Տավուշի մարզպետարանում այսօր՝ հունիսի 28-ին, տեղի է ունեցել ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որին մասնակցել են ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, ՀՀ ԱԳՆ եւ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների ներկայացուցիչները` ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության խմբի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացրին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը նախորդ բրիֆինգից մինչեւ այսօր ընկած ժամանակահատվածի համար:
Եվ մարզպետ Վահե Ղալումյանը, եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության խմբի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը մտահոգություն հայտնեցին` կապված դաշտերում աշխատող մարդկանց անվտանգության ապահովման հետ:
Արդեն սկսվել է բերքահավաքի շրջանը, եւ սեփական տարածքում աշխատող գյուղացին պետք է երաշխիքներ ունենա, որ գոնե այս ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից չի խախտվի հրադադարի ռեժիմը: