Եղեգիս գետը պետք է ծառայի բացառապես գետի օրինական ջրօգտագործողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ՀՀ վերականգնողական էներգիա արտադրողների ասոցիացիայի տնօրեն Ռոման Մելիքյանը:

-Վերջին շրջանում բավական հաճախ են սկսել խոսել Եղեգիս գետի վրա կառուցվող հիդրոկայանների, դրանց պատճառով տուժող գետի բնապահպանական խնդիրների, Սևանա լճին չմատակարարվող ջրի մասին: Ո՞րն է լուծումն այս ամենի:

-Իրականում խնդիրն այնքան բարդ չէ, որքան այն բարդացնում են և ամեն ինչ չէ այնպես, ինպես ներկայացնում են: Եղեգիս գետը պատմականորեն նոր Հայաստանի ամենավարարուն գետերից մեկն է և Վայոց Ձորի մարզի ջրաշխարհի մարգարիտը: Հարցը կայանում է նրանում, որ այդ ընթացքում պետության կողմից տրամադրվել են ջրօգտագործման թույլտվություններ, գործունեություն ծավալելու լիցենզիաներ և համապատասխան այլ փաստաթղթեր, որոնց հիման վրա տնտեսվարողները ներդրումներ են իրականացրել այդ ոլորտում և կառուցել են երկրի ռազմավարական զարգացման համար այդքան անհրաժեշտ փհէկ-եր, որոնք համարվում են ոչ միայն էժան էլեկտրաէներգիա արտադրող, հազարավոր աշխատատեղեր ապահովող և պետական գանձապետարանը միլիոնավոր դրամական միջոցներով մուտք ապահովող կառույցներ, այլ նաև մաքուր և անվնաս գործունեություն ծավալող էներգակիրներ, այսինքն՝ ասել է թե կարևորագույն ռազմավարական նշանակության օբյեկտներ: Սակայն այլ հարց է, որ մոտ 47 կմ հեռավորության վրա տեղակայված 15 հիդրոկայաններից ավել, որոնք ներկայումս կան, ավել էլեկտրակայան հիմնելը նման պայմաններում հարկավոր չէ, քանի որ գետը համարվում է գերծանրաբեռնված և արդեն իսկ հնարավոր է խնդիրներ առաջանան: Իսկ եթե պետք է ավել հիդրոկայան կառուցել, ուրեմն պետք է դրա համար լրացուցիչ միջոցներ և պայմաններ ներդնել, օրինակ՝ նոր ջրամբար հիմնել կամ ջրերի կառավարումը դարձնել խիստ վերահսկելի և օրինաչափ, այլ ոչ ինքնիրավչական և անկանոն, որը տվյալ դեպքում գործում է: Սա հիմնականում այն խնդիրն է, որը վերջին օրերին բարձրաձայնվում է բնապահպանների և այլ շահագրգիռ կողմերի կողմից, սակայն իրականում խնդրի ողջ և ամբողջական պատկերը չի ներկայացվում:

Բանն այն է, որ տարիներ շարունակ դրամաշնորների հիման վրա գործող որոշ հասարակական կառույցներ, բնապահպաններ, ինչու չէ նաև ֆերմերային ներկայացուցիչներ, ինչպես նաև շահագրգիռ այլ կողմեր, օգտվելով վիճակից, ամեն կերպ ստեղծված խնդրի հիմնական և միակ մեղավոր ներկայացնում են գետի շահառու փհէկ-երին՝ նշելով, որ իբրև վերջիններս են ջրազրկում և արատավորում գետը: Սակայն պարզունակ հարց. եթե գետի ջրերի կառավարումը կատարվում է անխնա, առանց կարգավորման, անկանոն, ինքնիրավչական և սեփական նախասիրություններից ելնելով, ապա ինչպե՞ս մենք կարող ենք ճիշտ գնահատականներ կազմել գետում առկա ջրերի վերաբերյալ:
Այն պարագայում, երբ գետի ջրերի չափման միակ և անփոխարինելի միավորը հանդիսանում է դեռևս նախնադարից եկած ձողաքանոնը, որը տեղ-տեղ նույնիսկ քամու կամ գետի արագ հոսքի ժամանակ տարբեր տեղերում տեղաշարժվում է կամ էլ ընդհանրապես վերիվար ընկնում: Եվ նման չափման մեխանիզմներով, ինչպես նաև անկանոն և հիրավի առանց հանրությանը բաց և անաչառ ներկայացնելու իրականացնում է ջրառներ ինչպես ոռոգման ուղղությամբ, որի կուրուստը տարբեր գնահատականների համաձայն հասնում է 80%-ի, այնպես էլ՝ գետի հոսքն ապօրինաբար այլ ուղղությամբ շրջելով:

Բանն այն է, որ ինչպես «Սևանա լճի» մասին ՀՀ օրենքի, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների» մասին ՀՀ օրենքի, այնպես էլ այլ օրենքների և օրինական ակտերի համաձայն Սևանա լճի ջրահավաք աշխատանքներն պետք է իրականացվեն Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցով: Սակայն 2004թ. պաշտոնապես շահագործման օրվանից ի վեր Կեչուտի ջրամբար ջուր տեղափոխող Որոտան-Արփա ստորերկրյա թունելը չի գործում, այսինքն՝ մեկ գրամ իսկ ջուր դեպի Սևանա լիճ չի տևափոխվել: Մինչդեռ երբ մենք հայցում ենք կատարում այդ կառույցը կառուցապատող, շահագործող և վերանորոգող պատասխանատու մարմիններին՝ մասնավորապես՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեին, ստանում ենք պատասխան, որ «դրա անհրաժեշտությունը չկա»: Ստացվում է, որ մի բան, որ օրենքով նախատեսված է, որ պետք է իրականացվի, որպեսզի Սևանա լիճը ստանա անհրաժեշտ ջրապաշարը, որի համար միլիոնավոր դոլարներ են պետբյուջեից ծախսվել, պետական լիազոր մարմինն անհրաժեշտ չի համարում, փոխարենն անհրաժեշտ է համարում իր բնական հոսքից կտրել, արատավորելով գետը, տանել՝ «անհրաժեշտ է»: Կարծում ենք, որ նոր իշխանությունները պետք է մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարեն, հետազոտական և հետաքնչական աշխատանքներ, որի արդյունքում, վստահ ենք, որ հստակ պարզ կդառնա, որ այստեղ իրականում գործում են կոռուպցիոն ռիսկեր և որ նախատեսված հանգույցը գործում է և պետք է օրինական ճանապարհով ապահովի Սևանա լճի ջրալրումը: Արդյունքում այսօր Եղեգիս գետի բնական հոսքը թեքելու և այն այլ ուղղությամբ տանելու հետևանքով ոչ միայն գործունեություն չեն կարողանում իրականացնել տնտեսվարող ՓՀԷԿ-երը, այլ նաև մնացած այլ ջրօգտագործողները: Եվ դրան գումարվում է այն, որ ոռոգման համար նախատեսված ջրառի կորուստների պատճառով էլ ավելի են տուժում այդ տնտեսվարողներն ու մնացած ջրօգտագործողները: Սակայն արդյունքում բնապահպաններն ու այլ շահագրգիռ կողմերը թիրախ են դարձնում ՓՀԷԿ-երին և ողջ մեղքը բարդում են հենց իրենց վրա, ինչը, կարծում ենք, անարդարացի է և անօրինաչափ:

Իսկ Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի ժամանակ արդոք Սևանա լիճն ամբողջությամբ կապահովվի՞ անհրաժեշտ ջրաքանակով:

Սևանա լիճը բոլորիս հարստությունն ու պարծանքն է: Մենք պետք է հասկանանք, որ խնդիրը ոչ միայն Սևանա լիճ առավելագույնս ջուր մատակարարումն է, այլ նաև այն, թե Սևանա լճից որքան ջուր է բաց թողնվում: Ոչ ոք այսօր չի խոսում, չի հետաքննում և ուսումնասիրություններ չի իրականացնում այդ առումով, միայն խոսվում է, թե որքան ջուր է տարվում Սևանա լիճ: Այն ինչ, մեր տարբեր հարցումների արդյունքները, որոնք պատկան մարմիններին ուղղել ենք, տարբեր թվեր են ներկայացվում, որն առնվազն զարուրելի է, որոնք տարիների ընթացքում մի քանի միլիոն խմ/ջրի տարբերություն է ենթադրում: Պետք է հանրությանը թվային չափման համակարգերի միջոցով հստակ ներկայացվի Սևանա լճից ջրթողության մակարդակը, պարզաբանվի ամեն մի գրամը: Մենք վստահ ենք, որ այդ պարագայում հստակ պարզ կդառնա, թե «որտեղ, ինչքան և ուր են գնում Սևանա լճի ջրերը ….»: Կարծում եմ, որ Սևանա լճի խնդիրների քողի տակ նման կարգի շահարկումներն ու սեփական նպատակներին այն ծառայեցնելն առնվազն արդարացի չէ և ոչ էլ շահեկան…




Լրահոս