Հունիսի 17-ին «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունն արտահերթ համագումար հրավիրեց, որտեղ ներկա էին կուսակցության Գյումրու կառույցի ներկայացուցիչները, ինչպես նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: «Ալյանս»-ը որոշում կայացրեց միանալու ԲՀԿ-ին: Որոշումը կայացվեց բաց քվեարկությամբ եւ ընդունվեց միաձայն: Հատկանշական է, որ համագումարին ներկա չէր «Ալյանս»-ի հիմնադիր Տիգրան Ուրիխանյանը, որը նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր է: Խնդիրն այն է, որ կուսակցության ներկայացուցիչները զայրացած են Ուրիխանյանի վրա, ով 2016 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո խզել է կապը կուսակցության անդամների մեծամասնության հետ, իսկ նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո` նաեւ «Ալյանս»-ի վարչության անդամների հետ: Ուրիխանյանը հատկապես ՏԻՄ ընտրությունների ժամանակ մի շարք անձանց աշխատեցրել է իր կուսակցական շահի համար, սակայն հետո չի վճարել: Վերջին մեկ տարվա ընթացքում գործիչը նաեւ հարկ չի համարել շփվելու կուսակիցների հետ, չի պատասխանել նաեւ տարբեր խնդիրներով իրեն դիմող քաղաքացիներին: Ալյանսի շուրջ առկա այս եւ այլ խնդիրների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Ալյանս» կուսակցության արդեն նախկին վարչության անդամ Ռոբերտ Մանուկյանի հետ:
-Պարո՛ն Մանուկյան, ի՞նչ իրավիճակ է եղել «Ալյանս» կուսակցության ներսում, որոշում կայացվեց թողնելու այս ուժը:
-2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրություններից հետո մենք այլեւս չենք տեսել գրասենյակ, կուսակցությունում աշխատանք չի վարվել, վայր չի եղել անգամ, որտեղ մենք կարող էինք գնալ եւ ինչ-որ հարցեր քննարկել կամ մասնակցել նիստերին:
-Ինչո՞ւ այժմ որոշում կայացվեց միանալու ԲՀԿ-ին:
-Փոխվում են մարդկանց կարծիքները, գալիս են նոր իրողություններ: Եվ ինչու որոշեցինք միանալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որովհետեւ դա այն ուժն է, որն իր շուրջը միավորում է արդարությամբ եւ ազնվությամբ լցված մարդկանց: Ցասում է մեր մեջ եղել, եւ այն ընդվզումը, որ մեր երկրում տեղի ունեցավ վերջին ամիսներին, մեր թիմն ամբողջությամբ մասնակցում էր: Եվ շատ ոգեւորիչ էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Ծառուկյան» դաշինքը նույնպես միացան համաժողովրդական շարժմանը: Դա ստիպեց մեզ գնալ այդ քայլին, բացի այդ` ժամանակն էր, որ մեկս մեկի հանդեպ լինենք արդար եւ ազնիվ, «Ալյանս»-ի ամբողջ թիմը սկսեց փնտրել մեզ, բարձրացնել տարբեր հարցեր, որոնց հիմքում դրված էին տարբեր խոստումներ: Դա աշխատանքի վարձատրությունների դիմաց էր, կամ կատարեք սա, կունենաք սա: Եվ տարրական խնդրանքներ, որոնցով մարդիկ դիմել են, պատասխան են ստացել Ուրիխանյանից, որ դիմում գրեք իմ անունով: Այն օրը մի կին պատմեց, որ հարցրել է` ինչու չի հասել իմ դիմում-նամակը, Ուրիխանյանը պատասխանել է` քո նման գիտես ինչքան դիմում-նամակ գրող կա, դարակումս լիքն է: Ժողովուրդն է այսօր բարձրացնում այդ խնդիրներն, իսկ այսօր ժողովրդի հետ պետք է բոլորը հաշվի նստեն, քանզի վերջին իրադարձություններին բոլորս համոզվեցինք, որ ո՛չ փողը, ո՛չ իշխանություն ունենալը դեր չի խաղում այլեւս: Այլեւս կա ժողովրդավարական երկիր: Եկեք լինենք ազնիվ, պարզ, եկեք մեզ մաքրենք այդ բոլոր հարցերում: Եթե կան խնդիրներ, պարզ ճակատով հանդիպենք ժողովրդին, ինչպես ես հանդիպել եմ այս ժողովրդին: «Ալյանս»-ի ժողովուրդը մեծամասամբ բարձրացնում է վարձատրության հետ կապված խնդիրներ, որ կատարել են շատ մեծ աշխատանք, բայց չեն ստացել գումար:
-Ի՞նչ է պատճառաբանել Տիգրան Ուրիխանյանը, որ չի կատարել այդ բոլոր խոստումները:
-Ժողովուրդն ինձ փոխանցել է, որ բազմիցս դիմել են, հաղորդագրություն են գրել Տ. Ուրիխանյանին, զանգահարել են, սակայն ոչ մի կերպ չեն կարողացել իր հետ կապվել: Եղել են մարդիկ, որոնք կապվել են քարտուղարության հետ, իրենք ասել են` մենք ոչ մեկին ոչ մի բան, ոչ խոսք ենք տվել, ոչ պարտք ենք: Եվ դա ավելի է զայրույթի աստիճանը բարձրացրել այս մարդկանց:
-Ցանկացած ընտրական գործընթացի մասնակցության համար գումար է անհրաժեշտ: Տեղեկություն ունենք, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 60 մլն դրամ է տրամադրել Ուրիխանյանին ընտրությունների ժամանակ, սակայն նա գումարի մեծ մասը յուրացրել է եւ մի փոքր հատվածը ծախսել:
-Այսպես ասեմ` ես ոչ անձամբ տեսել եմ դա, ոչ էլ լսել եմ: Ես ուղղակի լսել եմ ժողովրդից, նրանցից յուրաքանչյուրն իրեն խոստացված գումարի հարցն է բարձրացնում: Բայց կոնկրետ այդ հարցով իրավասու չեմ պատասխանելու, քանի որ ոչ այնտեղ եղել եմ, ոչ էլ լսել եմ:
-Որպես վարչության անդամ` կարո՞ղ եք ասել` ապրիլյան եւ ՏԻՄ ընտրություններին ինչպես են գումարները բաշխվել:
-Չեմ կարող ասել, քանզի ես գումարների եւ ծախսային մասի հետ բացարձակ կապ չեմ ունեցել: Ես վարչության նիստերին մասնակցել եմ քաղաքական որոշումներ կայացնելու հարցերի համար: Գրասենյակներ, գովազդներ, պաստառներ, մարդկանց հաց ու ջուր, այս ծախսերն են, բնականաբար: Թե ինչ գումարներ են ծախսվել, չեմ կարող ասել, քանի որ եղել են մարդիկ, ովքեր վարել են այդ հաշվապահությունը: «Ալյանս» կուսակցությունը եւ Տիգրան Ուրիխանյանը, օրենքի մարդ լինելով, պետք է պահպանած լինեն օրենքի ողջ խստությունը:
-Իսկ այն, որ ընտրություններից հետո կուսակցության գրասենյակները միանգամից փակվել են, առանց վարչության անդամներին տեղեկացնելո՞ւ է արվել:
-Մենք տեղյակ չենք եղել: Միգուցե վարչության որոշ անդամներ տեղյակ եղած լինեն:
-Ստացվում է` այլեւս որեւէ իմաստ չե՞ք տեսնում «Ալյանս»-ի հետ կապված որեւէ աշխատանք կատարելու:
-Բացարձակ ո՛չ: Մենք մեր որոշումը կայացրել ենք:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ՀԱՍՑԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում դժվար է հիշել երկու-երեք օր, որ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, գլխավոր դատախազությունը կամ իրավապահ մյուս կառույցները կոռուպցիոն բացահայտումների մասին հաղորդագրություն չտարածեին: Գրեթե ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում նորանոր բացահայտումերի, այն էլ բոլոր ոլորտներում՝ կրթություն, ոստիկանություն, զինված ուժեր, տեղական ինքնակառավարման մարմիններ, տրանսպորտ եւ այլն: Ականատես ենք լինում, թե ինչպես են չարաշահել բյուջեի միջոցները, վատնել, յուրացրել:
Երեկ էլ հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է պաշտպանության նախարարության N զորամասում վառելիքի հափշտակության դեպք: Մեղադրանք է առաջադրվել զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալին:Ըստ պաշտոնական հաղորդագրության` «Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը, կոչումով մայոր, 2017թ. սեպտեմբերից 2018թ. հունվարն ընկած ժամանակահատվածում զորամասի նյութատեխնիկական ապահովման դասակի հաշվեկշռում գտնվող «ՈւՐԱԼ-375» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենայի երթուղիների վերաբերյալ կազմել է կեղծ փաստաթուղթ հանդիսացող ուղեգրեր, ինչի արդյունքում իր ենթակայության տակ գտնվող զորամասի նյութական ապահովման հաշվեկշռից դուրս է գրել զգալի չափերով բենզին եւ յուրացրել»:
Շաբաթ օրն էլ պարզվել էր, որ ռազմական ոստիկանության աշխատակիցներն են կաշառք վերցնելու հերթական դեպքը բացահայտել: Մասնավորապես, N զորամասի հրամանատար փոխգնդապետ Գ.Ն-ն նույն զորամասի տարածքում գործող «Զինառ ՓԲԸ-ի» խանութ-թեյարանի գործունեությանը չխոչընդոտելու համար Հ.Օ-ից, որպես կաշառք, տարբեր ժամանակահատվածում պահանջել եւ ստացել է խոշոր չափի գումար: 2018թ-ի հունիսի 15-ին հերթական անգամ Հ.Օ-ն Գ.Ն-ին կաշառք տալիս, ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից Գ.Ն-ն իր աշխատասենյակում գումարը վերցնելու պահին բռնվել է:
Ի դեպ, եթե չեք մոռացել, 2017թ. սեպտեմբերից 2018թ. հունվարն ընկած ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարը Վիգեն Սարգսյանն էր, նույն Վիգեն Սարգսյանը, որ ՀՀԿ ԳՄ անդամ է, Աժ ընտրություններում գլխավորում էր ՀՀԿ ցուցակը, ներմուծեց բոլորի աշխատավարձից բանակի համար հազարական դրամ պահելու հայտնի որոշումը: Եւ այս դեպքերի համար առաջին հերթին պատասխանատվություն է կրում նաեւ Վիգեն Սարգսյանը՝ որպես ՊՆ ղեկավար:
Ա. ԳԱԼՈՅԱՆ
ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԳՍՏԱՑՐԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան հանդիպել է կուսակիցներից մի քանիսին ու քննարկել իրենց խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումները: Մասնավորապես, Սարգսյանն իր կուսակիցներին հավաստիացրել է, թե ինքը եւս զարմացած է եւ վստահեցրել, թե տեղյակ չի եղել Գրիգորյանին վերագրվող արարքից: Ս. Սարգսյանն ասել է, թե չէր ուզենա հավատալ, որ այս ամենը ճիշտ է, բայց եւ նշել է, թե տեսած կադրերն այլ բանի մասին են վկայում: Այդ հանդիպման ժամանակ էլ քննարկվել է ՀՀԿ երեկվա հայտարարության տեքստը, որտեղ նշված էր, որ եթե հաստատվի մեղքը, Գրիգորյանը պետք է պատասխան տա: ՀՀԿ-ում երեկ ներքին կարգով համաձայնություն է կայացվել, որ խմբակցության պատգամավորները պետք է կողմ քվեարկեն գեներալ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը: Նշենք, որ այսօր առավոտյան` մինչեւ ԱԺ նիստի մեկնարկը, նախատեսված է ՀՀԿ խմբակցության նիստը:
ԴԱՏԱՐԱՆՈՎ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանի անվան հետ կապվող ընկերությունը ընկել է դատարանի դռները: Խոսքը «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի մասին է: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունը դիմել է դատարան եւ «Մելանյան Գեւորգյան» ԱՁ-ից պահանջել 275 հազար դրամ, «Հապար» ՍՊԸ-ից` 275 հազար դրամ, «Շուշանիկ Հարությունյան» ԱՁ-ից՝ 275 հազար դրամ: Ըստ էության, այդ ընկերությունը ապրանք է մատակարարել, սակայն գումարը չեն վճարել, եւ հիմա այլ բան չի մնացել, քան փողը դատական ճանապարհով ստանալը:
ԸՆԿԱԾ ԳՈՒՄԱՐ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ
Մինչ ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկում է համատիրությունները լուծարելու մասին որոշման նախագիծը, այդ ընթացքում համատիրության աշխատակիցները ընկել են շենքերով եւ գումարներ են հավաքում: «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչները եւ հետաքրքրվում են՝ համատիրության աշխատողներին վճարեն անհրաժեշտ գումարները, թե ոչ: «Ի՞նչ անենք, մուծե՞նք, թե՞ չմուծենք: Առանց այն էլ ոչինչ չեն անում, ավելորդ գումար ենք տալիս: Փորձում են արագ-արագ գումարները հավաքել»,- վրդովված նկատեց Աբովյանի 4-րդ միկրոշրջանի բնակիչներից մեկը: Ավելին` համատիրության աշխատողները նրանց «համոզում են», որ համատիրությունները լուծարելու մասին տեղեկությունները միֆ են, եւ պարտադրում են գումարները վճարել: Բնակիչների պատմելով` համատիրության աշխատակիցները զգուշացնում են, որ առաջիկայում ծառայությունների գները բարձրանալու են: Սակայն ինչպես հայտնի է, որոշման նախագիծը դեռ քննարկման փուլում է, եւ մինչ այն շրջանառության մեջ դնելը համատիրությունները կշարունակեն աշխատել այնպես, ինչպես նախկինում, իսկ բնակիչները կկատարեն իրենց պարտավորությունները: