Արմավիրի մարզի Արշալույս գյուղում մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են: Գյուղացիները պահանջում են գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը: Նշենք, որ Արշալույսը Մանվել Գրիգորյանի հայրենի գյուղն է, իսկ գյուղապետն էլ վերջինիս եղբոր որդին, սակայն նրանց միջև շփում չկա:
Նշենք, որ Արշալույսն ունի 3100 ընտրող: Երեկ ևս Արշալույսում բողոքի ակցիա էր, որին մոտ 50 մարդ էր մասնակցում: Ցույցի ժամանակ նրանք տարբեր մեղադրանքներ հնչեցրեցին գյուղապետի հասցեին՝ խոսելով նաև վախի մթնոլորտի մասին: Այս և այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հետ:
–Պարո՛ն Գրիգորյան, երեկ գյուղացիները պահանջում էին Ձեր հրաժարականը՝ մեղադրանքներ հնչեցնելով Ձեր հասցեին: Օրինակ, նրանցից Սիմոն Աբրահամյանը Ձեզ մեղադրում էր անձամբ իրեն թալանելու մեջ՝ ասելով, թե իր անասուններն եք տարել: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ուրեմն 90-ականներին ինքն իմ հորեղբոր՝ Սամվել Գրիգորյանի հետ աշխատելուց է եղել: Իմ հորեղբոր մահանալուց հետո իմ տատը Սիմոն Աբրահամյանի հետ, ով աշխատելուց է եղել շուկայում, իրենց ասելով կանչել է նրան, պայմանավորվել են, որ Սամվելի բաժինը պետք է տրվի: Իրենց պատմելով այդ գումարը տվել են Սամվելի կնոջը: Ես այդ ժամանակ եղել եմ Ղարաբաղում` վիրավորված: Որ Սիմոնն ինձ մեղադրում է իր անասունները տանելու մեջ, չի եղել նման բան: Հետո մանկապարտեզի մասին են խոսում, թե իրենք են մանկապարտեզը սարքել, 70 մլն տվել, ապա ասեմ, որ մանկապարտեզի համար 188 մլն դրամ իմ եղբոր՝ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի միջնորդությամբ սոցներդրումներից է բերվել, 14 մլն դրամ էլ մեր համայնքի բյուջեից է դրվել և դրա շնորհիվ ունենք մանկապարտեզ և 110 երեխա հաճախող:
-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Հրաչ Հովսեփյանը Ձեզ մեղադրում է, որ դարձել եք գյուղապետ և, իր խոսքով ասած, ձեռք եք դրել դպրոցի բյուջեի վրա, քարտեր եք վերցրել:
– Ես 2008 թվականին, երբ ընտրվել եմ Արշալույս համայնքի ղեկավար, իմ առաջին ուղղությունը եղել է մեր դպրոցը՝ 500-ից ավելի աշակերտ է եղել: Մեր դպրոցը բուֆետ չի ունեցել, չի ունեցել տուալետ, չի եղել խմելու ջուր: Այսօր ունի արդեն:
-Նա նաև ասել է, թե հարկ ու տուրք է վճարվում, բայց Դուք դրանով ավտոմեքենա եք գնում, ջերմոց սարքում:
-Ես Hammer ավտոմեքենան ունեցել եմ մինչև իմ գյուղապետ դառնալը՝ 2007 թվականին: Ես աշխատող մարդ եմ, 1997 թվականից հողեր եմ մշակել, ցորեն էլ եմ ցանել, այգի էլ ունեցել: Ես մինչև համայնքի ղեկավար դառնալը ունեցել եմ այդ ավտոմեքենան, մինչև հիմա էլ կա: Իսկ ինչ վերաբերում է ջերմոցներին, ես որ դրանք սարքել եմ, ՓՄՁ-ից 50 մլն վարկ եմ ստացել, դրանից հետո էլ ընթացքում այլ վարկեր էլ եմ վերցրել տարբեր բանկերից: Մեր գյուղում ջերմոցային տնտեսությունները շատ են, այնպես որ ջերմոց ունեցողը պետք է պարտադիր գյուղապետ լինի, կամ ուրեմն ինքը մեծահարուստ է: Հենց իր տղան էլ կողքի գյուղում ջերմոց ունի: Բոլորն էլ ունեն ջերմոց, դա նորություն չէ, զարմանք չէ: Այո, ես հիմա էլ ջերմոց ունեմ, այգի էլ, ես աշխատող մարդ եմ, հողագործությամբ զբաղվել եմ ամեն օր, ամեն ժամ՝ 1997 թվականից սկսած:
-Ցույցին ներկա Վիրաբ Մարտիրոսյանն էլ իր խոսքում նշեց, թե Դուք 300 հազար դրամ հարկ եք ուզել, ինչի պատճառով Զաքար Գևորգյանն Արշալույսից հեռացել է Էջմիածին: Այս մեղադրանքներին ինչպե՞ս կարձագանքեք:
-Վիրաբ Մարտիրոսյանը խոսում է ատամնաբույժ Զաքարի մասին, բայց ես այս պատմությունից ընդհանրապես տեղյակ չեմ: Ես Զաքարի հետ ընդհանրապես չեմ խոսել այդ թեմայի մասին:
-Ցուցարարները նշում են, թե Արշալույսում վախի մթնոլորտ է առկա, դրա համար էլ Ձեր հրաժարականը պահանջողներն այդքան քիչ են, չեն գալիս ցույցի՝ հենց վախից դրդված:
-Այսօրվա մեր Արշալույսում վախի մթնոլորտ չկա: 2008 թվականից դա չկա, առավել ևս իմ կողմից: Ես 2008 թվականից հետո երեք անգամ եմ ընտրվել: Առաջին անգամ եղել է Ավետիսյան Գագիկը` իմ մրցակիցը, երկրորդ անգամ եղել է նախկին գյուղապետ, 18 տարի աշխատած Գրիգորյան Գրիգորը, երրորդ անգամ էլ իմ մրցակիցը եղել է 35 տարի ոստիկանությունում աշխատած, գնդապետ Աշոտ Սարգսյանը: Ինչպես տեսնում եք՝ երեք անգամն էլ ես եմ ընտրվել: Իմ աշխատանքի արդյունքը երևում է հենց ընտրվելուց: Երեք անգամն էլ ես ունեցել եմ դեմ մարդիկ, հիմնականում նրանք նույն մարդիկ են: Չեմ ուզում ավել բան ասել, սակայն 2008 թվականից իմ դեմ հանդես են գալիս Մանվել Գրիգորյանի կողմնակիցները, մինչև հիմա էլ այդպես է, նույն մարդիկ են: Բայց հիմա նրանք արդեն այսօրվա հեղափոխությունն են մեջբերում, անուններ են տալիս, հերյուրանքներ են անում: Եթե հետ գանք նույն Սիմոն Աբրահամյանին, ապա նա 2008 թվականին ինձ ձայն է տվել, 2012 թվականին ինձ ձայն է տվել, մենք իրար հետ մոտ ենք եղել և մեր գյուղից 80 տոկոսի հետ ես մոտ եմ: Իմ հնարավորության սահմաններում որքան կարողացել եմ ձեռք եմ բռնել իմ գյուղացուն, հիմա էլ որքան կարողանամ օգնելու եմ:
-Դուք կհանդիպե՞ք գյուղացիներին:
-Ես իրենց ամեն օր էլ տեսնում եմ: Կան մարդիկ, ում չեմ էլ ճանաչում, բայց եկել գյուղապետի հրաժարականն են պահանջում: Ես բոլորին օգտակար եմ եղել, չկա այնպիսի մարդ, ում ես չեմ օգնել: Հունիսի 26-ին իմ նախաձեռնությամբ կհանդիպեմ բոլորի հետ և բոլոր հարցերին պատրաստ եմ պատասխանել:
– Ձեր հետագա քայլերը որո՞նք կլինեն:
-Ես դիմել եմ մեր փաստաբանին՝ Ղևոնդ Պապիկյանին, այս հարցերի վերաբերյալ՝ արդարությունը տեսնելու, հասկանալու համար: Մենք դիմելու ենք դատարան՝ զրպարտությունը հերքելու պահանջով: Զրպարտելու համար պետք է ինձնից ներողություն խնդրեն:
Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը