ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԵՐԱԴԱՍՆԵՐԻՆ ՎԱՂՈՒՑ ԷՐ ԶԵԿՈՒՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 13-ին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում բացահայտել է չարաշահումներ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին. մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար:

Միաժամանակ դատախազի համաձայնությամբ` ՊԵԿ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաեւ ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաեւ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին աղմկահարույց այս գործի շրջանակներում նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես, ՊՆ-ում չարաշահումների այս պատմությունը բացահայտվել է 2017 թվականին, որին անգամ խառնվել է Սերժ Սարգսյանը:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը դեռեւս տարներ առաջ անձամբ է բացահայտել այս պատմությունը եւ խնդրի մասին տեղյակ պահել իր վերադասներին:
Օրինակ` զորամասերից մեկում պետք է կառուցվեր 10 քառակուսի մետր զինանոց, արդյունքում ՊՆ հատակցրել է համապատասխան շինարարական տեխնիկան զինոնցը պատրաստելու համար: 10 քառակուսի մետր զինանոցի փոխարեն կառուցվել են 9 քառակուսի մետր զինանոց, սակայն ՊՆ փաստաթղթերում ներկայացրել են, թե ամեն ինչ արել են օրենքի շրջանակներում: Ասել է թե` 1 քառակուսի մետրի համար նախատեսված քարը, շինանյութի համար հատկացված գումարը Ժֆ համապատասխան պաշտոնատար անձինք մեջ-մեջ են արել: Եվ ահա այս ամենը Աշոտ Գրիգորյանը զեկուցել է իր վերադասներին:
Ավելին` դեռեւս 2017 թվականին գործը հասել է Սերժ Սարգսյանին, եւ վերջինս, տեղեկանալով բանակում շինարարության ոլորտում առկա իրավիճակի մասին, պահանջել է, որպեսզի Աշոտ Գրիգորյանին տեղեկացնեն` անձամբ ներկայանա Բաղրամյան 26: Աշոտ Գրիգորյանը ներկայացել է Բաղրամյան 26, Սերժ Սարգսյանը բավական խիստ է խոսել նրա հետ: Ի դեպ, Գրիգորյանը դեռեւս ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի ժամանակներից է աշխատել ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչությունում: Նա Սերժ Սարգսյանին ներկայացնում է իրավիճակը` հայտնելով, որ ինքն է անձամբ բացահայտել խնդրի մասին, ինքն անձամբ իր վերադասներին հայտնել է կատարվածի մասին: Ինչեւէ, Սերժ Սարգսյանի հետ խոսակցությունը ավարտելուց հետո Աշոտ Գրիգորյանին ասում են` գնա եւ զբաղվի իր աշխատանքով:
Եվ ահա իշխանափոխությունից հետո աղմկահարույց գործին իրավապահները ընթացք են տվել, սակայն այստեղ ուշագրավն այն է, որ Աշոտ Գրիգորյանը ՊԵԿ քննչականում ցուցմունք տալու ժամանակ հայտնել է, որ ինքն անձամբ իր վերադասներին հայտնել է, որ կատարված չարաշահումները ինքն է բացահայտել եւ այդ մասին անձամբ տեղյակ է պահել իր վերադասներին: Չի բացառվում, որ նրա այս ցուցմունքն է հիմք դարձել, որ Պետական եկամուտների կոմիտեի քննչական բաժինը հարցաքննելու հանար ծանուցումներ է ուղարկել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում նաեւ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին:
Ի դեպ, այս աղմկահարույց բացահայտումը իշխանափոխությունից հետո վեր հանելը Պաշտպանության նախարարությունում պատահական չեն համարում: Ըստ ՊՆ-ում տարածված լուրերի` Աշոտ Գրիգորյանը եւ, առհասարակ, այս գործով մյուս մեղադրյալները քավության նոխազ են, եւ չի բացառվում, որ իրավապահ համակարգը, չարաշահումների այս դեպքին ընթացք տալով, փորձում է պատասխանատվության կանչել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` այս կերպ հնարավորինս զսպելով նրա ակտիվ գործունեությունը սպասվելիք խորհրդարանական ընտրություններին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՓՈՓՈԽՎԱԾ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Ինչպես նկատում ենք, դատարանները մեկը մյուսի հետեւից ազատ են արձակում քաղաքական ենթատեքստ ունեցող աղմկահարույց քրեական գործերով կալանքի տակ գտնվող մի խումբ անձանց: Մասնավորապես «Սասնա Ծռերի» գործով 9 հոգու դեպքում խափանման միջոցը փոխվել է, եւ կալանքից նրանք ազատ են արձակվել: Ժիրայր Սեֆիլյանի գործով ազատության մեջ է հայտնվել 6 անձ: «Սասնա Ծռերի» կողմից ՊՊԾ գունդը գրավելու հետեւանքով բախումներ էր եղել ոստիկանների եւ Սարի թաղի բնակիչների միջեւ, որի հետեւանքով կալանքի տակ էր հայտնվել 10 անձ: Հիմա նրանցից 7 անձ այս օրերին հայտնվել է ազատության մեջ: Երեկ ազատության մեջ հայտնվեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը եւ այսպես շարունակ: Նկատենք, որ մինչ թավշյա հեղափոխությունը վերոնշյալ անձանց ազատ արձակելու պաշտպանների բոլոր միջնորդությունները մեղադրող դատախազներն առարկում էին, դատարաններն էլ բնականաբար մերժում: Սակայն թավշյա հեղափոխությունից հետո վերոնշյալ գործերով դատարանները մեկը մյուսի հետեից ազատ են արձակում աղմկահարույց գործերի շրջանակներում կալանավորված անձանց: Ընդ որում` դատախազներն այլեւս չեն առարկում միջնորդություններին, այլ համաձայնում են:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչն է փոխվել դատախազների մոտ, որ նախկինի նման չեն առարկում աղմկահարույց գործերով մեղադրյալների ազատ արձակվելու միջնորդություններին, ինչո՞ւ են համաձայնում:
Ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց. «Ձեր կողմից նշված գործերով խափանման միջոցների վերաբերալ մեղադրողների դիրքորոշումները հստակ արտահայտվել են դատական նիստերի ժամանակ համապատասխան միջնորդությունների կապակցությամբ նրանց արտահայտված հիմնավորումներում: Ուզում եմ հիշեցնել նաեւ, որ դեռեւս այս տարվա մայիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀ դատախազության 2017թ. գործունեության մասին հաղորդման քննարկումների ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը սպառիչ կերպով անդրադարձել է այս խնդրին»:
Միայն թե, նկատենք, որ դատախազները որեւէ հիմնավոր փաստարկ այդպես էլ չեն ներկայացրել, ոչ էլ առանձնահատուկ պատճառաբանություն կար ՀՀ գլխավոր դատախազի խոսքերում: Ընդհակառակը, գնալով ավելի է հիմնավորվում տեսակետը, որ ժամանակին աղմկահարույց գործերը հարուցվել են, եւ մարդկանց կալանքի տակ են վերցվել հենց քաղաքական դրդապատճառներով, ու հիմա նույն քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով դատախազները միանգամայն այլ դիրքորոշում են ցուցաբերում: Եթե նրանք այս մասին խոստովանեին բացահայտ` մատնանշելով «քաղաքական իրավիճակի փոփոխություն» պատճառաբանությունը, կհասկանայինք: Հիմա չենք հասկանում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԲԱԲԱՅԱՆԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ
ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով դատավճիռը: Բաբայանն ու այս գործով մյուս մեղադրյալ Սանասար Գաբրիելյանն ազատ են արձակվել։ Նրանց նկատմամբ կիրառվել է պատգամավորների անձնական երաշխավորությունը: Երեկ դատարանը քննում էր պաշտպանական կողմի բերած բողոքը, որով վերջիններս պահանջում էին բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, եւ Բաբայանի եւ մյուսների խափանման միջոց կալանավորումը փոխել: Այսպիսով, դատարանը գործն ուղարկել է նոր քննության: Նշենք, որ Սամվել Բաբայանի եւ Սանասար Գաբրիելյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությամբ հանդես է եկել «Ծառուկյան» խմբակցության 13 պատգամավոր, ինչպես նաեւ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը եւ Հովիկ Աղազարյանը: Երեկ` ազատ արձակվելուց հետո, ՀԺ լրագրողի հարցին, թե, ի վերջո, ով է պատվիրատուն, Բաբայանը պատասխանել է. «Հայաստանում մի մարդ է պատվեր տալիս, 7 հոգի չի: Էդ կենդանին էլ, ինքը գիտի, որ կենդանի է, ինչ պատվեր է տվել, ինչ է արել»:

 

 

ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հարցաքննության կանչելուն եւ հայտարարությանը, թե ինքը պատշաճ ծանուցում չի ստացել, ասել է. «Ծանուցումը Սեյրան Օհանյանին ուղարկվել է հունիսի 12-13-ին, նա հայտարարել է, որ ծանուցում չի ստացել: Երկու տեղեկատվություններն էլ կարող են իրականություն լինել։ Հնարավոր է, որ ամսի 12-ին ուղարկված ծանուցումը պարոն Օհանյանը 13-ին դեռեւս ստացած չլինի: Օհանյանը կանչվել է հարցաքննության, եւ մոտակա օրերին օր ու ժամ է նշանակված: Կոնկրետ քրեական գործ կա հարուցված կոնկրետ կազմակերպության նկատմամբ, քանի որ պարոն Օհանյանի պաշտոնավարման ընթացքում է եղել, բնական է, որ Օհանյանը կանչվել է հարցաքննության»։ Ըստ նրա` «Երեւան» հիմնադրամը ստացված գումարների մասին ՊԵԿ-ին համապատասխան տեղեկատվություն չի ներկայացրել:

 

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցչի պարտականությունները կկատարի արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ սա ժամանակավոր նշանակում է: Նախարարի տեղեկացմամբ՝ ներկայում օրինագիծ են մշակում, որով նախատեսվում է, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը նշանակվելու է վարչապետի կողմից՝ արդարադատության նախարարի առաջարկությամբ։ Հիշեցնենք, որ մինչ այս Եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնում էր նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանը:

 

 

2900 ԼԻՏՐ ԲԵՆԶԻՆ
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ-առեւտրային կազմակերպության (ՊՈԱԿ) հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների համար նախատեսված 2 հազար 900 լիտր բենզինը յուրացնելու դեպքի բոլոր հանգամանքները։ Մասնավորապես՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին տրամադրված բենզինի եւ դիզվառելիքի դուրս գրման փաստաթղթերում ձեւական թվեր են նշվել վառելիքը աշխատակիցներին տրամադրելու վերաբերյալ, որի միջոցով քողարկվել է տնօրենի կողմից գերծախսված բենզինը եւ նախորդ ամիսների կուտակված պարտքերը»,-նշված է ՔԿ-ի գրության մեջ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։




Լրահոս