Քննչական կոմիտեն մերժում է, դատախազաությունը` հարուցում. ինչ կռիվ է իրավապահ մարմինների մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՆ-ին ապրանք մատակարարող ընկերություների շուրջ ստեղծված աղմուկը դարձել է իրավապահ համակարգում կռվախնձոր: Ինչպես հայտնի է, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել են «Ժողովուրդ» օրաթերթի մայիսի 17-ի «ՊՆ-ի բառախաղը` պետբյուջեի գումարները մսխելու պատճառ» վերտառությամբ հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար բամբակյա շապիկ, կիսավարտիք, տաք ներքնաշոր, կոմուֆլյաժ, մայկա-ֆուֆայկա, ինչպես նաեւ բարձ, բարձի երես, ծածկոց, սավան, վերմակածրար եւ ներքնակ ապրանքատեսակների ձեռքբերման նպատակով սույն թվականի փետրվարի 22-ին կայացած մրցույթի ժամանակ հայտերը գնահատող հանձնաժողովը «Բաց մրցույթ» բառակապակցության փոխարեն «Հրատապ բաց մրցույթ» նշում կատարելու պատճառով մերժել է մասնակից առավել ցածր գին առաջարկած առաջին եւ երկրորդ հայտատու ընկերություններին: Արդյունքում հաղթող է ճանաչվել երրորդ տեղ զբաղեցրած եւ շուրջ 29 մլն դրամով ավելի թանկ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Իրավապաների ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել էին ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն նյութեր նախապատրաստելու եւ հետագա ընթացքը լուծելու համար:Ք

Արդեն 2018թ. հունիսի 18-ին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննիչի կողմից որոշում է կայացվել քրգործ հարուցելը մերժելու մասին: Սակայն մերժման մասին որոշման հետ Զինվորական դատախազությունում համամիտ չեն եղել ու իրավական գործընթաց են սկսել: Երեկ գլխավոր դատախազությունից հայտնի դարձավ, որ զինվորական կենտրոնական դատախազության դատախազի որոշմամբ վերացվել է քննիչի որոշումը, եւ ՀՀ քր. օր. 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել քրգործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությանը: Ստացվում է, որ իրավապահ համակարգում մատակարարների բողոքների մասով տարակարծություն կա, քննիչը վերոնշյալ գործում հանցակազմ չի տեսնում, իսկ ահա դատախազությունը վերացնում է վերջինիս որոշումը եւ մի բան էլ հարուցում է քրգործ:

Հ. Գ. ArmLur.am-ը կներկայացնի նաև Քննչական կոմիտեի պարզաբանումը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս