ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը 7-7.5 տոկոսադրույքով և 20 տոկոս կանխավճարով հիփոթեքային վարկեր է կանխատեսում երիտասարդ ընտանիքների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետը սոցցանցի իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտնեց, որ կշարունակվի և նոր թափ կստանա «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը: «Մեծ է հավանականությունը, որ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով մենք կունենանք 7-7.5 տոկոսանոց հիփոթեքային վարկեր, և բավականին մեծ ծավալով կիրականացնենք այս ծրագիրը: Հույս ունենք ամեն տարվա հետ այդ ծրագիրն ավելի կմեծանա»,- ասաց վարչապետը:

Վարչապետը նաև հայտարարեց, որ կանխատեսում են, որ կնվազի նաև հիփոթեքային վարկերի կանխավճարի չափը: Նա մանրամասնեց, որ երիտասարդ ընտանիքների դեպքում մեծ է հավանականությունը, որ կանխավճարի չափը ներկայիս 30 տոկոսից կնվազի և կդառնա 20 տոկոս:

Նիկոլ Փաշինյանն խոսեց նաև «Մատչելի բնակարան զինծառայողներին» ծրագրի մասին: Նա ընդգծեց, որ այս դեպքում լինելու է հիփոթեքային վարկի աննախադեպ ցածր տոկոս: Նա նշեց, որ զինվորոկանների դեպքում ստացվում է այնպես, որ նրանք անտոկոս վարկ են ստանալու: Կանխավճարը զինվորականների համար կլինի 10 տոկոս:

Անդրադառնալով հարցին՝ թե միջին աշխատավարձով ապրող մարդը կարողանալո՞ւ է և երեխա պահել, և միաժամանակ հիփոթեքային վարկ վերցնելու միջոցով բնակարան ձեռք բերել՝ վարչապետը պատասխանեց. «Իհարկե, տվյալ դեպքում պետք է հստակեցնեք, թե ինչ նկատի ունեք միջին աշխատավարձ ասելով, բայց Կենտրոնական բանկի մասնագետների հաշվարկով, օրինակ, 20 միլիոն դրամանոց բնակարանի համար ամիսը անհրաժեշտ կլինի վճարել 100 հազար դրամ: Եթե միջին աշխատավարձ համարենք ընտանիքի երկու աշխատողների աշխատավարձը՝ օրինակ 450-500 հազար դրամը, որոշակի հնարավորություններ ստեղծվում են: Մենք հասկանում ենք, որ սա սկիզբն է, և ծրագիրը որքան հաջող ընթանա, նաև հետագայում այդ տոկոսները և գումարները որոշակի նվազում կապրեն: Եթե մենք կարողանանք այս ընթացքում հուսալի շինարարի միջոցով հուսալի վարկեր տրամադրել, այս պարագայում կարծում եմ, որ ծրագիրը մեծ հաջողություն կունենա»:

Վարչապետը նաև հայտնեց, որ հունիսի 26-ին նշված հարցերի շուրջ խորհրդակցություն է անցկացնելու Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ:




Լրահոս