«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ելք» դաշինքում ներքին խմորումները շարունակվում են: Մինչ քաղաքական ուժը քննարկում է ԸՕ փոփոխությունները` պատրաստվելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին, դեռեւս անհայտ է մնում, թե ինչ է լինելու «Ելք» դաշինքի հետ եւ այդ դաշինքում ներգրավված ուժերի՝ առաջիկա ընտրություններին մասնակցության ձեւաչափը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` վերջերս հանդիպել են Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը, քննարկման թեման էլ հենց սպասվելիք ընտրություններն են եղել:
Ընդ որում` թե՛ Արամ Սարգսյանը, թե՛ Էդմոն Մարուքյանն իրենց խոսքում նշել են, որ իրենք պատրաստ են միասնական գնալ ընտրությունների, եւ որոշողը պետք է լինի հենց ՔՊ-ն, Նիկոլ Փաշինյանն էլ խոստացել է այդ մասին քննարկում ունենալ իր կուսակցությունում, սակայն մինչ այժմ որեւէ պատասխան չի տվել Սարգսյանին եւ Մարուքյանին: Բայց ՔՊ ներսում մեծամասնությունը շարունակում է դեմ արտահայտվել ընտրություններին միասնական մասնակցելու տարբերակին` համարելով, որ այդ ուժերն իրենց հաշվին ցանկանում են հետագա կարիերան ապահովել:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: