Հանրային սննդի ոլորտում գործող մի քանի ընկերություններ հայտնվել են ՊԵԿ-ի թիրախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային սննդի ոլորտում գործող մի քանի ընկերություններ հայտնվել են պետական եկամուտների կոմիտեի թիրախում: Այդ ընկերություններից է «ՆԻԿՎԻՆ» -ը, որը Կոտայքի մարզի Արամուս գյուղի մերձակայքում իրականացնում է միաժամանակ 2 գործունեություն` հանրային սննդի եւ տաքսի ծառայության մատուցում:

Ըստ ՊԵԿ-ի` արտոնագրային հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունում ընկերությունը նշել է 215մ2 մակերեսով սպասարկման տարածք եւ 8-9 մեքենա, բայց այս մայիսին հայտարարագրել է վարձու աշխատողների ակնհայտ քիչ թվաքանակ` ընդամենը 23 հոգի: Պարզվել է, որ տնտեսվարողը 17 վարձու աշխատողի հետ չի կնքել պայմանագիր եւ հարկային մարմին նախապես չի ներկայացրել գրանցման հայտ, ինչի համար եւ տուգանվել է 10 մլն 200 հազար դրամով: Գրեթե նույն ճակատագրին է արժանացել հայտնի «Ոստան» ռեստորանային համալիրը: Այստեղ փաստացի աշխատել են 36 վարձու աշխատակից, սակայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտեր ներկայացված են եղել ընդամենը 8 հոգու համար, 28-ի պարագայում հայտերը բացակայել են: Ընկերությանը պետական բյուջե պետք է վճարի 16 մլն 800 հազար դրամ: Տեղեկացնենք, որ «Ոստանը» «Ծիրանի» ռեստորանների ընտանիքի մաս է կազմում: Այս ռեստորանների տնօրենն է Ստյոպա Ծառուկյանը:

Իսկ ահա մյուս անբարեխիղճ տնտեսվարողը Արարատի մարզի Դիտակ համայնքում հանրային սննդի օբյեկտ հանդիսացող «Հրաշք այգի» ընկերությունն է: Այստեղ իրակացված ստուգումների արդյունքում բացահայտվել է, որ 31 չգրանցված վարձու աշխատող կա, ինչը նախատեսում է տուգանք 18.6 մլն դրամի չափով: Բացի այս, արձանագրվել է նաեւ ՀԴՄ շահագործման կանոնների խախտում, որի համար ընկերությունը տուգանվել է 150 հազար դրամ:

Ս.Հ.




Լրահոս