Մալիշկայի գյուղապետի մեծական խաղերը. աղմկահարույց բացահայտման մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանը կասկածվում է խոշոր չափերի գումար յուրացնելու մեջ: Հունիսի 26-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունից ոստիկանության Եղեգնաձորի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարն անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` կնոջը եւ երկու որդիներին ձեւակերպել է Մալիշկայի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մարզադպրոցում որպես մարզիչներ: Ու թեեւ կինն ու որդիները փաստացի չեն հաճախում աշխատանքի, սակայն ամսական ընդհանուր առմամբ 800-900.000 դրամ գումար են ստանում որպես աշխատավարձ:

Պարզվել է նաեւ, որ 2017-2018 թթ. Մալիշկայի համայնքապետարանի ընթացիկ նորոգման եւ պահպանման համար դուրս է գրվել շուրջ 29 մլն դրամ: Սակայն իրականում աշխատանքները կատարվել են մասնակի, ինչի արդյունքում Մալիշկայի համայնքապետի կողմից յուրացվել են խոշոր գումարներ: Ներկայում կատարվում է քննություն: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզաբանում ստանալ Մհեր Մովսիսյանից` ոստիկանության տարածած հաղորդագրության շուրջ:

-Պարո՛ն Մովսիսյան, ոստիկանությունը Ձեզ կասկածում է խոշոր չափի գումարների յուրացման մեջ: Հիմա Դուք կարո՞ղ եք ներկայացնել իրականությունը. դա առկա՞ է, թե՞ ոչ: Դուք Ձեր կնոջն ու որդիներին գրանցել եք մարզադպրոցում, որպեսզի նրանք, այնտեղ չհաճախելով, բարձր աշխատավա՞րձ ստանան:

-Տենց բան գոյություն չունի: Ես էլ զբաղված եմ հիմա:

-Բայց այժմ ոստիկանությունը Ձեզ կասկածում է չարաշահումների մեջ:

-Տենց բան գոյություն չունի, ասում եմ:

-Այսինքն` Դուք չե՞ք գրանցել Ձեր կնոջը եւ որդիներին որպես մարզիչներ:

-Գրանցել եմ, չեմ գրանցել, դա օրինական է:

-Օրինական գրանցել եք, փաստորեն,եւ իրենք բարձր աշխատավարձ են ստանում:

-Լավ, ես արդեն ժամանակ չունեմ:

Այս ասելով` համայնքապետն անջատեց հեռախոսը:

Նշենք, որ ՀՀԿ անդամ Մհեր Մովսիսյանը գյուղապետի պաշտոնում է 2002 թվականից ի վեր: Հեղափոխության օրերին համայնքի երիտասարդությունն ընդվզել էր գյուղապետի դեմ եւ 26 կետից բաղկացած հայտարարություն կազմել, որտեղ նշված էր Մովսիսյանի չկատարած աշխատանքների, ինչպես նաեւ ապօրինությունների մասին: Այդ ժամանակ էլ գյուղապետ Մովսիսյանը հերքել էր այդ հրապարակումները` նշելով, թե եթե իր համայնքի բնակիչներն իրենից դժգոհ լինեն, ինքը ոչ միայն գյուղից, այլեւ երկրից կհեռանա:

Հ. Գ. Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մալիշկա համայնքի ղեկավարը և նրա որդին` «Մալիշկայի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2016թ. հունվարի 1-ից մարզադպրոցում որպես բուժքույր են ձևակերպել տնօրենի կնոջը, ով վերջիններիս գիտությամբ մինչ օրս փաստացի աշխատանքի ընդհանրապես չի հաճախել, սակայն որպես աշխատավարձ ստացել է ընդհանուր 2.163.400 դրամ գումար, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս:

Միաժամանակ պարզվել է, որ 2017թ. ընթացքում Մալիշկա համայնքի թվով 11 բնակիչների անվամբ, որպես սոցիալապես անապահով ընտանիքների օգնություն, ձևակերպվել և դուրս է գրվել ընդհանուր 410.000 ՀՀ դրամ գումար, որը նշված անձանց փաստացի չի վճարվել, այլ համայնքապետարանի գլխավոր հաշվապահի կողմից առձեռն տրվել է համայնքի ղեկավարին, ով նշված գումարը տնօրինել է անձնական նպատակներով: 28.06.2018, ժ. 11:05 Հունիսի 26-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Մալիշկա համայնքի ղեկավարը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագորրծելով, իր կնոջը և երկու որդիներին ձևակերպել է Մալիշկայի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մարզադպրոցում, որպես մարզիչներ, սակայն վերջիններս փաստացի չեն հաճախում աշխատանքի և ամսական ստանում են ընդհանուր 800.000 – 900.000 դրամ:

Պարզվել է նաև, որ 2016-2017թթ. ընթացքում Մալիշկայի համայնքապետարանի ընթացիկ նորոգման և պահպանման համար դուրս է գրվել շուրջ 29.000.000 դրամ, սակայն իրականում աշխատանքները կատարվել են մասնակի, ինչի արդյունքում Մալիշկա համայնքի ղեկավարի կողմից յուրացվել են խոշոր գումարներ: Կատարվում է քննություն:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս