ԸՕ-Ի ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇՈՒՏՈՎ ԿՍԿՍՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել, որի համաձայն կստեղծվի վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով: Որոշման համաձայն` մշակվելու եւ վարչապետին է ներկայացվելու ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը, ապահովվելու է հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկումը:

Հանձնաժողովը ղեկավարելու է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, իսկ քարտուղարը լինելու է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, այս օրերին զբաղված էր Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու, մշակելու աշխատանքով: Իսկ Արարատ Միրզոյանին վարչապետի կողմից լիազորություն է տրված ԸՕ բարեփոխումների շուրջ քննարկումներ կազմակերպել Ազգային ժողովում ներկայացված, ինչպես նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, ներգրավել նրանց հանձնաժողովի աշխատանքներում: Հայտարարություն տարածվեց նաեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից: Ասվում էր, որ ԱԺ-ում ներկայացված 4 խմբակցությունները պատրաստակամ են սկսել քննարկումներ ԸՕ փոփոխությունների շուրջ, ձեւավորել աշխատանքային խումբ: Քննարկումներին յուրաքանչյուր խմբակցությունից մասնակցելու է երեքական պատգամավոր: ՀՀԿ-ից նրանք են լինելու Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը եւ Վիգեն Սարգսյանը, «Ծառուկյան» խմբակցությունից` Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը եւ Գեւորգ Պետրոսյանը, «Ելք»-ից` Էդմոն Մարուքյանը, Լենա Նազարյանը եւ Գրիգորի Դոխոյանը, իսկ ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը եւ Լուսինե Հովհաննիսյանը: Նշենք, որ հավանաբար եկող շաբաթ կսկսվի ԸՕ առաջին նախագծի շուրջ քննարկումը: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը Դանիել Իոաննիսյանից պարզել է ԸՕ-ում կատարված փոփոխությունների վերաբերյալ մանրամասները եւ այլ հարցեր:
-Պարո՛ն Իոաննիսյան, Ընտրական օրենսգրքի շուրջ ի՞նչ կերպ են քննարկումներն ընթանալու, երբ կառավարության կողմից մի աշխատանքային խումբ է ստեղծվում, իսկ ԱԺ խմբակցությունների կողմից` մեկ այլ:
-Ես կարծում եմ, որ իրենք քննարկելու են մեր առաջարկած նախագիծը:
-ԱԺ հայտարարության մեջ նշված է, որ խումբը պատրաստակամ է համագործակցել կառավարության աշխատանքային խմբի լիազոր ներկայացուցիչների հետ:
-Իհարկե: Նախ խորհրդարանն ընդունող մարմին է, երկրորդը` խորհրդարանը ցանկանում է համագործակցել, եւ կառավարությունն ուզի, չուզի` պետք է համագործակցի: Բայց պետք է ասեմ, որ Ընտրական օրենսգրքի նախագծում անգամ մեկ տառ գրելուց առաջ մենք քննարկումների ենք կանչել բոլոր հիմնական դերակատարներին, քիչ թե շատ ծանրակշիռ կուսակցություններին:
-Սակայն ՀՀԿ-ն այդպես էլ չմասնակցեց այդ քննարկումներին:
-Հանրապետականը հրաժարվեց, իսկ մնացած բոլորի հետ մենք ունեցել ենք քննարկումներ, գաղափարների, մտքերի փոխանակություն: Եվ ոչ միայն կուսակցությունների, այլեւ դիտորդական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների եւ այլն: Եվ եթե Հանրապետականը չէր ուզում քննարկել, ես իրենց զգուշացրել էի, որ նախագիծն առանց իրենց հետ քննարկելու էլ կպատրաստվի: Իրենք, փաստորեն, կողմ են նախագծի` միայն խորհրդարանական ձեւաչափով քննարկմանը: Ես, իհարկե, կուզեի նաեւ ՀՀԿ-ի կարծիքը լսել: Բայց մենք գրում ենք, եւ ես հուսով եմ, որ դա լինելու է նախագիծ, որը կունենա հանրության լայն շերտերի սատարումը: Իսկ Հանրապետական կուսակցությունը չի ներկայացնում հանրության ծանրակշիռ զանգվածը: Իսկ այժմ ԱԺ աշխատանքային խմբի հետ պատրաստ ենք քննարկումների, որեւէ խնդիր չկա:
-Նախագծում ի՞նչ փոփոխություններ են տեղ գտել:
-Փոփոխությունները շատ են լինելու: Նախ տեխնիկական բազմաթիվ փոփոխություններ են լինելու, որոնք Ընտրական օրենսգիրքը կհարմարեցնի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Երկրորդը` կապահովենք, որպեսզի ընտրությունները լինեն մրցակցային եւ մրցակցությունը լինի գաղափարների, ծրագրերի, ոչ թե դրամապանակների:
-Իսկ վարկանշային ընտրակարգը հանվա՞ծ է:
-Նախատեսվում է հանել:
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթին ԱԺ լրատվության վարչությունից էլ փոխանցեցին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի տեսակետը: Ըստ այդմ` ԱԺ-ում ձեւավորված աշխատանքային խումբը պատրաստ է կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպել եւ սկսել քննարկումների շարքը: Առաջիկա հանդիպումներին կքննարկվեն ձեւաչափը եւ այլ մանրամասներ: Ինչ մնում է վարկանշային համակարգին, նշվում է, որ այդ մասին խմբակցությունների ներկայացուցիչները պետք է արտահայտվեն: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն, ընդհանուր առմամբ, հակված չէր ԸՕ-ից վարկանշային ընտրակարգը հանելու տարբերակին, սակայն չի բացառվում, որ քննարկումների արդյունքում այլ բան որոշվի:

 

 

ԵՐԲ ԴԵՄ ԸԼԼԱԼՈՎ ՆՈՐԻՑ ԿՈՂՄ ԷԻՆ ՔՎԵԱՐԿՈՒՄ

Հուլիսի 1-ից նախատեսվում է կուտակային կենսաթոշակային համակարգը դարձնել պարտադիր: Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 78 կողմ, 2 դեմ եւ 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նիստին ներկա ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները կողմ են քվեարկել` բացառությամբ նիստին ներկա Միհրան Պողոսյանի եւ Արթուր Գեւորգյանի: Երկու պատգամավորներն էլ դեմ էին քվեարկել: «Ծառուկյան» դաշինքից Գեւորգ Պետրոսյանը չի քվեարկել: Բայց «Ծառուկյան» խմբակցության՝ նիստին ներկա մյուս պատգամավորները, նաեւ «Ելք» խմբակցությունը ՀՀԿ-ի հետ համատեղ կողմ քվեարկեցին: ՀՅԴ-ն ամբողջությամբ ձեռնպահ էր: Եվ սա այն դեպքում, երբ Դաշնակցության ներկայացուցիչները մշտապես դեմ են հանդես եկել պարտադիր կուտակային համակարգին: Հունիսի 11-ի կառավարության նիստում այս հարցով անգամ բանավեճ եղավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի միջեւ: Իսկ ՀՅԴ մեկ այլ ներկայացուցիչ` պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ասել էր, որ իրենք հասնելու են նրան, որ պարտադիր կուտակային բաղադրիչը հանվի: Ավելին` երեկ ՀՅԴ-ն հանդես է եկել ծավալուն վերլուծությամբ հիմնավորելու պարտադիր կուտակային կեսաթոշակային համակարգի անընդունելի լինելը: Միգուցե նրանք դեմ չքվեարկեցին, քանի որ Փաշինյանի կառավարության կազմում են եւ փորձել են գործընկերներին չնեղացնել: Բայց եթե, այնուամենայնիվ, ՀՅԴ-ն իրեն ինքնուրույն, խիստ սկզբունքային ուժ է համարում, ապա պետք է դեմ քվեարկեր կամ առնվազն չմասնակցեր քվեարկությանը:
Միաժամանակ, մեղմ ասած, անհասկանալի էր «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների կողմ քվեարկելը: Որքան էլ «Ծառուկյան» խմբակցությունը փորձեց պարզաբանել, թե սկզբունքորեն դեմ են, բայց կողմ են քվեարկում հետագայում կառավարության հետ քննարկելու հեռանկարով, մինեւնույն է, մի տեսակ չընկալվեց: Չընկալվեց նաեւ «Ելք»-ի դիրքորոշումը, առավել եւս, երբ այդ խմբակցության պատգամավորների մի մասը հանրությանը հայտնի դարձավ հենց «Դեմ եմ» շարժումից պարտադիր կուտակային կենսաթոշային համակարգի դեմ պայքարի շրջանակներում:
Ավելի ընդունելի կլիներ, եթե նրանք խոստովանեին, որ կողմ են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Միաժամանակ, ընդունելի կլիներ, եթե քաղաքական ուժերն ազնիվ գտնվեին ու բացատրեին հանրությանը, որ այլեւս կուտակային կենսաթոշակային համակարգն անդառնալի է ու պետք է կիրառվի: Իսկ եթե դեմ են, ապա միգուցե ճիշտ կլինի նաեւ լքեն այն կառավարությունը, որը հիմա պաշտպանում է կուտակային կենսաթոշակային համակարգը:

Նյութերը` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

 

 

ԱՌԱՆՑ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ
Ինչպես հայտնի է, «Ծառուկյան» դաշինքի մի քանի պատգամավորներ վերջին օրերին երաշխավորություն ներկայացրին Արցախի հերոս Սամվել Բաբայանի, ինչպես նաեւ «Սասնա ծռեր» խմբի մի քանի անդամների խափանման միջոցը փոխելու եւ կալանքից ազատելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանից փորձել է պարզել, թե ինչու մինչեւ այդ իրենք հանդես չէին գալիս երաշխավորությամբ: «Նախկին իշխանության օրոք այդ անձանց դեպքերը որակավորվել էին որպես քրեական հանցագործություններ, եւ այդ դեպքում բավական դժվար էր երաշխավորություն ներկայացնել, երկրորդը` այդ մարդիկ նախկինում չէին դիմել մեզ, որպեսզի մենք կարողանանք մեր աջակցությունը ցուցաբերել: Այս դեպքում, երբ այլեւս չկա հովանավորչություն, դատական համակարգի նկատմամբ ճնշումներ չկան, այդ մարդիկ առավել համոզված են իրենց պայքարի արդարացիության մեջ, եւ ճիշտ կլինի, որ իրենք կարողանան ազատ աշխատել եւ ապացուցել իրենց ոչ հանցագործ լինելը»,- ասաց նա:

 

 

ԹԱՔՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ
2016 թվականի մայիսի 30-ի գիշերը ձերբակալվել են ՀՀ ՊՆ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության պետ գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը եւ Մհեր Պապյանը: Վերջիններս կասկածվում էին պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Սակայն նկատենք, որ վերոնշյալ պաշտոնյաներից ամբաստանյալի աթոռին հայտնվեց միայն գնդապետ Արմեն Մարգարյանը: Իսկ ահա գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս ամենի բացահայտումից որոշ ժամանակ անց նշանակվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի խորհրդական: Ասել է թե` ՊՆ-ում ավանդույթ է դարձել աղմկահարույց պատմությունների մեջ հայտնված պաշտոնյաներին հրապարակավ համակարգից հեռացնելը` այդ կերպ հասարակությանը ցույց տալով, թե պատժել են, բայց ավելի ուշ համակարգ վերադարձնելն ու նոր պաշտոնի նշանակելը:

 

 

ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ
ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետարանի աշխատանքը պարալիզացված է: Բանն այն է, որ քաղաքապետարանի ավագանու վերջին նիստերը տեղի չեն ունենում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ավագանու անդամների մի մասը վերջին նիստերին բացակայում են: Ավագանու դաշնակցական անդամ Խորեն Քոչարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ տեղյակ չէ, թե ինչու անդամները չեն ներկայանում ավագանու նիստերին: Բայց ավագանու անդամների` նիստերին չներկայանալը այլ պատճառներ ունի: Ըստ արտաշատցիների` ավագանու անդամների նիստերին չներկայանալը արհեստական է եւ նպատակ ունի բոյկոտել քաղաքապետի գործունեությունը: Արտաշատում լուրեր են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում հնարավոր է ՀՀԿ-ական Կարեն Բենիամինյանին փոխարինի ԲՀԿ-ականը:




Լրահոս