Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան, հուլիսի 16-ին Հելսինկիում կկայանա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Նշվում Է, որ «բանակցությունների ընթացքում նկատի Է առնվում քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ միջազգային օրակարգի հրատապ հարցերը»: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախօրյակին հայտնել Է, որ Թրամփի հետ Պուտինի հանդիպումը կլինի դեմ առ դեմ եւ կտեւի մի քանի ժամ, շեշտը կդրվի երկկողմ հարաբերությունների, Սիրիայի եւ զինաթափման հարցերի վրա:
Կրեմլում նաեւ չեն բացառում, որ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահները հանդիպման արդյունքներով կարող են ընդունել համատեղ հայտարարություն, որը կվերաբերի երկկողմ հարաբերություններին եւ միջազգային ասպարեզում համատեղ գործողություններին:
Նշվել Է, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովի նախաշեմին կարող են հանդիպել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Մայք Փոմպեոն: