Ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` հունիսի 25-ին Բաքվում ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, թե Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միշտ եղել է կառուցողական եւ ճիշտ: Հնչեցված տեսակետի եւ ԼՂ խնդրին վերաբերող այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ռուսաստանի պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ:
-Պարո՛ն Զատուլին, ինչպե՞ս եք վերաբերվում պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի` Բաքվում հնչեցրած տեսակետին, այն է` Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միշտ եղել է կառուցողական եւ ճիշտ:
-Դուք միտքը մինչեւ վերջ չեք ցիտում: Դրանից հետո ինքն ասաց, որ ճիշտ չէ ռազմական գործողությունների վերաբերյալ շահարկումներ անել, ստատուս-քվոի խախտմանը տանել, նա խաղաղության կողմնակից է եւ այլն: Ես ներկա չեմ եղել այդ հարցազրույցին, չեմ մասնակցել այդ գործուղմանը դեպի Ադրբեջան: Հայաստանյան որոշ լրատվամիջոցներում տարածվում են պարոն Վոլոդինի այս խոսքերը` հղում կատարելով ադրբեջանական աղբյուրներին: Բայց, չգիտես` ինչու, ամբողջությամբ ներկայացված չէ պետդումայի խոսնակի խոսքը: Ես չգիտեմ, թե ինչու է խոսնակն այդպես ձեւակերպել իր պատասխանի առաջին մասը, բայց ես լիովին համամիտ եմ նրա հետ այն հարցում, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման ռազմական ճանապարհն բացարձակապես անընդունելի է:
-Իսկ ԼՂ խնդրի կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումը Դուք ինչպե՞ս եք գնահատում:
-Ես պատրաստ չեմ հիմա Հայաստանի դիրքորոշման շուրջ արտահայտվել, նաեւ Ադրբեջանի: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ տեսակետները կարեւոր են, բայց առավել կարեւոր են կոնկրետ քայլերը եւ պրակտիկան: Ես կարծում եմ, որ Ադրբեջանը կոպիտ ձեւով խախտել է կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը: Դա խախտվել է նաեւ նախկինում, ի դեպ, երկու կողմերի կողմից: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումներին, բանն այն է, որ կոնֆլիկտի կարգավորման ճանապարհը գնում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման եւ Ղարաբաղի սահմաններից դուրս գտնվող տարածքների վերադարձի անհրաժեշտության հիմքի վրա: Իսկ այդ տարածքներն այժմ Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կողմից են վերահսկվում, կամ ինչպես նման դեպքերում Ադրբեջանում են սիրում ասել, հայկական զինված ուժերի կողմից:
Իսկ Ղարաբաղից դուրս գտնվող տարածքի` Լաչինի կամ Քելբաջարի միջանցքի դեպքում դա, միանշանակ, առանձին հարց է, որը պետք է առանձին քննարկել: Բայց, ընդհանուր առմամբ, այդ շրջանները պետք է վերադարձվեն, բայց, անշուշտ, դա պետք է լինի պայմանավորվածությամբ, որ դրա դիմաց փոխհատուցում պետք է լինի: Այսինքն, պահանջել այդ շրջանների վերադարձն առանց ԼՂ ինքնորոշման երաշխիքի կամ, մյուս կողմից, պահանջել ԼՂ ինքնորոշում եւ դրա հետ մեկտեղ համարել, որ այն, ինչ ջուրն է ընկել, կորչել է եւ այն տարածքները, որ ռազմական գործողությունների արդյունքում գրավվել են, երբեք չեն վերադարձվի, եթե այս սկզբունքն այս կամ այն կողմից խախտվում է, ապա կոնֆլիկտն ուղղակի պահպանվում է: Իսկ այն դեպքում, եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, դրա համար, իհարկե, պահանջվում է քաղաքական տղամարդկություն ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ քաղաքական էլիտաների կողմից:
Պահանջվում է նաեւ Մինսկի խմբի միջնորդների կարծիքների միասնականություն: Ինձ անգամ թվում էր, որ գուցե իրենք պետք է նախաձեռնողականություն դրսեւորեն եւ թելադրեն իրենց տեսակետը, որպեսզի այդպիսի որոշման անգամ ամենառադիկալ քննադատները հայաստանյան կամ ադրբեջանական կողմից ստիպված լինեին ասելու` այո՛, մենք ավելին էինք ուզում, բայց մենք չենք կարող տվյալ դեպքում ամբողջ աշխարհին, միջնորդներին դեմ գնալ եւ ստիպված ենք ընդունել այդ վճիռը: Այսինքն` մենք ուզում էինք կռվել, բայց մեզ չեն թողնում: Այ սա, իմ կարծիքով, հարցի լուծման ճիշտ տարբերակ կլիներ: Բայց, ցավոք, դա այժմ հիպոթետիկ է հնչում, չնայած այն մշտապես սեղանի վրա է, բոլորի համար ակնհայտ է, բայց նման որոշման դեմ շատ չարախոսներ կան:
-Ռուսաստանը շարունակո՞ւմ է զենք վաճառել Ադրբեջանին: Վերջին շրջանում վաճառքի նոր պայմանագիր կնքվե՞լ է:
-Ինձ նման պայմանագրի մասին ոչինչ հայտնի չէ: Ես ընդհանրապես չեմ հանդիսանում չինովնիկ, ով զբաղվում է զենքի գնմամբ կամ վաճառքով, բայց ներկայում ինձ հայտնի չէ Ադրբեջան ուղարկվող զենքի մասին տեղեկություն: Կարծում եմ` ընդհանուր առմամբ, 2016 թ. ամբողջ կատարվածից հետո այդ հարցը վերանայվել է:
Զրուցեց Մերի Մարտիրոսյանը