ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Արմեն Սարգսյանն իրեն վերապահել է լիազորություններ, որոնք, սակայն, չկան սահմանադրության մեջ:

Եւ այսպես, նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին, որը վարում են հանրապետության վարչապետն ու արտաքին գործերի նախարարը, եւ շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:
Սա, իհարկե, կարելի էր բնական հանդիպում եւ զարգացումների ընթացք համարել, եթե չլիներ ՀՀ նոր Սահմանադրությունը, որտեղ հստակ ամրագրված են թե՛ նախագահի, թե՛ վարչապետի, թե՛ կառավարության լիազորություններն արտաքին ոլորտում: Մասնավորապես, ՀՀ նախագահը, ըստ Սահմանադրության, արտաքին քաղաքականությունը որոշելու եւ իրականացնելու հետ կապված լիազորություններ չունի, առավել եւս մանդատ ղարաբաղյան հարցում առանցքային նշանակություն ունեցող խմբի հետ հանդիպման համար:
Սահմանադրության 132-րդ հոդվածը, որ վերնագրված է «Հանրապետության նախագահի լիազորություններն արտաքին քաղաքականության բնագավառում», այսպես է շարադրված.
Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով`
1) Կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր.
2) վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ հետ է կանչում օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին.
3) ընդունում է օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը եւ հետկանչագրերը:
Ինչպես տեսնում եք, Սահմանադրության համապատասխան հոդվածներում որեւէ բառ անգամ չկա նախագահի կողմից արտաքին քաղաքականություն վարելու մասին: Փոխարենը այդ լիազորությունը տրված է կառավարությանն ու վարչապետին:
Սահմանադրության 146-րդ հոդվածը սահմանում է կառավարության գործառույթները. «Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը»:
Մեկ փաստ եւս. ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածը, որ վերնագրված է «Օրինականության սկզբունքը», սահմանում է. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Ասել է թե՝ նախագահն իրավասու է կատարելու միայն Սահմանադրությամբ կամ օրենքներով իրեն վերապահված լիազորություններ եւ ոչինչ ավելին: Հակառակ դեպքում, նրա քայլը հակասահմանադրական է, հակաօրինական:
Թե ինչու է նախագահ Արմեն Սարգսյանը փորձում մտնել մի ոլորտ, որն իրենը չէ, պարզ չէ: Ավելի ճիշտ, մեզ համար պարզ է, եւ որքան էլ տարօրինակ հնչի, դավադրությունների տեսության ժանրից է: Հիշո՞ւմ եք Արմեն Սարգսյանի դժգոհությունները, թե մենք չունենք հավասարակշռված սահմանադրություն. «Մեր Սահմանադրությամբ հսկայական լիազորություններ են տրված կառավարությանն ու վարչապետին: Հայաստանում դա կոչում են «սուպերվարչապետություն», եւ պարոն Փաշինյանը առաջիններից էր խորհրդարանում, որ որպես ընդդիմության առաջնորդ քննադատում էր այս ամենը: Իրական իշխանությունը պետք է բալանսավորվի խորհրդարանի, կառավարության եւ նախագահի գրասենյակի միջեւ»,- հունիսի 2-ին Ամերիկայի ձանի հետ հարցազրույցում ասել էր նա: Ընդ որում՝ նման հայտարարություն էր արել այն Արմեն Սարգսյանը, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք, ընդհակառակը, փորձում էր հակառակն ապացուցել՝ ասելով՝ ինքը համաձայն չէ գնահատականների հետ, թե նոր սահմանադրությամբ նախագահը որոշիչ դերակատարում չունի:
Իսկ որ Արմեն Սարգսյանը մտնում է Սահմանադրությամբ իրեն չպատվիրակված ոլորտ, փաստում է պաշտոնական հաղորդագրությունը: Այդ հաղորդագրությունում ոչ մի խոսք չի ասվում նաեւ այն մասին, որ այդ հանդիպման համար նա լիազորություն է ստացել ՀՀ վարչապետից կամ առնվազն, որ հանդիպման նախաձեռնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին է : Զավեշտալի էր նաեւ կադրերում տեսնել դռան մուտքի մոտ թաքնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, որը չգիտես՝ ինչու եւ ինչ լիազորությամբ է մասնակցում այդ անհասկանալի հանդիպմանը: Չենք կարծում, որ լինել Արմեն Սարգսյանի հովանավորյալը եւ, փաստորեն, քաղաքականության իրականացնողը (ըստ ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրությունների՝ Զ. Մնացականյանի խոսքն ու քայլերը շատ ավելի մոտ են Արմեն Սարգսյանին կամ, ավելի ճիշտ, Էդվարդ Նալբանդյանին, քան գործող վարչապետին) բավարար է նման վարքագիծ որդեգրելու համար:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՆԺԴԵՀԻ ԱՐՁԱՆԸ ԿՆՎԻՐԱԲԵՐՎԻ
«Երեւան» հիմնադրամը, որտեղ քաղաքապետարանի հետ համատեղ տարիներ շարունակ եղած կոռուպցիոն սխեմաներով զբաղվում է ԱԱԾ-ն, որոշել է իր հաշվեկշռում գտնվող Գարեգին Նժդեհի արձանը նվիրաբերել համայնքապետարանին: «Երեւան» հիմնադրամի այս եւ այլ գույքը մայրաքաղաքին նվիրելու հարցը երեկ քննարկվել է ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Ըստ այդմ՝ ներկայացվել է գույքի նվիրատվության նախագիծ, ըստ որի՝ հիմնադրամը 2009 թ-ից իր միջոցների հաշվին Երեւանի կարիքների համար ձեռք բերված ավելի քան 527. 5 մլն դրամի արժողությամբ գույքը, այդ թվում վարչական շրջաններում տեղադրված խաղահրապարակները, մարզասարքերը, նվիրում է համայնքին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նվիրաբերվող գույքի ցանկում տեղ գտած իրերը ներկայացված են աստղաբաշխական արժողությամբ: Օրինակ՝ արհեստական եղեւնին ժամանակին ձեռք է բերվել 7,7 մլն դրամով, տոնական զարդարանքի լույսերը՝ 73.4 մլն դրամ, տոնական զարդարանք մեկ հրեշտակը՝ 457.6 մլն դրամով, տոնական զարդարանք երկու Պեգասը՝ 563 մլն դրամով, անգամ քաղաքապետարանի բրիֆինգների սրահի 1.6 մլն դրամանոց աթոռներն ու 250 հազարանոց մեկ բազկաթոռը, 9.5 մլն դրամանոց ձայնային համակարգն են եղել այս հիմնադրամինը եւ կրկին մեծ արժողությամբ: Բայց ամենաուշագրավն այն է, որ Գարեգին Նժդեհի հուշարձանը՝ 69 մլն 700 հազար դրամ արժողությամբ, եւս համարվել է «Երեւան» հիմնադրամի գույքը: Ափսոս, ավագանու նիստում ներկայացված չէին փաստաթղթեր այս հիմնադրամի մուտքերի մասին. այդ տվյալները պարունակող փաստաթղթերն ԱԱԾ-ն քրեական գործի շրջանակներում նախօրեին բռնագրավել էր:

 

 

ՌՈ ՊԵՏԸ ԿՀԵՌԱՆԱ՞
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հրաչյա Հարությունյանին՝ Կրակեմ Հրաչին, ազատեց ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից: Նկատենք, որ Հրաչյա Հարությունյանի հեռանալը նաեւ մյուս իրավապահ համակարգերում է ունեցել իր ազդեցությունը: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը հավաքել է իր ճամպրուկները, եւ չի բացառվում՝ առաջիկայում նա եւս լքի իր պաշտոնը: Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանը մինչ այդ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Հրաչյա Հարությունյանի տեղակալն էր:

 

 

ԲԱԽՏԸ ՉԲԵՐԵՑ
Դատարանների նախագահների նշանակման գործընթացը սկսվել է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի դատարանի նախագահ է ընտրվել Սամվել Գրիգորյանը, ասել է թե՝ Գրիգորյանը վերանշանակվել է, իսկ ահա նույնը չենք կարող ասել Տավուշի մարզի դատարանի նախագահի դեպքում. Սամվել Մարդանյանի բախտը չբերեց, եւ վերջինս չստացավ ԲԴԽ-ի հավանությունը եւ չընտրվեց դատարանի նախագահ: Նրա փոխարեն դատարանի նախագահ է ընտրվել Արման Կուրեխյանը:

 

 

ՊԵՏՔ ՉԷ ՇՓՈԹԵԼ
Ռուսաստանի արտգործնախարարի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի Մոսկվայում ծանոթության փաստը, հայտարարել է, որ ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը բանակցությունների ձեւաչափում չէր: Զախարովան նշել է, որ պետք չէ շփոթել ձեւաչափերը: «Գոյություն ունի երկրների ղեկավարների միջեւ շփում, որը ենթադրում է նաեւ բազմակողմ եւ երկկողմ շփում։ Եվ կա խնդիր, որը կարգավորման իր ձեւաչափն ունի»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ բարենպաստ մթնոլորտ ստեղծելը, իհարկե, միայն նպաստում է բանակցային գործընթացի առաջխաղացմանը։

 

 

ՀՀԿ-Ն՝ ԵՐԲԵՔ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը RT-ին տված հարցազրույցում խոսել է ՀՀԿ-ի հետ հարաբերությունների եւ կուսակցության` իշխանության հնարավոր վերադարձի մասին: «Պարոն Սարգսյանի հետ մենք հարեւանությամբ ենք ապրում, սակայն փաստացի որեւէ հարաբերություններ չունենք: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այն այլեւս մեծամասնություն չէ եւ նորմալ ընդդիմություն է»,-ասել է նա: Կուսակցության` իշխանության վերադարձի մասին Փաշինյանն ասել է, որ դա իրական չէ: «Նրանք երբեք քամբեքի հնարավորություն չեն ունենա: Կարող են լինել այլ կուսակցություններ, այլ ուժեր, որոնք կարող են հաղթել ընտրություններում, սակայն հանրապետականներն այլեւս երբեք հետ չեն գա։ Եվ դա, իհարկե, ինձանից չէ կախված, քանի որ ժողովուրդը նրանց երբեք չի ների»,- ասել է ՀՀ վարչապետը:

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵՑ
2019թ.-ի հունվարի 1-ից «Հարկային օրենսգրքի» փոփոխություններով նախատեսված է, որ շրջանառության հարկի շեմը 115 մլն դրամից կդառնա 58.35 մլն դրամ: Կառավարությունը մերժել է խորհրդարանի կողմից ներկայացված օրինագիծը, որով նախատեսվում է 115 մլն դրամը թողնել անփոփոխ։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջաղուզյանի խոսքով՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը կբերի բյուջեի եկամուտների նվազեցման: «Առաջարկվում է այս նախագիծը որոշակի տրամաբանությամբ եւ հիմնավորմամբ, սակայն մեր վերաբերմունքը հետեւյալն է, որ այն իր մեջ որոշակի առումով հակադրություններ է պարունակում կառավարության ծրագրային դրույթներից մեկի հետ, դա ստվերի դեմ պայքարն է։ Նախագծի ընդունումը կարող է հակադրվել ստվերային շրջանառությունների դեմ պայքարի շրջանակներում իրականացվող քաղաքականությանը»,- ասել է նախարարը։

 

ՀԵՌԱՑՎԵՑ
Վիգեն Սարգսյանը հեռացվել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: Նրան այս պաշտոնում փոխարինելու է Պնախարար Դավիթ Տոնոյանը:

 

 

ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նախօրեին տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի մրցունակությունը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի նոր համաձայնագրի համար: Նրանք քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր՝ ներառյալ ներդրումային եւ դրամաշնորհային ծրագրերի շարունակականությունը, հարկային եւ ենթակառուցվածքային համակարգերում խթաններ հաղորդելու անհրաժեշտությունը: ԱՄՆ դեսպանը կարեւորել է նաեւ Լիդիան-Արմենիա ընկերության՝ որպես միջազգային խոշոր ներդրումային ծրագրի գործունեության շարունակականությունը:




Լրահոս