ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ՍԱԲՈՏԱԺ Է ԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ աշխարհի բոլոր երկրների արտաքին գերատեսչությունների հիմնական գործառույթներից մեկը միջազգային ասպարեզում այդ երկրի իմիջի եւ հեղինակության բարձրացումն է: Ընդ որում, կան երկրներ, որոնք այդ նպատակով ծրագրված ահռելի գումարներ եւ հնարավորություններ են ծախսում: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ մեր հարեւան Ադրբեջանն այս առումով ամենաակտիվներից է եւ սեփական երկրի վարկանիշը բարձրացնելու, նաեւ ԼՂ խնդիրը ցանկալի տեսքով ներկայացնելու համար ոչինչ չի խնայում` ի տարբերություն Հայաստանի, որի նախկին իշխանությունները գերադասում էին գումարները յուրացնել, իսկ եթե ծախսել, ապա շատ փոքր մասը:

Բայց թավշյա հեղափոխության ընթացքում եւ դրանից հետո Հայաստանն, անկախ ԱԳՆ կամքից եւ հակառակի ուղղությամբ կոնկրետ գործողություններից, միջազգային ասպարեզում հայտնվել է ճանաչվածության գագաթնակետին: Եւ Հայաստանը դրան հասել է առանց փող ծախսելու: Հիմա ՀՀ գործադիր իշխանության համար հրամայական է՝ այդ ճանաչվածությունն ու դրական իմիջը ոչ միայն պահպանելը, այլեւ բարձրացնելը: Եվ պատահական չէ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Մնացականյանին ներկայացնելիս նրա առջեւ հենց նման խնդիր էր դրել: «Պարոն Մնացականյանին նախարարի պաշտոնը առաջարկելու մոտիվացիան եղել է հետեւյալը. ապահովել քաղաքական փոփոխությունների սահունությունն արտաքին գործերի նախարարության եւ դիվանագիտական կորպուսի համար: Կարծում եմ՝ առաջիկայում պետք է լրջորեն աշխատենք, որովհետեւ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կան լրջագույն հարցեր, որոնք կարեւոր եւ կենսական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար: Այդ հարցերի նկատմամբ մեր դիրքորոշումից է կախված Հայաստանի բնականոն զարգացումը, անվտանգությունը եւ միջազգային հեղինակությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ներկայում Հայաստանի միջազգային հեղինակությունը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա եւ այն լավ հնարավորություն է վերածելու արտաքին քաղաքական ձեռքբերումների: Եվ ի՞նչ պետք է անի քո երկրի արտաքին գործերի նախարարությունն այս իրավիճակում: Պետք է նախ հենց իրենք` նախարարի, փոխնախարարների մակարդակով, ձեռնամուխ լինեին Նոր Հայաստանի «գովազդմանը» եւ շրջաբերական նամակ ուղարկեին բոլոր երկրների ՀՀ դեսպաններին՝ հստակ նախանշելով թեմաները, որոնց մասին նրանք պետք է խոսեին իրենց հանդիպումներում, ներկայացնեին Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսության ազատականացումն ու հավասար պայմանների ստեղծումը, մենաշնորհների դեմ անհաշտ պայքարը, թավշյա հեղափոխության արդյունքները: Զոհրաբ Մնացականյանն այդպես չի վարվել, համենայնդեպս արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում առկա հանդիպումների եւ ելույթների բաժնում որեւէ դրական խոսք Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին չկա, իսկ այն, որ որեւէ դեսպանություն իր հանդիպումներում չի խոսում Հայաստանում դրական գործընթացների մասին, վկայում է, որ հանձնարարական/շրջաբերականը չի գնացել:
Իհարկե բոլորն էլ գիտեն, թե Հայաստանում ինչ է կատարվում, սակայն Զ. Մնացականյանը` որպես ԱԳ նախարար, պարտավոր է դա անընդհատ ասել: Շեշտելով Հայաստանի տարբերությունը Ադրբեջանից` առաջին հերթին հենց անվտանգության խնդիր է, եւ սա չի կարող չհասկանալ ՀՀ ԱԳ նախարարը:
Զոհրաբ Մնացականյանի քայլերը, վարած քաղաքականությունը հասկանալու համար բավական է ուսումնասիրել նրա կենսագրական տվյալները, որից պարզ է դառնում, որ նա նախկին իշխանության եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կադրն է, որը անմնացորդ, հավատարիմ ծառայել է նաեւ Սերժ Սարգսյանին: Պատահական չէր, որ ՀՀ նախագահի հետ միասին Զ. Մնացականյանը հանդիպում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այն դեպքում, երբ ՀՀ նախագահը նոր Սահմանադրությամբ բանակցություններ վարելու մանդատ չունի: Այսինքն՝ Արմեն Սարգսյանը փորձում է մտնել Փաշինյանին վերապահված ոլորտ, եւ Մնացականյանը նրան այդ առումով ուղեկցում է: Սա էլ հետեւանք է այն բանի, որ Մնացականյանն իր աշխատանքային բարձրունքների համար պարտական է Արմեն Սարգսյանին: Նա է եղել 1993-1997թթ. Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղարը: Իսկ այդ ժամանակ Բրիտանիայում ՀՀ դեսպանը Արմեն Սարգսյանն էր: Մնացականյանը 1997թ. եղել է ՀՀ վարչապետի օգնականը՝ Արմեն Սարգսյան վարչապետի օգնականը: Այսինքն, ստացվում է, որ նրա քաղաքական ուղին հարթել է հենց Արմեն Սարգսյանը, որը հիմա Հայաստանում իր լիազորություններն է փորձում ընդլայնել: Ավելին` Մնացականյանը 2008-2011 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչը: Դա հենց այն թվականներն էին, երբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերահողովը Հայաստանի հանդեպ չորս բանաձեւ ընդունեց ` մարտի 1-ի դեպքերից հետո: Եվ այդ ողջ ընթացքում Մնացականյանն ու ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը կռիվ էին տալիս ԵԽԽՎ-ում ապացուցելու համար, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, կան սովորական հանցագործներ՝ զանգվածային անկարգության կազմակերպիչներ: Եւ հիշում եք` մարտի 1-ի գործի շրջանակներում քաղբանտարկյալի կարգավիճակում էր նաեւ Նիկոլ Փաշինյանը: Ու հիմա այնպիսի տպավորություն է, որ պրն Մնացականյանը մնացել է հենց այն Հայաստանում: Այդ առումով դեռ պետք է հասկանանք, թե նա ինչ է խոսում Բրյուսելում եւ ինչպիսի Հայաստան ներկայացնում:
Հ.Գ. Հայաստանի անվտանգության, հեղինակության բարձրացման շահերից է բխում պրոակտիվ, կասեինք գերակտիվ արտաքին քաղաքականությունը հենց այս փուլում: Այն պայմաններում, երբ վարչապետը հատուկ ուշադրություն դարձրեց ՌԴ-ի հետ հարաբերությունների ամրապնդմանը, այցելեց Վրաստան, ՀՀ ԱԳՆ պետք է նախաձեռներ վարչապետի այցեր ԵՄ, Եվրոպական խորհրդարան, ԵԽԽՎ, եվրոպական մայրաքաղաքներ, ԱՄՆ: Ամեն տեղ Ն. Փաշինյանը գրկաբաց կընդունվեր: Բայց արի ու տես, մեր դեսպանությունները նույնիսկ իրենց պարզ քայլերը չեն անում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԸՆՏՐԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին: ՀՀ Ընտրական օրենսգրքի 122-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարի ե՛ւ հերթական, ե՛ւ արտահերթ ընտրություններն անցկացվում են ԸՕ-ով սահմանված օրերին, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար սույն հոդվածով սահմանված ժամկետները: Իսկ ղեկավարի եւ ավագանու անդամների հերթական օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է ԿԸՀ-ն: 2018 թվականին ՏԻՄ օրեր են նշանակվել մարտի 11-ը, հունիսի 10-ը եւ հոկտեմբերի 21-ը: Այսինքն, առաջիկա ընտրությունները տեղի կունենան ոչ շուտ, քան հոկտեմբերի 21-ը, քանի որ մայիսի 11-ը եւ հունիսի 10-ն անցել են: Հավելենք, որ նախօրեին տեղի է ունեցել ավագանու նիստ, որի ժամանակ կազմվել է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն:

 

 

ԿՍՏԱՆԱ
Հունիսի 16-ին ԱԱԾ-ն բերման ենթարկեց եւ ձերբակալեց ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Արդեն հունիսի 6-ին ԱԺ-ն իր համաձայնությունը տվեց Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ անազատության մեջ պահելու միջնորդությանը: Չնայած սրան` Գրիգորյանը շարունակում է մնալ ԱԺ պատգամավոր ու շարունակելու է ստանալ պատգամավորական աշխատավարձը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն այս առթիվ նշեց. «Եթե անհարգելի են բացակայություններն, այդ դեպքում է աշխատավարձից պահում արվում: Պետք է, որ վճարվի Մանվել Գրիգորյանի աշխատավարձը, քանի որ նա շարունակում է մնալ պատգամավոր: Իրեն մեղադրանք է առաջադրված, սակայն դեռեւս մեղքը հաստատված չէ»:

 

 

ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պարզվում է, Հայոց բանակում մեկ տարի է ծառայել, չնայած, ինչպես գիտեք, ժամկետային զինծառայությունը երկու տարի է տեւում։ Ըստ պաշտոնական կենսագրության՝ նա 2015-2016 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես բուժծառայության լեյտենանտ։ «Ժողովուրդ» օրաթերթը նախարարի մամուլի խոսնակ Լիաննա Եղիազարյանից հետաքրքրվեց, թե ինչու է նախարարը մեկ տարի ծառայել բանակում, եւ ինչպես է ստացվել, որ նա այդ կարճ ժամանակահատվածում հասցրել է ստանալ լեյտենանտի կոչում: «Կոչում ստացել է Երեւանի պետական բժշկական համալսարանն ավարտելուց հետո, ինչպես նորմալ ընթացակարգն է։ Նախարարը պարտադիր զինվորական ծառայությունից չի խուսափել, բայց վաղաժամ զորացրվել է՝ առողջական խնդիրների պատճառով»,- տեղեկացրեց խոսնակը: Փաստորեն, ՀՀ առողջապահության նախարարն ինքն է առողջական խնդիրներ ունեցել ու ստիպված եղել զորացրվելու:

 

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԵԼ ԵՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Արթուր Գեւորգյանը երեկ խորհրդարանում ուշագրավ հայտարարություն է արել: Նախ լրագրողների հարցին` ձեր աները` նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, միջնորդել է, որ Դոն Պիպոն Հայաստանից հեռանա, դուք ինֆորմացիա ունեցե՞լ եք այդ մասին, պատասխանեց. «Ժամանակին Գասպարյանի աղջիկն իմ կինը չէր»: Հարցին` ասում են, որ առանց վերեւների իմացության հնարավոր չէր, որ նա ուտեր, Գեւորգյանը պատասխանել է. «Շատերն են մեղքերի տակ, ասեմ ավելին` Մանվել Գրիգորյանն իր կոռուպցիոն դրսեւորումներով երեւի էս երկրի հարյուրյակի մեջ էլ չի մտնում: Հիմա ունեցել են բռնելու թույլտվություն, բռնել են: Այն ժամանակ չեն ունեցել, չեն բռնել»,- ասաց Գեւորգյանը` պնդելով` տեղեկատվությանն, ամեն դեպքում, իրավապահները տիրապետել են:

 

 

71 ՔՐԳՈՐԾ
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության վերահսկողության ներքո քննչական մարմինների վարույթում համայնքապետերի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու, եւ այլ հանցագործությունների վերաբերյալ քննվում է 71 քրեական գործ: Պատճառված վնասը կազմում է 74.437.600 ՀՀ դրամ, որից ներկա դրությամբ նախաքննության ընթացքում վերականգնվել է 25.560.000 ՀՀ դրամը:

 

 

ԱՌԱՆՑ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է. «Չեխովի անվան դպրոցը չունի տարրական հանրակրթական ծրագրի արտոնագիր, կամ ինչպես են «օլիգարխ» դպրոցները հայտնվել մրցակցային լավ պայմաններում: Սիրելի՛ ծնողներ, Ձեր երեխաներին առաջին դասարան տանելիս դպրոցի տնօրեններից անպայման հարցրեք, թե արդյոք ունեն արտոնագիր կրթական գործընթաց կազմակերպելու համար: Ներկայում ստուգվում են արտոնագրերը, ու պարզվում է, որ կան այդպիսիք, որ առանց թույլատրելու աշակերտներ են ընդունում»:




Լրահոս