Գործարար Բարսեղ Բեգլարյանի գործերը այնքան էլ լավ չեն: Սերժ Սարգսյանի հետ քավոր սանիկական հարաբերությունների մեջ գտնվող գործարարին պատկանող ընկերությունը «ՖլեշՄոտորս» ՍՊԸ-ն հունիսի 26-ին դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ «Ֆորսաժ Ավիա» ՍՊԸ -ից պահանջում է շուրջ մեկ միլիոն դրամ: Ի դեպ, սա միակ ընկերությունը չէ, որ անհարմար վիճակում է գցել Բեգլարյանին: Պարզեցինք, որ «ՖլեշՄոտորս» ՍՊԸ-ն «Կարտինգար» ՍՊԸ-ից էլ պահանջում է կես միլիոն դրամ, իսկ ահա «Լիվր» ՍՊԸ-ից պահանջում է 550 հազար դրամ: Վերջինս էլ իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել:
Մեկ փաստ էլ. երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց` տեղեկացնելով, որ բերման է ենթարկվել «ՖլեշՄոտորս» ՍՊԸ բազայի տնօրենը. նա կասկածվում է առերևույթ բռնություն գործադրելով, բռնության սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու մեջ: Ըստ ՔԿ-ի` «ՖլեշՄոտորս» ընկերության բազայի տնօրենի կողմից նույն ընկերության կոմերցիոն տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելու և բռնության սպառնալիքների ներքո բնակարանը բանկում գրավադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: