Մայիսի 9-ին Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Վերջին օրերին ադրբեջանական կողմում զորքերի կուտակումներ են նկատվում: Արդյոք այս հանգամանքի եւ Փաշինյանի հայտարարության միջեւ կապ կա: Այս եւ այլ հարցերի շուրջ Ժողովուրդ օրաթերթը զրուցել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
-Պարոն Ղուլյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանում արտգործնախարարի հետ քննարկել են Արցախի` բանակցային սեղան վերադարձի հարցը: Դուք դա հավանական համարու՞մ եք այս փուլում: Ի՞նչ կերպ դա կարող է այս շրջանում իրականանալ` հաշվի առնելով Ադրբեջանի դիմադրությունը:
-Եթե նույնիսկ դա քիչ հավանական է այս փուլում, ապա դեռ չի նշանակում, թե պետք է քնեցնել ղարաբաղյան կողմի` բանակցություններին մասնակցելու թեման: Հակառակը, հարցը մշտապես ակտիվ ու թարմ պետք է պահել եւ անընդհատ հիշեցնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։ Հաշվի առնելով, որ բանակցային գործընթացը գոնե այս փուլում չունի այն ռեսուրսը, որ կարող է վերադառնալ միջազգային փաստաթղթերով նախանշված լիարժեք ձեւաչափ` այդուհանդերձ, այդ շեշտադրումը պետք է լինի հայկական կողմերի ուշադրության կենտրոնում։
-Իսկ, ընդհանուր առմամբ, մոտ ապագայում ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորություն տեսնու՞մ եք, թե՞ ոչ:
-Ադրբեջանի այսօրվա կոշտ դիմադրության ռազմավարությունը ակնհայտորեն նվազեցնում է մոտ ապագայում լուծման հնարավորությունները: Սակայն աշխարհաքաղաքական իրողություններն ու տարածաշրջանային զարգացումները մեր օրերում ենթարկվում են արագ ու կտրուկ փոփոխությունների, եւ չի կարելի բացառել, որ միջազգային հարաբերությունների ներկա կառուցակարգի որոշակի տեղաշարժերի դեպքում Բաքուն կարող է շատ ավելի իրատեսական մոտեցում ցուցաբերել կարգավորման հանդեպ։
-Ադրբեջանը շփման գծում կրկին զորքեր է կուտակում: Արդյոք սա պատասխա՞նը չէ Հայաստանի արտահայտած այն դիրքորոշման, որ Արցախը պետք է բանակցային սեղան վերադառնա:
-Հավանաբար այդ պատճառն էլ կա, բայց դա չի կարող միակ բացատրությունը լինել։ Ադրբեջանը երբեք չի էլ թաքցրել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր ցանկությունը եւ ամեն մի առիթ օգտագործել է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ զորքերի ու ռազմական տեխնիկայի կուտակման համար: Այս հանգամանքը բացահայտ մարտահրավեր է, որը պետք է մտահոգի ոչ միայն հայկական կողմերին, այլեւ համանախագահ երկրներին ու բոլոր այն կառույցներին, որոնք հետաքրքրված են տարածաշրջանային կայունությամբ ու խաղաղությամբ։
-Արցախում ցույցերն ու դրանցից առաջացած խնդիրները արդյոք հանգուցալուծման հասե՞լ են, թե՞ ոչ:
-Հունիսի սկզբին Արցախում, մասնավորապես Ստեփանակերտում, տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տվել, որ հանրության մեջ կան կուտակված խնդիրներ, եւ բնական է, որ ժողովրդավարական երկրում մարդիկ այդ մասին կարող են բարձրաձայնել ցույցերի կամ հավաքների միջոցով։ Իշխանությունների քայլերն առաջին իսկ օրերից ուղղված են եղել երկխոսության միջոցով եւ օրինականության շրջանակներում լուծելու բարձրացվող հարցերը: Այս պահի դրությամբ ստեղծված են մի քանի հարթակներ, որտեղ դժգոհություն ունեցող քաղաքացիները կարող են ներկայացնել իրենց հուզող խնդիրները, որոնք ընթացքավորվում են համապատասխան պետական մարմինների կողմից։ Մասնավորապես, Ազգային ժողովում ստեղծված Քննիչ հանձնաժողովն աշխատում է ամենօրյա ռեժիմով, եւ կարծում եմ` առաջիկայում նրանց հավաքած նյութերը թույլ կտան ավելի ճշգրիտ պատկեր ունենալ հանրային հնչեղություն ունեցող հարցերի եւ դրանց պատճառների վերաբերյալ:
-Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի առաջադրվի նախագահի պաշտոնում: Ու՞մ եք տեսնում նրա փոխարեն:
-Արցախում սահմանադրական մշակույթն ու ժողովրդավարական ավանդույթները վեր են ամեն ինչից, եւ այդ արժեհամակարգից շեղում չէր էլ կարող լինել: Մյուս բոլոր ենթադրությունները քաղաքական շահարկումների ոլորտից են: Անկախության համարյա 30-ամյա տարեգրության մեջ երբեք արցախյան ընտրությունների արդյունքները կանխորոշված չեն եղել, եւ կարծում եմ, որ բոլորիս խնդիրը 2020թ. մրցակցային եւ թափանցիկ ընտրությունների ապահովումն է։ Թե ո՞վ կլինի այդ պայմաններում ընտրված նախագահը, որոշողը ժողովուրդն է։
-Ի դեպ, մեկ հարց էլ՝ ՀՀ նախկին իշխանությունների, մասնավորապես երեք նախագահների հետ կապ պահու՞մ եք, թե՞ ոչ:
-Արցախի իշխանությունների կողմից միշտ էլ առանձնակի հարգանք է դրսեւորվել ՀՀ թե՛ նախկին, թե՛ գործող իշխանությունների հանդեպ։ Վստահ եմ՝ այդ հարգանքը փոխադարձ է։
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆՆ ՈՒ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ստացել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը: Այս մասին երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ հավելելով, որ դիմումը հրաժարականի հայտարարությունից երեք օր անց ստանալու պատճառը վարչապետի՝ Մոսկվայում գտնվելն էր միայն:
Վարչապետի խոսնակը դժվարացավ ասել՝ այն կստորագրվի, թե ոչ՝ ընդգծելով, թե ե՛ւ ստորագրվելու, ե՛ւ չստորագրվելու դեպքում բոլորն էլ կիմանան այդ մասին:
Ինչպես հայտնի է, Մանե Թանդիլյանն աշխատանքից ազատվելու դիմում գրել էր երեքշաբթի օրը՝ հունիսի 12-ին: Նախարարի պաշտոնից ազատվելու պատճառն, ըստ Թանդիլյանի գրառման, այն էր, որ համամիտ չէ կառավարության կողմից ընդունված որոշմանը, որով շարունակվում է կենսաթոշակի կուտակային համակարգում մնալ «պարտադիր» բաղադրիչը:
Հրաժարականի դիմումից հետո՝ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, Թանդիլյանը չցանկացավ պատասխանել՝ ինչ կլինի, եթե դիմումը չստորագրվի՝ ասելով, թե եթե-ներով հարցերի չի պատասխանում: Սակայն փաստ է, որ մինչ այժմ դիմումը չի ստորագրվել: Ընդ որում՝ կառավարության երեկվա նիստում վարչապետը որեւէ կերպ չանդրադարձավ Թանդիլյանի դիմումին, իսկ վերջինս էլ մասնակցում էր կառավարության նիստին եւ նույնիսկ հարց բարձրացրեց:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ կառավարության նիստից հետո Մանե Թանդիլյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են եւ երկար զրուցել, սակայն հայտնի չէ՝ ինչ եզրահանգման են եկել: Ամեն դեպքում, մինչեւ օրվա վերջ հրաժարականի դիմումը չստորագրվեց: Չի բացառվում, որ վարչապետի հորդորով Թանդիլյանը ետ վերցնի հրաժարականի դիմումը կամ էլ, այնուամենայնիվ, ստիպված լինի շարունակել պաշտոնավարումը, եթե Փաշինյանը չստորագրի այն:
Նշենք, որ նախկինում եղել են դեպքեր, երբ պաշտոնյաների հրաժարականների դիմումները չեն ստորագրվում: Վերջին թարմ օրինակը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի պարագայում էր, երբ նա հրաժարական ներկայացրեց, սակայն այն այդպես էլ Սերժ Սարգսյանի կողմից չստորագրվեց, եւ Մանուկյանը փոխադարձ համաձայնությամբ շարունակեց պաշտոնավարումը: Իսկ ավելի վաղ էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2005 թվականին չէր ստորագրել արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի դիմումը: Վերջինս էլ այդ քայլին էր դիմել որդու պատճառով, ով իր ծառայողական մեքենայով քաղաքացու էր վրաերթի ենթարկել:
Սակայն այս վերջին օրինակներն անձնական են, իսկ ահա Թանդիլյանը հրաժարական տվեց սկզբունքների պատճառով: Տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ
Երկրապահ կամավորական միության նախագահի պաշտոնից Մանվել Գրիգորյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերն ակտիվություն են առաջացրել ազատամարտիկների շրջանում: Այսքան տարիների ընթացքում ԵԿՄ-ից դուրս գործելով եւ տարբեր միավորումներ ստեղծելով՝ այժմ ազատամարտիկները հույս ունեն, թե Գրիգորյանի հրաժարականից հետո կկարողանան մեկ կառույց ստեղծել ու միավորվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անգամ ազատամարտիկների թիմեր են սկսել ձեւավորվել, որպեսզի անհրաժեշտության պարագայում ԵԿՄ նախագահի իրենց թեկնածուն առաջադրեն: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Ռազմիկ Պետրոսյանը ընդգծեց, որ տարիներ շարունակ ԵԿՄ-ն եւ այդ կառույցի ղեկավարը գործել են օրվա իշխանությունների՝ ՀՀԿ-ի թելադրանքով, սատարել նրանց, եւ թավշյա հեղափոխությունից հետո բնական է համարում, որ պետք է հեռանա նաեւ Մանվել Գրիգորյանը:
ԱԺ-ՈՒՄ ՉԵՆ ՀԱՄԱԿԵՐՊՎՈՒՄ
Ինչպես հայտնի է, ՀՀԿ խմբակցության 6 պատգամավոր դիմում էին ներկայացրել խմբակցությունից դուրս գալու մասին: Նրանց մեջ կային պատգամավորներ, ովքեր նաեւ կուսակցությունից դուրս գալու դիմում էին ներկայացրել: Բայց արի ու տես, որ ԱԺ-ում, որտեղ իշխանության դեռ ՀՀԿ-ն է, չեն շտապում հաշտվել այդ տխուր իրողության հետ, ու պաշտոնական կայքում ամեն ինչ հնի նման է: Բանն այն է, որ պատգամավորներ Արթուր Գեւորգյանն ու Արտակ Սարգսյանը հայտարարել էին ոչ միայն ԱԺ ՀՀԿ խմբակցությունից, այլեւ ՀՀԿ կուսակցությունից դուրս գալու մասին: Բայց ԱԺ կայքում նրանք ներկայացված են որպես ՀՀԿ-ականներ:
ՀԱՃՈՒՅՔՈՎ ԿԴԻՏԻ
Այս օրերին ընթանում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ առաջնությանը որ երկրի թիմին է երկրպագում եւ արդյոք հետեւելու է խաղերին: Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նշեց. «Վարչապետը երկրպագում է Հայաստանի ազգային հավաքականին, բայց քանի որ մեր հավաքականը չի մասնակցում առաջնությանը, պարոն Փաշինյանը մասնակից մյուս թիմերին հաջողություն է ցանկանում»: Ինչ վերաբերում է խաղերին հետեւելու հարցին, Եղոյանն ասաց. «Վարչապետը, հաշվի առնելով իր ծանրաբեռնվածությունը, շատ ժամանակ չի ունենա Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հետեւելու համար, բայց եթե, այնուամենայնիվ, շատ սակավ ազատ ժամանակը համընկնի առաջնության խաղերի հեռարձակման հետ, մեծ հաճույքով կդիտի»: