ՀԱՆԴՈՒԳՆ ԿՈՒՏԱԿՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երեկ քննարկվեց նաեւ ՀՀ Ազգային ժողովում, ընդ որում` դահլիճում ներկա էր ընդամենը 15 պատգամավոր:

Ինչպես հայտնի է, ներկայումս պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը. 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը` անձի օգտին պետությունը: Բայց կառավարության նախագծով առաջարկվում է այդ 10 տոկոսի ձեւավորման այլ մեխանիզմ: Ըստ նախագծի` այս տարվա հուլիսի 1-ից 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները պետք է իրենց եկամուտների 2.5 տոկոսը փոխանցեն այդ համակարգին օրենքով սահմանված 5 տոկոսի փոխարեն: Իսկ համավճարի 7,5 տոկոսը կվճարի պետությունը: Օրինակ, եթե 200 հազար դրամ աշխատավարձի դեպքում անձը կատարում է 10 հազար դրամ սոցիալական վճար, իսկ պետությունն իր հերթին ավելացնում էր եւս 10 հազար դրամ, ապա այս նոր նախագծի համաձայն` անձը կվճարի 5000 դրամ (2,5 տոկոսը), իսկ պետությունը` 15 հազար դրամ (7,5 տոկոսը):
Նշենք, որ այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 մլրդ դրամ, որի 7 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ: Ըստ գործադիրի` այս գործընթացն անցել է անդառնալիության կետը, եւ տվյալ խնդրի շուրջ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել այն ռիսկերը, որոնք կարճաժամկետ եւ երկարաժամկետ առումով կարող են աղետալի հետեւանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար, ինչպես նաեւ այն դրական արդյունքը, որը կարող է ունենալ համակարգի ամբողջական ներդրմամբ:
Պատահական չէ, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Սինոփսիս Արմենիա» ընկերություն այցի ժամանակ, անդրադառնալով այս թեմային, հայտարարեց. «Մենք ժառանգել ենք իրավիճակ, երբ հուլիսի 1-ից ուժի մեջ էր մտնում այդ օրենքը: Մենք քիչ ժամանակ ունեինք որեւէ բան անելու համար: Մեր լուծումը ոչ թե մեր ընդհանուր մոտեցումն է, այլ արտահայտում է նպատակ, խնդիրը բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությամբ պետք է քննարկվի»:
Նա նաեւ բացատրել է, թե ինչու նոր կառավարությունը չգնաց օրենքը հետաձգելու ճանապարհով: «Քանի որ «Իմ քայլը» շարժման սկզբունքներից մեկը` համերաշխությունը, կարող էր խախտվել: Այն 207 հազար մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով արդեն կուտակայինի համակարգի մեջ էին, ստացվում է, որ նրանց պետք է ասեինք` մենք ձեզ ոչնչով չենք կարող օգնել: Այդպես կխախտեինք նրանց հանդեպ համերաշխության սկզբունքը: Բայց մենք այսպես ժամանակ ենք խնայում, որպեսզի հանդարտ կերպով խնդիրը քննարկենք եւ հասնենք համաձայնեցված որոշումների»,- հայտարարել է վարչապետը:
Միայն թե կառավարության նոր որոշման նախագիծը մտահոգություններ է առաջացրել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի մոտ: Նա իր այդ մտահոգություններով կիսվեց Հաշվապահների ուսուցման միջազգային կենտրոնում այս թեմայի շուրջ կազմակերպված քննարկմանը: Այսպես, ըստ Բագրատյանի` կառավարությունը որոշել է ՀՀ բյուջեի մոտ 5-6 տոկոսը (տարեկան առնվազն 60 մլրդ դրամ) 45 տարով (միջին հաշվով մի քիչ պակաս) դուրս հանել երկրից հետագայում այսօրվա երիտասարդների բարօրությունը ապահովելու համար:
«Զարգացման մեր մակարդակում, երբ մասնավոր սպառումը հաճախ գերազանցում է ՀՆԱ-ն, նման հանդուգն կուտակում կատարելը տրամաբանական չէ: Մենք թաղված ենք միջնաժամկետ եւ միջին երկարաժամկետ (համենայնդեպս 45 տարուց պակաս) պարտքերի մեջ: Բայց արի ու տես, որ երկարաժամկետ պարտք ենք տալիս: Կուտակային կոչվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ սոցիալական ինստիտուտ: Մենք պետք է փորձ ունենանք, չենք կարող կանգնել, գլխներիցս մի բան մոգոնել մանավանդ Հայաստանի նման փոքր պետությունում: Այսպիսի ունիկալ անհեթեթություն մենք իրավունք չունենք թույլ տալ»,- հայտարարեց Բագրատյանը:
Տնտեսագետի հաշվարկներով` եթե բյուջեից 25 մլրդ դրամ փող էինք տալիս, ապա առաջիկայում տալու ենք 60 մլրդ դրամ. «Դա 120 մլն դոլար է: Իսկ 120 մլն դոլարը ճիշտ այնքան է, ինչքան մենք 2 մլրդ դոլար պարտք վերցնեինք ու սպասարկեինք: Ստացվում է, որ կառավարությունը օրեր առաջ 2 մլրդ դոլար պարտք, իր վրա 2 մլրդ դոլարի պարտավորություն վերցրեց»:
Հրանտ Բագրատյանի խոսքերով` ՀՀ այսօրվա բյուջեն հիմնականում պետական ոլորտում զբաղվածների աշխատավարձն է ու կենսաթոշակները: Իսկ երբ բյուջեից 5-6 տոկոս հանվում է, ապա հարաբերականորեն իջնում է այդ մարդկանց աշխատավարձը կամ թոշակը: Ստացվում է, որ այսօրվա թոշակառուներից փողը կտրում ենք վաղվա թոշակառուների համար (որոնք այսօր աշխատում են): Սա անթույլատրելի է: Սովորաբար աշխատողներն են պահում չաշխատողներին: Արդյոք սա պոպուլիստական նվեր չէ հեղափոխություն արած ջահելությանը: Ինչու ենք հաճոյանում ջահելներին: Բա տարիքավորնե՞րը (30-ից բարձրերը), բա ծերե՞րը: Էլ ու՞ր մնաց սերունդների համերաշխությունը: Մենք նրանց իրար դե՞մ ենք հանում: Սա խնդրի առաջին թնջուկն է»,- նկատեց նա:
Իսկ ահա խնդրի երկրորդ թնջուկը, ըստ նրա, ժամկետն է` 45 տարին: «Փողը դուրս է տարվում 45 տարով: Եթե այսօր ենք սկսում 45 տարով, աստիճանաբար մտցնում ենք 18 տարեկաններին, այդքան տարիներում կծախսենք 5.5 մլրդ դոլար, բայց նշված գումարը ամբողջությամբ մենք կստանանք 77 տարի հետո: Բայց մյուս կողմից, ներդրվում է միջնաժամկետ արժեթղթերում (մինչեւ 10 տարի) կամ էլ միջին երկարաժամկետներում (մինչեւ 20 տարի): Այդ դեպքում ի՞նչու ենք 45 տարով տալիս: Ի՞նչու չենք կապիտալիզացնում յուրաքանչյուր 10 կամ 20 տարին մեկ»,- հետաքրքրվեց տնտեսագետը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԳՈՆԵ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ ԿՏԱՅԻՆ

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի զինվորներին օգնություններ են ուղարկվել նաեւ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավան եւ Չորաթան գյուղերի միջնակարգ դպրոցներից, սակայն դրանք վերջերս հայտնաբերվել են Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում ԱԱԾ-ի կատարած խուզարկության ժամանակ:

Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավանի դպրոցի տնօրեն Ռուբիկ Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ իրենք աշակերտներին չեն պարտադրել գումարներ հանգանակել, մի քանի դասարանների աշակերտներ այդ նպատակով նվիրաբերել են 300-ական, դպրոցի ուսուցիչները՝ 500-1000-ական դրամ, այդ գումարով Բերդ քաղաքում կիսագուլպա, շապիկներ, սիգարետ, դեղորայք, ատամի մածուկ, խոզանակ, խտացրած կաթ են գնել: Տնօրենի վկայությամբ` Վերին Ծաղկավանից, Պառավաքարից եւ Վարագավանից հանգանակված օգնությունը հավաքվել է Վարագավան գյուղում, որտեղից ավտոմեքենայով տեղափոխվել է, սակայն չգիտեն, թե ուր: Ադրբեջանին սահմանակից Չորաթանի միջնակարգ դպրոցի տնօրեն Վազգեն Զարգարյանն այդ կրթօջախը ղեկավարում է 2011 թվականից: Նա հայտնեց, որ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցի աշակերտները, վերջիններիս ծնողները խանութներից թխվածքաբլիթ, թեյ, մակարոնեղեն եւ այլ շուտ չփչացող սննդամթերք են գնել: Չորաթանի դպրոցի ուսուցիչները Արցախի զինվորների համար ծխախոտ են գնել, եւ այդ ամբողջ օգնությունը դպրոցի տնօրենն իր անձնական օգտագործման ավոտոմեքենայով տեղափոխել է Բերդ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոց: Դպրոցի տնօրենը չգիտի, թե այդտեղից ուր է ուղարկվել Արցախի զինվորների համար նախատեսված սննդամթերքն ու ծխախոտը: Նա ասաց, որ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ Չորաթանի բնակիչները գյուղի սահմանագիծը պաշտպանող զինվորների հետ եղել են Չորաթան գյուղի առաջնագծում, եւ եթե իրենք իմանային, որ Արցախի պաշտպանների համար նախատեսված օգնությունն այլ տեղ կուղարկվեր, ապա իրենք այդ օգնությունը կտրամադրեին հայրենի Չորաթանի պաշտպաններին: Վ. Զարգարյանը հայտնեց, որ իրավապահները մի քանի օր առաջ իրեն Իջեւան քաղաքում հարցեր են ուղղել Չորաթանում հանգանակված, հետո Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում հայտնված օգնության վերաբերյալ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱԹ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են տնտեսվարողների հետոլորտային քննարկումները: Երեկ հերթական հանդիպումն է տեղի ունեցել կաթնամթերքի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հետ: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ներկայացնելով խնդիրները, ընդգծել է հատկապես փոքր, միջին եւ խոշոր բիզնեսի միջեւ փաստաթղթաշրջանառության կարգավորման հարցը: «Հետեւողական միջոցառումներ են իրականացվելու բիզնեսի բոլոր օղակներում` ձեռքբերումների եւ իրացումների մասով սահմանված կարգով փաստաթղթաշրջանառությունը լիարժեք ապահովելու ուղղությամբ»,- ընդգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը: ՊԵԿ-ը տնտեսվարողներին հորդորում է ապրանքներն առաքել բացառապես հարկային հաշիվներով կամ հաշվարկային փաստաթղթերով:
«Ապրանքների տեղափոխումը կամ վաճառքն առանց փաստաթղթերի իրականացնելու ժամանակ կիրառվում է օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում կազմված վարչական ակտը, այսինքն` տուգանքը: Հակառակ վարքագիծը խոսում է իրացման շրջանառությունները հետագայում թաքցնելու մտադրության մասին»,- վստահեցրել է նա:
Հիշեցնենք, որ կաթի մթերման գնից դժգոհող գյուղացիների խոսքով` վերջին երկու ամիսների ընթացքում կաթի մթերման մեկ լիտրի գինը վերամշակող ընկերությունները 60 դրամով նվազեցրել են` 200 դրամից դարձնելով 140 դրամ: Նրանք կառավարությունից պահանջում են վերահսկել կաթի մթերման գները:




Լրահոս