«ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ՝ ՈՎ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻ ԻՄ ՍԻՐՏԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է մի շարք ֆիլմերից, հեռուստասերիալներից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի արտիստուհի («Խաթաբալա» (Մարքրիտ), «Շառլ Ազնավուր եւ Պիաֆ» (Էդիտ Պիաֆ), «Չարենցի ուղղիչ տունը» (Մանիշակ), «Պաղդասար ախպար» (Մարթա) եւ այլն) Լուսինե Արշակյանի հետ:

-Լուսինե, տարիներ առաջ նկարահանվում էիք «Տնփեսա» սիթքոմում, որտեղ Ձեր եւ Մկրտիչ Արզումանյանի՝ Մկոյի խաղը շատ սիրվեց հեռուստադիտողների կողմից: Անուշավան պապը պարզապես սիրահարված էր իր մաքրուհուն, ինչպես ինքն էր նրան անվանում, «Էկլերիկ»-ին, եւ իրավիճակային հումորի պակաս չկար: Հնարավո՞ր է՝ կրկին համագործակցեք: Գուցե Ձեզ էլի տեսնենք որեւէ նախագծում:
-Մկոյի հետ կապը, իհարկե, պահում ենք, շատ սերտ հարաբերություններ ունենք, բայց չգիտեմ՝ միասին աշխատելու առիթ կրկին կընձեռվեն, թե ոչ: Մկոն էլ ասում է, որ մեր խաղը լավ է ստացվում, որ լրացնում ենք իրար: Մինչեւ հիմա սիթքոմի բարձրացրած ալիքը ակնհայտ է, եւ դա ուրախացնում է ինձ, թեեւ չէի սպասում նման արձագանքի: Եթե որեւէ ռեժիսոր կրկին ցանկանա տեսնել մեզ միասին, կարծում եմ՝ չենք հրաժարվի:
-Որքանով տեղյակ եմ՝ մասնավոր ստուդիայում ունեք Ձեր թատերական խմբակը: Երեխաների, պատանիների շրջանում ի՞նչ պոտենցիալ եք տեսնում եւ ո՞րն եք համարում Ձեր առաքելությունը՝ նրանց ապագայի կերտման հետ կապված:
-Այո՛, ունեմ իմ խմբակը 6-16 տարեկանների համար: Տեսեք՝ ինչ դիսոնանս կա այս տարիքային խմբերի միջեւ: Ամեն մեկին փորձում եմ անհատական մոտեցում ցուցաբերել: Ինձ հատկապես ուրախացնում է այն հանգամանքը, որ շնորհալի լինելուց զատ նրանք մարդ են մեծանում, միմյանց չեն նախանձում: Մեկին որ մի դեր եմ տալիս, մյուսը օգնության է հասնում: Երեխաներին եւ պատանիներին նախ պետք է սովորեցնել սիրել, սա է գլխավորը, եւ սրանից է բխում մնացած ամեն բան:
-2000թ-ից հանդես եք գալիս Երեւանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Այստեղ նոր դերեր ունե՞ք:
-Ո՛չ, իմ մասնակցությամբ վերջին ներկայացումը, որ հանձնեցինք հանդիսատեսի դատին, «Քարերը հավաքելու ժամանակն» էր: Ես այն անվանում եմ դարի ներկայացում: Շատ արդիական թեմաներ է արծարծում եւ ներկայացված է թարմ շնչով:
-Քչերը գիտեն, որ Դուք նաեւ երգչուհի եք, սովորել եք Երեւանի թատերական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանի բաժնում` Արթուր Գրիգորյանի արվեստանոցում: Հետաքրքիր է՝ երգչուհու կարիերա անու՞մ եք, նոր երգեր ունե՞ք:
-Այդպես հատուկ կարիերա չեմ անում, բայց երգում եմ, ներկայանում եմ տարբեր համերգների: Ի դեպ, վերջերս երգահան Վահե Հայրապետյանը, ով նախկինում ինձ համար երգեր է գրել, ասաց, որ նորություն ունի: Կարծես թե էլի նոր երգ է հեղինակել: Տեսնենք՝ ինչ կստացվի:
-Լուսինե, Ձեր թույլտվությամբ Ձեր ընտանեկան կարգավիճակի մասին կցանկանայի խոսենք: Գիտեմ, որ որդի ունեք: Կպատմե՞ք նրա մասին:
-Այո՛, տասը տարեկան տղա ունեմ: Նա հատուկ սեր ունի բնագիտական առարկաների հանդեպ, եւ դա ուրախացնում է ինձ: Լավ է, որ իմ ոլորտի հանդեպ անտարբեր է (ծիծաղում է), թեպետ նա նկարահանվել է «Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմում: Պետք է անկեղծ լինեմ եւ ասեմ, որ ես նրանից շատ բան սովորեցի: Երբ նկարահանման հրապարակում էր, այնքան ճիշտ էր իրեն պահում, որ ինձ հարցնում էին՝ նախօրոք պարապել եմ որդուս հետ, թե ոչ: Բայց ես նույնիսկ սցենարին ծանոթ չէի: Ինչ վերաբերում է ընտանեկան կարգավիճակիս, ասեմ, որ ամուսնալուծված եմ: Այս պահին ամբողջովին նվիրվել եմ որդուս եւ առանձնապես չեմ մտածում անձնականի մասին: Եթե անկեղծ՝ չեմ պատկերացնում՝ ով պետք է լինի այն տղամարդը, որը կկարողանա գրավել իմ սիրտը: Ես բնավորությամբ շատ թեթեւ եմ, բաց, բայց անձնական կյանքում չափազանց բծախնդիր եմ եւ խիստ: Հիմա իմ մտքերն ամբողջովին ուղղված են որդուս կողմը, ուզում եմ նրան արժանապատիվ եւ պատասխանատու մարդ ու մասնագետ մեծացնել: Աստված առաջ:

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

 

«ՓՈՐՁՎԱԾ ՏԱԿԱՆՔՆ ԱՆՓՈՐՁ ԱԶՆԻՎԻՑ ԼԱ՞Վ Է»

«Իրավիճակի փոփոխությունը, որը գրանցվեց մեր երկրում երկու ամիս առաջ, այսօր խորացման փուլում է: Այս փուլում, իհարկե, կնկատվեն երերումներ. չէ՞ որ մարդիկ պատրաստ չէին այն դժվարին աշխատանքին, որը պետք էր անել հեղափոխությունից հետո: Ու թեեւ տարբեր տեսակետների հորձանուտում ենք, կա մեկ ընդհանուր տրամադրվածություն՝ նվաճածի նշաձողը պահելու միտումը: Անշուշտ, դժվար փուլ է, քանի որ մի բան է հեղափոխություն անելը, մեկ այլ բան՝ դրանից հետո ապրելը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասան Աշոտ Ադամյանը:

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի թիվ մեկ թշնամին հանրության այն անգրագետ զանգվածն է, որը կարող է առանց ուղեղը բանեցնելու այս կամ այն կողմ նետվել. «Սա բոլոր ժամանակների ամենավտանգավոր տեսակն է: Բացի այդ՝ մարդիկ սովոր չեն օրինական կյանքով ապրել: Արժանապատվության եւ օրինապահության բեռն ավելի ծանր է, քան ստրկության բեռը: Պետք է կարողանաս ինքդ քո մեջ կոտրել ներքին ագահին եւ էգոիստին: Եթե օրենքի ծանրությանը դիմանանք, դա կբերի հասարակության բարօրության»,-մեկնաբանեց դերասանը:
Նա շեշտեց՝ կարեւոր չէ, թե այս պահին ինչ է խոսվում, կարեւորն այն է, թե ով է խոսողը. «Մենք տեսնում ենք, թե շարմազանովները ինչ հետաքրքիր եւ ազատատենչ տեքստեր են արտասանում: Բայց հո գիտենք նրանց ով լինելը»,-ասաց պարոն Ադամյանը:
Ինչ վերաբերում է նոր կառավարության անդամներին եւ նրանց հասցեին ուղղված այն քննադատությանը, թե վերջիններս անփորձ են, դերասանը նկատեց. «Իսկ փորձված տականքն անփորձ ազնիվից լա՞վ է: Այստեղ երկընտրանքի հարց չկա. պետք է սատարել այս իշխանությանը, իսկ եթե նա հանկարծ հանցագործ գտնվեց, ցույց կտանք իր տեղը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս