Ջերմուկցիները շարունակում են փակ պահել ճանապարհները, նրանք արձագանքում են վարչապետին՝ սաբոտաժ չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջերմուկում անհնազանդության գործողություններ իրականացնող քաղաքացիները հայտարարել են, որ ճանապարհները շարունակում են փակ մնալ՝ չնայած վստահում, սիրում ու հարգում են կառավարության ղեկավարին: Այս մասին սոցցանցի տեսաուղերձի միջոցով հունիսի 26-ի առավոտյան հայտարարել են «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանն ու Ջերմուկի բնակիչ Ահարոն Արսենյանը, ով մասնակցել է մայիսի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը: Նրանք կոչ են արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անձամբ գնալ Ջերմուկ ու տեղում ծանոթանալ բողոքողների բարձրացրած խնդրին: Ջերմուկցիները մոտ մեկ ամիս է ժամանակ առ ժամանակ փակում են Ամուլսար տանող ճանապարհը՝ բողոքելով Սոթքի և Ամուլսարի հանքերի գործարկման դեմ:

«Երեկ լսեցինք մեր վարչապետի՝ պարոն Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ նա իրականում չգիտի Ջերմուկում անհնազանդության ակցիաները սաբոտաժ են, թե ժողովրդի իրական պահանջը: Դրա համար նրան հրավիրում ենք Ջերմուկ՝ մոտիկից ծանոթանալու ժողովրդի խնդրին»,-ասաց Ահարոն Արսենյանը:

Նա նշեց, որ իրենք չեն վստահում Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին և կարծում են, որ նա տեղի ունեցող երևույթները այլ կերպ է զեկուցում կառավարության իր գործընկերներին: «Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը պարոն Ավինյանը հեռախոսազրույց ունեցավ նախարար Էրիկ Գրիգորյանի հետ, ով ասաց, որ մեր գիտնականները «Լիդիան Արմենիա» այցի ժամանակ կարծիք են փոխել, որը ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։ Մենք չենք վստահում նրան, այլ կվստահենք մեր վարչապետին»,-ավելացրեց Ահարոն Արսենյանը:

Նրանք բարձր գնահատեցին կառավարության որոշումը ձևավորել աշխատանքային խումբ, որը հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներգրավվածությամբ կստեղծի օբյեկտիվ և բազմակարծություն ապահովող հարթակ՝ հնարավորություն ընձեռելով արձանագրված իրավիճակի համար մշակել և ներդնել հասցեական լուծումներ: Աշխատանքային խումբը կղեկավարի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

«Իրականում Արթուր Գրիգորյանին շատերս ենք ճանաչում, ծանոթացել ենք նրա հետ, գիտենք՝ ինչ փորձ ունի թե բնապահպանության ոլորտում, թե որպես իրավաբան»,-ասաց Վազգեն Գալստյանը՝ հավելելով, սակայն, որ կշարունակեն իրենց գործողությունները մինչև իրենց համար հստակ դառնան խնդրի լուծման ժամկետներն ու քայլերի հաջորդականությունը:

Հունիսի 25-ին սոցցանցում հարցուպատասխանի ժամանակ այս հարցին անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կոչ արեց քաղաքացիներին դադարեցնել անհնազանդության գործողությունները և թույլ տալ կառավարությանը զբաղվել այդ հարցով: Նա ասաց, եթե այդ գործողությունների նպատակը սաբոտաժն ու կառավարության համար փակուղային իրավիճակներ ստեղծելը չէ, ապա դադարեցնեն բողոքի գործողությունները:




Լրահոս