Խմել շատ ջուր, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից. շոգ եղանակին դիմանալու մասնագետի խորհուրդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շոգ եղանակի պայմաններում մասնագետները խորհուրդ են տալիս խմել շատ ջուր, նվազեցնել կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը, հրաժարվել գազավորված հյութերից: ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ շոգ եղանակով պայմանավորված քրտնարտադրությունն ուժեղանում և մարդը կորցնում է շատ քանակությամբ ջուր, աղ ու սպիտակուց:

«Հետևաբար ջուր խմելը պարզապես անհրաժեշտություն է: Այստեղ ուզում եմ ընդգծել հենց ջուրը, որովհետև շատ հաճախ հյութերը, գազավորված ըմպելիքները փոխարինվում են ջրով, ինչը ճիշտ չէ: Շաքար, կոֆեին պարունակող ըմպելիքներն առանց այն էլ օրգանիզմից ջուր են կլանում: Խորհուրդ է տրվում ըմպել նաև թան, որը պարունակում է աղ և սպիտակուց»,- ասաց Նունե Բակունցը:

Մասնագետը հորդորում է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրսում գտնվելու ժամանակ անպայման ունենալ հովանոց, գլխարկ, արևապաշտպան ակնոց: Ռիսկի խմբի անձինք պետք է ուշադիր լինեն: Մասնավորապես, հղի կանանց, 65 տարեկանից բարձր անձանց, երեխաներին խորհուրդ է տրվում կեսօրին մի քանի ժամ պառկած անցկացնել:

Անհրաժեշտ է փոխել օրվա ռեժիմը, եթե ֆիզիկական ծանրաբեռնված աշխատանք է, ապա դա պետք է անել զով ժամերին, որպեսզի օրգանիզմը չծանրաբեռնվի: Փոփոխության անհրաժեշտություն կա նաև սննդակարգում, ծանրամարս, յուղոտ ուտելիքները պետք է հնարավորինս բացառել:

Նունե Բակունցն անդրադարձավ նաև դեկորատիվ ջրավազաններին: Նա ընդգծեց, որ այդ ջրավազանները նախատեսված չեն լողալու համար:

«Դեկորատիվ ջրավազանների ոչ ջուրը, ոչ կառուցվածքային հնարավորությունները անվտանգ չեն, հետևաբար լողալ չի թույլատրվում: Ջուրը մաքուր չէ, չկա մշտական ախտահանում, այնտեղ կարող են լինել սուր անկյուններ, անհարթ մակերեսներ, խողովակներ, լողացողները կարող են վնասվել»,-ավելացրեց Նունե Բակունցը:




Լրահոս