Ով կզբաղեցնի ԵՊՀ ռեկտորի պաշտոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի պետական համալասարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս 100 հոգի երիտասարդ դասախոսներ գնացել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բնակարան եւ պահանջել են թոշակառու դասախոսներին եւ գիտական աշխատանք չունեցող դասախոսներին կրճատել, միաժամանակ սպառնացել են, որ կրկին կվերսկսվեն դասադուլների շարքը: Մեզ լուրեր հասան, որ հարվածել են ռեկտորի բնակարանի դռանը, մինչեւ վերջինս արձագանքել է եւ լսել է դասախոսներին:

Ըստ էության, Արամ Սիմոնյանը ասել է, որ կգնա այդ քայլին, սակայն որոշ ժամանակ անց իր մտերիմների շրջապատում ասել է, որ կրճատումներ չի անի` «որեւէ մեկի հացին վայիս չի լինի»: Ըստ մեզ հասած լուրերի` նա ասել է, որ սեպտեմբերին հրաժարական կտա, եւ թող ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհուրդը ընտրի, թե ով կլինի ԵՊՀ նոր ռեկտորը: Ըստ տեղեկությունների` ամենահավանական թեկնածուն համարվում է ԵՊՀ Արեւեալագիտական ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նշենք, որ այս ֆակուլտետն է ավարտել, հիմա նաեւ այս ֆակուլտետում է դասավանդում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց զրուցել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, սակայն վերջինս համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: «Ժողովուրդ» օրաթերթը ԵՊՀ Արեւելագիտական ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանից փորձեց պարզել , թե արդյոք իրեն նման առաջարկ եղել է, եւ նա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից կնտրվի ԵՊՀ ռեկտոր:

-Պարո՛ն Մելքոնյան, Ձեզ առաջարկ եղե՞լ է, որ ԵՊՀ ռեկտորը սեպտեմբերին հրաժարական տա, Ձեզ կընտրեն ռեկտոր:

-Առաջին անգամ եմ լսում նման բան, անգամ նման քննարկում չի էլ եղել, նման առաջարկ էլ չի եղել :

-Եթե լինի, կհամաձայնե՞ք:

-Ներկայումս գործող կարգի համաձայն` ռեկտոր կարող է դառնալ գիտությունների դոկտորը, իսկ ես գիտությունների դոկտոր չեմ, բայց պատրաստվում եմ պաշտպանել , բայց դա ենթադրվում է աշնանը:

-ԵՊՀ ռեկտորը ասել է, որ աշնանը հրաժարական կտա, սա զուգադիպությո՞ւն է, թե՞ պայմանավորվածություն :

-Նախ դոկտորականի պաշտպանությունը երկար պրոցես է, եւ հետո, որ նման առաջարկ չի եղել, ես չեմ էլ պատրաստվում, չեմ էլ մտածել եւ կարծում եմ, որ պարոն Սիմոնյանը, որ այս պահին որեւէ պաշտոնական հայտարարություն չի արել իր հրաժարականի մասին, այդքան բարոյական էլ չի քննարկել նրա հավանական իրավահաջորդին: Երբ կլինի համապատասխան իրավիճակ, եւ օրենքը թույլ կտա, այն ժամանակ Ձեր հարցերին կպատասխանեմ: Կրկնում եմ` համենայնդեպս, ինձ նման առաջարկ չի եղել, նման քննարկում չի եղել, եւ առաջինը Ձեզանից լսեցի:

Քնար Մանուկյան




Լրահոս