Վարչապետական հյուրախաղերն ավարտված են. ինչու է հրաժարական տվել Կարեն Կարապետյանը, և ով կփոխարինի նրան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ հասարակությունը հետեւում է Սերժ Սարգսյանի մերձավորների վերաբերյալ այս օրերի կոռուպցիոն բացահայտումերին, իրավապահների կողմից նրանց բերման ենթարկելու եւ ձերբակալելու օպերացիաներին, հետաքրքիր կադրային փոփոխություններ են սկսվել ՀՀԿ-ում. կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից հրաժարվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հիշեցնենք` Կարապետյանը նախարարների իր թիմի հետ ՀՀԿ-ին անդամակցեց վարչապետի պաշտոնին նշանակվելուց հետո: Առայժմ նա հրաժարվել է կուսակցության փոխնախագահի պաշտոնից` շարունակելով դե յուրե մնալ ՀՀԿ-ական: Սակայն պարզ է, որ ՀՀԿ-ին Կարապետյանի հետագա անդամակցությունը կլինի սոսկ ձեւական, ընդ որում՝ ժամանակավոր: Նա կուսակցությունից միանգամից դուրս չի եկել, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե միայն «լավ օրերի ընկեր էր»:

Բայց պարզ է, որ ՀՀԿ-ն շատերի, այդ թվում Կարապետյանի համար եղել է սոսկ միջոց իշխանության մեջ լինելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Կարապետյանը որպես ՀՀԿ փոխնախագահից հրաժարվելու պատճառաբանություն բերել է այն հանգամանքը, որ վաղուց կուսակցությունում ակտիվ գործունեություն չի ծավալում եւ ճիշտ է համարում, որ այդ պաշտոնում ակտիվ մեկը լինի: Այս որոշումը կուսակիցների համար թերեւս այնքան էլ անսպասելի չի եղել: Մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները նշում են, թե վերջին իրադարձություններից հետո այսպիսի որոշման սպասում էին, առավել եւս երբ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո շատ քիչ նիստեր են եղել, որին Կարեն Կարապետյանը մասնակցել է, իսկ մասնակցելիս էլ կրավորական դիրք է ընդունել: Մյուս մասն էլ, հակառակը, կարծում է, որ հենց այդ ծանր պահին Կարապետյանը պետք է ոչ թե լքեր կուսակցությունը, այլ ավելի ակտիվ գործեր եւ ի ցույց չդներ կուսակցությունում առկա խնդիրները:

Մեզ հասած տեղեկություններով` ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնում այս պահին երկու հիմնական անուն է շրջանառվում՝ Վիգեն Սարգսյանն ու ՀՀԿ արտաքին կապերի գծով փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Սակայն այս հարցում դեռեւս որեւէ վերջնական որոշում չի կայացվել: Իսկ մինչ այդ արձանագրենք, որ ՀՀԿ-ն իշխանությունից հեռացվելուց հետո սկսել է կամաց-կամաց կազմաքանդվել. այս կուսակցությունից զանգվածային արտահոսք է սկսվել:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս