Նոր զարգացումներ. ով կփոխարինի Տարոն Մարգարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ապագայի շուրջ տեսլականն արդեն որոշակի է դառնում: Երեկ Երեւանի ավագանու վերջին նիստն էր, որը, սակայն, Տարոն Մարգարյանը չէր վարում, այլ առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Նա քաղաքապետի բացակայությունը բացատրեց առողջական խնդիրներով: Իրականում, սակայն, Տարոն Մարգարյանի հրաժարականի դիմումն արդեն գրված է, վերջինս էլ մի քանի օր է` աշխատանքի չի գնում:

Ավելին` մեր տեղեկություններով` այժմ անորոշ իրավիճակ է քաղաքապետարանում, հատկապես նրա հետ մտերմիկ հարաբերություններ ունեցող պաշտոնյաների շրջապատում, ովքեր եւս չգիտեն իրենց ապագան: Սակայն ակնհայտ է, որ Տարոն Մարգարյանի ապագան կանխորոշված է: Ակնհայտ է, որ այս փուլում Նիկոլ Փաշինյանի կառավարության գերխնդիրը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, իսկ ավագանու ընտրություններին կանդրադառնան միայն դրանից հետո: Սակայն միեւնույն ժամանակ չեն թողնի, որ մինչ այդ հենց Տարոն Մարգարյանը մնա քաղաքապետ:

Եվ դրա լուծման բանալին ժամանակավոր քաղաքապետ ունենալու մեջ է: Ըստ այդմ` Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո քաղաքապետի պաշտոնում նրան կփոխարինի ավագանու ՀՀԿ անդամ, «Սինոփսիսի» ղեկավար Հովիկ Մուսայելյանը, ում ընտրելու են հենց ավագանու անդամները: Արդեն խորհրդարանական ընտրություններից հետո ավագանու նիստերը երեք անգամ չեն կայանա, որից հետո այն, ՏԻՄ մասին օրենքի համաձայն, ինքնաբերաբար կլուծարվի, եւ կգնան արտահերթ ընտրությունների:

Արդեն դրանից հետո քաղաքապետի պաշտոնում երկու անձի անուն է քննարկվում` առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան եւ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյան: Ավելի հավանականը թերեւս Միրզոյանի տարբերակն է, եթե հաշվի առնենք նաեւ այն, որ առաջին փոխվարչապետի պաշտոնը հակասահմանադրական են համարում նաեւ «Ելք»-ում եւ առաջիկայում փոփոխություններով դա վերանալու են, եւ ակնհայտ է դառնում Միրզոյանին նոր պաշտոն տալու հարցը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս