
Հունիսի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի հետ:
Շնորհավորելով գործընկերոջը բարեկամ Վրաստանի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը հաջողություն մաղթեց Դավիդ Զալկալիանիին իր կարևոր առաքելությունում և վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ։
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և շնորհավորանքի համար՝ Վրաստանի նորանշանակ արտգործնախարարը նշեց, որ բարձր է գնահատում այն հարաբերությունները, որոնք պատմականորեն ձևավորվել են մեր երկու ժողովուրդների և պետությունների միջև։
Անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցելությանը՝ կողմերն ընդգծեցին, որ այդ այցը և դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ամուր հիմք են ստեղծում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման համար։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ։