ՀՀԿ-ականներն այնպես են թաղվել կոռուպցիայի մեջ, որ նրանց հետ կապված ցանկացած ստուգում մեծ բացահայտումների կհանգեցնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են նաեւ իրավապահ մարմինների ղեկավարները: Վարչապետը նշել է. «Մենք երբ Հայաստանում բացել ենք կոռուպցիայի դեմ պայքարի էջը, միեւնույն ժամանակ փակել ենք քաղբանտարկյալների եւ քաղաքական հալածյալների, հնարավոր քաղաքական հալածանքների էջը: Շատ կարեւոր է, որ իրավապահ մարմինների գործողությունները որեւէ կերպ այլ մեկնաբանություն ստանալու իրական հիմք չունենան»:

Հատկանշական է փաստը, որ դեռեւս ապրիլի 23-ին` Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր, որ երկրում ատելության էջը փակված է, եւ վենդետաներ չեն լինելու: Ու հիմա երեկվա խորհրդակցության ժամանակ էլ նա կրկնել է միտքը, թե կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում քաղհալածյալներ չպետք է լինեն: Միայն թե վերջին օրերին որոշ շրջանակներ փորձում են շահարկել այն միտքը, թե իշխանության կողմից վենդետա է իրականացվում նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչների նկատմամբ: Պնդումները, սակայն, ընդամենը ինքնապաշտպանության բնազդի հետեւանք են. ակնհայտ է, որ քսան տարի լինելով իշխանության ղեկին` ՀՀԿ-ականներն այնպես են թաղվել կոռուպցիայի մեջ, որ նրանց հետ կապված ցանկացած ստուգում մեծ բացահայտումների կհանգեցնի, այն էլ շատ դեպքերում շղթայական բացահայտումների: Եւ այս օրերին մենք ականատես ենք լինում հենց նման իրադարձությունների, երբ ձերբակալվում կամ բերման են ենթարկվում անգամ Սերժ Սարգսյանի մերձավորները:

Ինչեւէ, հիմա իրավապահները շարունակում են իրենց գործառույթների շրջանակում տարբեր չարաշահումների բացահայտումը: Եվ վերոնշյալ բոլոր դեպքերը հանրության մի հատվածի կողմից ընկալվում է որպես օրինաչափ եւ իրավաչափ:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ՀՀԿ-ից պարզել, թե կուսակցությունն արդյոք այս իրադարձությունները որակում է որպես վենդետա, թե այլ տեսակետ ունի: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը նշեց. «Բազմաթիվ երեւույթներ են հիմա տեղի ունենում: Եվ վերջնական կարծիք կարելի է հայտնել միայն, երբ ավարտվեն իրավապահների համապատասխան գործողությունները»:

Իսկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում նշեց. «Պետք է հնարավորություն տալ ԱԱԾ-ին եւ մյուս իրավապահ մարմիններին իրականացնել իրենց վրա դրված լիազորությունները եւ պետք է հարգել նաեւ անմեղության կանխավարկածը: Պետք է լինի իրավունքի ոտնահարում, որ ես կարողանամ քաղաքական գնահատական տալ: Եթե ես վաղը գողություն անեմ, հեռու ինձնից` մեկին ծեծեմ կամ ինձ մոտ անօրինական զենք գտնեն, եւ ոստիկանությունն իմ ետեւից գա, ես, ինչ է, պետք է կանգնեմ եւ ասեմ, որ դա քաղաքական հետապնդո՞ւմ է իմ հանդեպ: Պետք է նախաքննությունն ավարտվի, իսկ հիմա եթե ես գնահատական տամ, դրանով կխանգարեմ այդ գործընթացին»:

Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանի` պաշտոնը ստանձնելուց հետո տրված հանձնարարականները` կապված գործարարների բիզնեսների ստուգման հետ, ՀՀԿ-ի կողմից այնքան էլ դրական չէին ընդունվում: Սկզբում ՀՀԿ-ականները սկսեցին ահազանգել պետական ռեպրեսիվ մեքենայի, իբր ՀՀԿականների նկատմամբ ճնշումների մասին: Սա այն բանից հետո, երբ քրեական գործեր էին հարուցվում նաեւ թավշյա հեղափոխության օրերին ՀՀԿ-ականների կողմից ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառելու փաստերի առթիվ: Հատկապես փորձ արվեց մեծ աղմուկ բարձրացնել ԱԱԾ-ի կողմից պատգամավոր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկելուց հետո: Հիշում եք` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումները: Սակայն ՀՀԿ-ականների մոտ տեսակետը կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն հրապարակեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հայտնի տեսագրությունը:

Մինչեւ այդ, երբ Գրիգորյանին ձերբակալելու որոշում էր կայացվել, ՀՀԿ-ն հայտարարեց, որ դա պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգն է: Իսկ ահա տեսանյութի հրապարակումից հետո կուսակցությունը մեկ այլ հայտարարություն տարածեց, որտեղ նշված էր, որ դա անընդունելի ու զազրելի է: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ ձերբակալված գեներալ Մ. Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանի հետ, ով վերջին օրերին պարբերաբար ահազանգում էր իրեն ուղղվող սպառնալիքների մասին: Այս ամենի մեջ, սակայն, փաստաբանը վենդետա չի տեսնում: «Գործն աննախադեպ է իր մոտեցումներով, որովհետեւ երբեք, համենայնդեպս ես չեմ հիշում, որ հանցագործության մեջ կասկածվեն ընտանիքի անդամները, այն էլ համարյա թե ամբողջ կազմով: Վենդետա բառից ես կխուսափեմ:

Բայց եթե այսօր այն հանգամանքը, որ Մանվել Գրիգորյանի պաշտպան լինելն արդեն իսկ պատճառ է հանդիսանում, որ որոշ անհավասարակշռված անձինք, խմբեր սպառնալիքներ հնչեցնեն, ուրեմն ինչ-որ բան նորմալ չի: Ցանկացած դեպքում ոստիկանությունն օպերատիվ աշխատել է, անձը հայտնի է: Եվ ես վստահ եմ, որ մնացած բոլոր նրանք, ովքեր կարող են համացանցում ցեխ շպրտել, հայհոյանք հնչեցնել, Գրիգորյանի տան վրա քար նետել, բոլոր այդ մարդիկ ոստիկանության կողմից հայտնաբերվածի մակարդակին կամ առողջական վիճակին պետք է լինեն, էլի»: Հարցին` այսինքն` ոչ թե կառավարության կողմից է փաստաբանը ճնշում տեսնում, այլ անհատ քաղաքացիների, Մկրտչյանն ասաց. «Մի խումբ քաղաքացիների կողմից, ովքեր փորձում են իրենց Հռոմի պապից ավելի կաթոլիկ դասել: Այստեղ որեւէ ուղղակի միջնորդություն կամ աջակցություն կառավարության կողմից չկա»:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս