ArmLur.am-ը «Սասնա Ծռեր»-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին զրուցել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ:
-Թավշյա հեղափոխությունից հետո ականատես ենք լինում, որ «Սասնա ծռերի» անդամներն իրար հետևից ազատ են արձակվում: Ինչպիսի՞ դիրքորոշում ունեք Դուք այս երևույթի շուրջ:
-Հասարակական մեծ հնչեղություն ունեցող հարցերում օբյեկտիվ և բացառապես օրենքից բխող դիրքորոշում արտահայտելը շատ դեպքերում անընկալելի է և ոչ ճիշտ մեկնաբանելի, քանզի կախված այն հանգամանքից, թե հասարակությունն ինքը ապատիայի, անտարբերության, թե էյֆորիայի մեջ է, ընկալումը միանգամայն տարբեր է, արձագանքը՝ համապատասխանաբար: Նույնիսկ մարդիկ, ովքեր թվում է, թե իրավունք չունեն իրենց գնահատականներում տուրք տալ հասարակական տրամադրություններին, նույնիսկ նրանք շեղվում են այդ սկզբունքից ու իրենց պահում են անբոխահաճո մակարդակի վրա, որը համատեղելի չէ իրական պրոֆեսիոնալ դիրքորոշմանը: Ուստի ես կփորձեմ այդ հարցին պատասխանել առավելագույնս պրոֆեսիոնալիզմի դիրքերից: Իրավական հարցերը լուծելի են և անքննելի բացառապես իրավական դաշտում: Դրանք ենթակա չեն ձևափոխման և հարմարեցման ժամանակին և քաղաքական իրավիճակին: Ուստի, որևէ պարագայում ընդունելի չէ կողմերից մեկի, առավելապես տուժողի շահերի դյուզն ինչ ոտնահարումը: Մենք ունենք երեք ոստիկանի մահ: Սա է այն առավելագույնը, ինչ մեզանից անվերադարձ գնացել է: Մնացածը իրավապահ մարմինների խղճին է ու նրանց իրավագիտակցությանը: Մենք նախադեպեր ստեղծելու իրավունքներ չունենք:
– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, թե այդ գործողությունները «դեղին քարտ» էին իշխանություններին: Դոքւ նրա խորհրդականն եք եղել, ի՞նչ նա նկատի ուներ նա ըստ Ձեզ:
Իհարկե լավ կլինի, որ որևէ մեկի, այդ թվում նաև ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի արտահայտած մտքերին վերաբերող հարցերը ուղղվեն այդ մտքերի հեղինակներին: Բայց ես կարող եմ ասել հետևյալը, որ այդ գործողությունները արդեն իսկ «կարմիր քարտ» էին իշխանություններին, որի մասին ես բազմիցս ասել եմ: Ցավոք սրտի դա չունեցավ իր ընկալումը և համապատասխան վերաբերմունքը: Ուստի նախկին իշխանությունները այսօր կրում են այդ ամենի չգիտակցման ողջ պատասխանատվությունը՝ իր բոլոր հետևանքներով:
– Արդյո՞ք որևէ վտանգ եք տեսնում այս ամենում:
Վտանգն առկա է միշտ: Իսկ այժմ, երբ նոր իշխանությունները՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ոչ թե պայքար են սկսել անարդարության, ամենաթողության ու կոռուպցիայի դեմ, այլ լայնամասշտաբ պատերազմ, ընդ որում, բոլոր ուղղություններով ու բոլոր մակարդակներում, վտանգը շատ ավելի մեծ է: Հետևաբար մեզանից յուրաքանչյուրի պարտքն է այս հարցում աջակից լինել իշխանություններին և հատկապես պարրն Փաշինյանին, քանզի հակազդեցությունը կարող է լինել անսպասելի ու ծայրահեղ վտանգավոր: Վստահաբար կար այլ ճանապարհ, ավելի մեղմ ու հանդարտ, վերջնարդյունքում՝ նույն լուծումներով, բայց թերևս նոր իշխանություններն ունեն իրենց մոտեցումներն այս հարցին: Մենք դա այժմ քննարկման նյութ դարձնել չենք կարող: Գործողությունները սկսված են, և որպեսզի դրանք բարեհաջող ավարտ ունենան աջակցությունը պետք է լինի աննախադեպ, արդյունքը՝ հասարակության համար ընկալելի և ընդունելի: