընդհանուր գումարը, որն աշխատավարձերի հետ կազմում է մոտ 6.000.000 դրամ, յուրացվել է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
45.000 ԴՐԱՄ` ԴԻԱՀԵՐՁՄԱՆԸ
Գեղարքունիքի մարզային վարչության եւ Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս մարզային բաժանմունքի դատաբժշկական փորձագետը Վարդենիսի դիահերձարանում յուրաքանչյուր դիահերձման համար հանգուցյալների հարազատներից պահանջում եւ վերցնում է 45.000 դրամ: Նախնական քննությամբ պարզվել է, որ հունիսի 12-ին Վարդենիսի դիահերձարանում Վանեւան գյուղից մի կնոջ դիահերձման համար փորձագետի վարորդը մահացածի թոռանից պահանջել եւ ստացել է 45.000 դրամ: Պարզվել է նաեւ, որ փողի մի մասը` 7000 դրամ, կատարած աշխատանքի համար վարորդը փոխանցել է Վարդենիսի դիահերձարանի դիահերձողին: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: