Սերժ Սարգսյանի խորհրդականի բիզնեսը աղտոտում է Սևանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել «Սեւանի իշխանի պաշարների վերականգման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Նշենք, որ Հայաստանի նախկին կառավարությունները արդեն հասցրել են մի քանի անգամ մի շարք արտոնություններ տալ ե՛ւ «Սեւանի իշխան», ե՛ւ «Սեւան Ակվա» ընկերություններին: Անգամ 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման հողատարածքներ է տրամադրվել ընկերություններին: Բայց չնայած սրան` ընկերությունները իրենց խոստումները` աշխատատեղեր ստեղծելու եւ ներդրումներ անելու մասին, դեռեւս չեն իրականացրել:

Թե ինչու են կառավարությունները այսպես «լավ աչքով նայել» ընկերություններին, ամենեւեին էլ գաղտնիք չէ: Բանն այն է, որ «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհուրդի նախագահը ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն է, նախագահի տեղակալը` Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Արամ Ղարիբյանը: Ըստ հիմնադրամի ներկայացրած հաշվետվության` իրականացվել է Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր, որի համար ծախսվել է 2 մլրդ 143 մլն 30 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնադրամի ֆինանսավորման աղբյուրը եղել է գյուղատնտեսության նախարարությունը, որը վերը նշված ծրագրի իրականացման համար հատկացրել է 2 մլրդ դրամ գումար: Բացի այս, հիմնադրամի մյուս ֆինանսական աղբյուրը` բանկային ավանդներից ստացված տոկոսային եկամուտները, կազմել են 63 մլն 771 հազար դրամ, իսկ Սեւանա լճում տեղակայված տնտեսություններից ստացված եկամուտը` 4 մլն 151հազար դրամ: Ստացվում է, որ հիմնադրամը անցած տարում օգտագործել է 2 մլրդ 143 մլն 30 հազար դրամ:

Ըստ բնապահպանների` սա բիզնես է, որը լուրջ վտանգ է հասցնում Սեւանա լճի էկոհամակարգին: Բայց դա նախկին կառավարությանը չի հետաքրքրել: Գլխավորը Սերժ Սարգսյանի խորհրդականի բիզնեսն է զարգացել: Փոխարենը հարակից գյուղերի բնակիչները մտահոգված են, քանի որ ընկերությունները, աղտոտելով Սեւանա լիճը, մեծ քանակությամբ ձուկ են արտահանում Ռուսաստան, որը ոչ մի տեղ չի ամրագրվում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս