«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման խնդիրների վերաբերյալ 2017թ. հոկտեմբերից 2018թ. մարտն իրենց իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: Պատկերն առավել քան ուշագրավ է: Պարզվել է, որ 2014-2017թթ. բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 91 առեւտրային կազմակերպություն ճանաչվել է գնումների հաղթող, նրանց հետ կնքվել է 709 պայմանագիր:
Այդ պայմանագրերից 99-ում առկա է շահերի առերեւույթ բախում. բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ կազմակերպությունները հաղթող են ճանաչվել այն մարմինների գնումների մրցույթներում, որտեղ անձը պաշտոն է զբաղեցրել: Ըստ էթիկայի հանձնաժողովի` թեեւ պայմանագրերում բացակայել են կոնկրետ պաշտոնյաների ստորագրությունները, բայց մրցույթների իրականացման եւ հաղթող մասնակիցների որոշման գործընթացում նրանց շահագրգիռ միջամտության հնարավորությունը չի բացառվում: Ու, բնականաբար, խոսքը ՀՀԿ-ական պատգամավորների կամ պաշտոնյաների մասին է»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: