Շիրակում սպասում են նոր կառավարության աշխատանքին. գյուղացին՝ խնդրի առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականից Գեղարքունիքի, Շիրակի ու Լոռու մարզերում սկսվեց հնդկացորենի արտադրություն: Հանրապետությունում կառուցվեց հնդկացորենի վերամշակման երկու գործարան, որոնք պետք է ծառայեին բերքի վերամշակմանն ու հնդկացորենի վերջնական արտադրությանը։ Գործարաններից մեկը Շիրակի մարզի Բավրա գյուղում էր։

Գյուղացին հիմնականում բերքից գոհ էր, բայց իրացման խնդիրը դեռ 2015-ից չլուծվեց: Բերքը արդյունքում մնաց ամբարներում: Մի կողմից վերամշակման գործարաններում տեխնիկական խնդիրներ էին առաջանում, մյուս կողմից էլ հարկավոր է դիմանալ ներկրողների հետ մրցակցությանը։ Վերամշակված հնդկացորենը պետք է վաճառվեր 1 կգ-ն 450 դրամով: Շուկայում ներկրված հնդկաձավարն ավելի թանկ արժեր: Սակայն հենց «Նոր հատիկը» հայտնվեց շուկայում, ներկրողներընոր գին սահմանեցին, մեծածախ վաճառքի գինը կազմեց 300 դրամ։ Ստացվում է` ներկրված հնդկաձավարը վաճառվեց ինքնարժեքից էլ ցածր գնով: Շիրակի մարզում գործարանն այսօր չի աշխատում: Վառելիքի խնդիրը չի լուծվում: Գործարանի տնօրեն Կորյուն Սումբուլյանը ելքեր է փնտրում, բայց անօգուտ: «Մինչեւ գործարանի ստեղծումը հնդկաձավարի գինը շատ բարձր էր: Հանրպետությունում, ըստ վիճակագրական տվյալների, սպառվում էր 9000 տոննա հնդակաձավար` 2015 թվականի տվյալներով: Սակայն ըստ նույն տվյալների` հանրապետություն ներկրվել է 500 տոննա հնդկաձավար: Ստացվում է 9000 տոննա վաճառվում է, բայց ներկրվել է 500 տոննա: Ներկրողները, ստացվում է` հիմնական ծավալը ներկրել են ոչ օրինական կերպով, հնարավոր է անասնակերի անվան տակ: Հորդորում եմ նոր իշխանություններին քննության վերցնել հարցը, թե ով է ում խաբել»,- ասում է Սումբուլյանը:

Մենաշնորհային քաղաքականությունն է, որ շուկայից դուրս է նետում տեղական արտադրանքը: Ներկրված հնդկաձավարի գնի կտրուկ նվազեցումը խոչընդոտեց գործարանների աշխատանքին: Իսկ ավելի ցածր գնով տեղական շուկա հանելը հնարավոր չէ, քանի որ գումարն անգամ կատարված ծախսերը չի փակելու:

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղացուն հույսեր էր տալիս, սուբսիդիաներ էր տրամադրում, ոգեւորում, որ գյուղացին ցանի ու վերմշակի հնդկացորեն: Սակայն հենց գյուղացին կանգնեց իրացման խնդրի առաջ, որեւէ լուծում չառաջարկվեց: Սումբուլյանի խոսքերով` «Ես առաջին օրվանից գիտեի, որ Կարեն Կարապետյանը ընդամենը «փուչիկ» է: Եկավ, ծրագրեր ուզեց, տեսավ ներկայացրինք, ասացինք բայց աշխատանք չտեսանք: Էսպես չեն աշխատում: Նայում են` իրենք օգուտ ունենան»: Գործարանը չի աշխատում, արդյունքում գյուղացու բերքն է փչանում: Այժ Շիրակում նոր կառավարության ծրագրին են սպասում, եթե Բավրայի գործարանը գործարկվի, շատերի համար նաեւ զբաղվածության խնդիր կլուծվի:

Շուշանիկ Օհանյան
Շիրակ




Լրահոս