Մինչեւ Սերժ Սարգսյանի` Սոչի կատարած այցը, Հայաստանում մի տեսակ իրարանցում էր: Փորձագետները քննարկում էին, թե ինչ կլինի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումից հետո, լավատեսական կամ վատատեսական կանխատեսումներ էին անում, փողոցում իսկական եւ կեղծ ընդդիմադիրները հանրահավաքներ էին անում, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը շարունակում էր իր հաղթարշավը բացօթյա առեւտրով զբաղվողների դեմ եւ այլն: Իսկ երբ Սերժ Սարգսյանը Սոչիից վերադարձավ, միայն Թամամյան Հովիկն ազատվեց պաշտոնից: Ու դրանով երկրի ներսում եղած ակտիվությունը մարեց (իհարկե, ոչ այդ պատճառով): Միայն մի քանի հանրապետականներ են դեռ կենդանության նշաններ ցույց տալիս` Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած պահանջագրի մասին իրենց ծիծաղելի ու տարօրինակ հայտարարություններով: Իսկ ընդդիմությունն էլ սպասում է մարտի 17-ին կայանալիք հանրահավաքին: ՀԱԿ ակտիվիստներն ու համակիրները հանրահավաքի իրազեկման թռուցիկներ են բաժանում: Մնացած ուժերն էլ սպասում են` տեսնեն` ինչ կանի Հայ ազգային կոնգրեսը: Այնպիսի տպավորություն է, որ մեր երկրում անդորր է տիրում փոթորկից առաջ: Մյուս կողմից էլ երկրի վիճակը վիճակ չէ. ի՞նչ անի Սերժ Սարգսյանը: Եթե կատարի ՀԱԿ-ի պահանջները, պետք է հաջորդ օրը հավաքի ճամպրուկները եւ ուղեւորվի Զվարթնոց օդանավակայան, եթե, իհարկե, հասցնի: Ընդ որում, չի հասցնելու, քանի որ հենց իր շրջապատը «կուլ կտա» նրան: Իսկ եթե չկատարի ՀԱԿ պահանջները, էլի հասարակության դժգոհությունը կխտանա, որը կարող է անդառնալի հետեւանքների բերել, եւ ՀՀ քաղաքացիները «կուլ տան»: Հո Քադաֆիից հզոր չէ՞:Մի խոսքով, երկրի ներսում վիճակ չկա, ամեն ինչ մտել է փակուղի: Եւ փակուղի է բոլորի համար: Եթե իշխանության դեպքում ամեն ինչ պարզ է, չի կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած է, ապա ընդդիմության դեպքում մի փոքր այլ է: Նրանք մի կողմից չեն կարող չկատարել հասարակության ակտիվ զանգվածի հեղափոխական պահանջները, մյուս կողմից էլ չեն կարող դա անել` հայտնի ջրաղացին ջուր չլցնելու համար: Եւ այսպես` ի՞նչ է սպասվում Հայաստանում: Եթե հասարակությունը շարունակի կրավորական կեցվածքով իր դժգոհությունը հայտնել ջեռոցների մոտ կամ խոհանոցների այլ անկյուններում, ուրեմն այս լճացումը կշարունակվի, որը ամեն օր Հայաստանին նորանոր խնդիրների առջեւ կկանգնեցնի: Իսկ եթե մարդիկ, ի վերջո, դուրս գան փողոց եւ իրենց «տղամարդկային» խոսքն ասեն, ամեն ինչ շատ արագ կավարտվի: Այնպես որ Հայաստանի վաղվա օրը եւ շատ հաճախ հնչող այն հարցի պատասխանը, թե «ի՞նչ է լինելու», կախված է Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս հիշատակված մեկ մարդուց:
ԱՆԴՈՐՐ ՓՈԹՈՐԿԻՑ ԱՌԱՋ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ