Գիշերային ակումբում տեղի ունեցած դանակահարության մանրամասները. կասկածյալի ինքնությունը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ գիշերային ակումբի մոտ երկու քաղաքացու դանակահարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2018 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 07:00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Հ.Վարդանյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր, ձախ ազդրի և աջ ազդրի կտրած վնասվածքներ, աջ հետորովայնամզային կտրած ռևիզիա, աջ երիկամի վնասվածք, կարում» ախտորոշմամբ, և Յ.Փուրթոյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող վիրավորում» ախտորոշմամբ: Պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գործող գիշերային ակումբներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Դեպքի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 1-ին մասով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է 9 մմ տրամաչափի 1 հատ պարկուճ, արնանման հետքեր և այլ իրեր: Հ.Վարդանյանը և Յ.Փուրթոյանը ճանաչվել են տուժող, սակայն չեն հարցաքննվել, քանի որ ի վիճակի չեն եղել ցուցմունք տալ։ Առգրավվել են դեպքի պահին նրանց հագին եղած հագուստները:

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ։

Նախնական տվյալներով՝ գիշերային ակումբի մոտ մի խումբ անձինք վիճաբանել են կենցաղային հարցերի շուրջ, քաշքշել միմյանց, որի ժամանակ մեկը դանակով հարվածել է Հ.Վարդանյանին և Յ.Փուրթոյանին, իսկ մեկ այլ մասնակից գազային ատրճանակով կրակոց է արձակել։

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել գազային ատրճանակը։ Նույն օրը՝ հունիսի 23-ին, ինքնակամ ներկայացել է նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձը և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ժամանակ կասկածյալը ներկայացրել է երկու անձանց դանակահարելու դեպքի հանգամանքները, մատնացույց է արել դանակի գտնվելու վայրը, որտեղից այն հայտնաբերվել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս