ՍԱԲՈՏԱԺԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի երեկվա հրապարակումը, թե ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սաբոտաժի է ենթարկում Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության գործունեությունը, երբ ո՛չ ինքը, ո՛չ դիվանագետները հանդիպումներում հավուր պատշաճի չեն ներկայացնում նոր Հայաստանը, թավշյա հեղափոխության արդյունքում ձեռքբերումները, բուռն արձագանք է ստացել: Երեկ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը փորձել էր հերքել մեր հրապարակումը, բայց ոչ համարժեք ձեւով. հակափաստարկներ ներկայացնելու փոխարեն պիտակներ էր հնչեցրել հրապարակման մասին:
Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետեւություններ արել էր նախարար Մնացականյանը` վերանայելով իր գործելաոճը: Եւ ահա երեկ նա Բրյուսելում հադիպել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին: Ու Մնացականյանը վերջապես օտարերկրյա դիվանագետներին ներկայացրել է նոր Հայաստանում ստեղծված իրավիճակը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` «Նախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրեց ՀՀ-ում տեղի ունեցած վերջին զարգացումները, կառավարության արտաքին քաղաքական գերակայությունները, որոնց հիմքում ընկած է շարունակականության սկզբունքը՝ ուղղված ՀՀ ազգային շահի պաշտպանությանը։ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ ժողովրդի ուժեղ մանդատը վայելող նոր կառավարությունն իր գործողություններով ցուցաբերել է մեծ կամք ու պատասխանատվություն՝ կյանքի կոչելու հասարակության բարձր ակնկալիքներն՝ արդարադատության, օրենքի գերակայության, տնտեսական, սոցիալական եւ այլ ոլորտներում հավասար իրավունքների ապահովման ուղղությամբ, վճռականորեն արձագանքելու կոռուպցիայի սպառնալիքներին եւ մարտահրավերներին։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ ՀՀ նոր կառավարության այդ վճռականությունն աներեր է ու ապացուցվում է գործով»:
Հետաքրքիր է` եթե կարող էին այսկերպ վարվել, ինչո՞ւ ավելի քան մեկ ամսվա ընթացքում չէին անում: Իսկ մենք սպասում ենք նաեւ հայ մյուս դիվանագետների նման հանդիպումներին:

 

 

Նախօրեին ոստիկանությունը խուզարկություններ էր կատարել 12 «օրենքով գողերին», 18 քրեական հեղինակություններին պատկանող առանձնատներում, հայտնաբերել զենք-զինամթերք, թմրանյութեր: Միայն թե, նկատենք` խուզարկության ենթարկված անձանցից ձերբակալվեցին միայն երկու հոգի՝ Մասիվցի Անդիկ մականվամբ Անդրանիկ Հարությունյանն ու Ալո մականվամբ Ալեքսանդր Մակարյանը: Սա, թերեւս, տարբեր եզրակացությունների տեղիք է տալիս: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ձերբակալվածներից հատկապես Ալո մականվամբ Ալեքսանդր Մակարյանը ժամանակին դեմ է գնացել «Սասնա ծռերին» կալանավայրում ճնշելու որոշ «օրենքով գողերի» առաջարկին: Մինչդեռ, Սերժ Սարգսյանի իշխանությանը ծառայող «օրենքով գողերից» մի քանիսը, ընդհակառակը, ցանկացել են «Սասնա ծռերի» հետ հաշվեհարդար տեսնել: Մակարյանին նախորդ իշխանությունները չներեցին այդ հանդգնության համար եւ նրան Հայաստանից արտաքսեցին Թուրքիա: Եվ ահա նա նոր էր վերադարձել Հայաստան եւ կրկին հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում:

 

 

Էջմիածնում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո այդ քաղաքում պարզապես բեսպրեդել է: Այնտեղ մշտապես թշնամիներ համարվող երկու կլանների ղեկավարները` Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) եւ Մանվել Գրիգորյանը, կալանավորված են, այսինքն` չեզոքացված: Արդյունքում, այժմ քաղաքում թելադրող չեն կարող համարվել նաեւ նրանց կլանի ներկայացուցիչները կամ մտերիմները: ՈՒ հիմա նրանց փոխարեն նոր «մանվելներ» եւ «պիպոներ» են ծնվում, արդեն իրենց սեփական կլանը ստեղծում, հարցեր լուծում: Իրավիճակն ավելի է լրջացել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականից հետո, երբ այլեւս չկա նաեւ տեղական իշխանությունը, որ կարող է միջամտել: Հիմա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նոր կլան դառնալու հավակնություն են ներկայացնում Սանկտ-Պետերբուրգից վերջերս եկած անձինք, որոնք իրենց մերձավորների միջոցով փորձում են արգելել Մանվել Գրիգորյանի ու Արթուր Ասատրյանի ընտանիքին պատկանող բիզնեսների գործունեությունը: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած էջմիածինցիները, եթե պետությունը, նոր կառավարությունն իրավիճակն իր ձեռքը չվերցնի ու չկանխի նոր կլանի ստեղծումը, Էջմիածնում ավելի վատ բարքեր կտիրեն, քան առաջ էին:

 

 

 

ՀՀ ոստիկանությունը երեկ մանրամասներ է հրապարակել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում կատարված հատուկ գործողությունների արդյունքների վերաբերյալ: Ըստ այդմ` «Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլիփս» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 մլրդ 15 մլն 869 հազար 600 հարյուր դրամ: Միայն թե «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության տնօրեն Ալեքսան Զաքարյանը պնդել է, թե իրենց թիրախավորել են: «Քրեական գործ է հարուցված, թող հետաքննեն, պարզեն, թե ով է ճիշտ: Դուք ինքներդ չե՞ք տեսել, որ «Էլիպս»-ը սպասարկում է այդ համակարգը, ու հիմա հանկարծ պարզվում է, որ «Էլիպս»-ի հետ այդ պայմանագիրը կնքվել է փող լվանալու համար: Հավանաբար պետք էր իրենց, որ այդպես նշեին, բայց դե ես հասկանում եմ` կոռուպցիայի դեմ պայքար է… դա շատ լավ է, մենք առաջիններից ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարին կողմ ենք: Քանի որ մեզ այսքան տարի հալածել է հենց նույն այդ կոռուպցիոն վիճակը, որը մեզ չի թողել աշխատել, մեզ շուկայից դուրս է մղել եւ այլն»,- ասել է նա:

 

 

 

ՕԵԿ-Ի ԼԱՅՎԸ
Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո ՀՀԿ-ականներից բացի ամենաշատը պետք է տխրեր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Պետք է տխրեր, քանի որ թավշյա հեղափոխության արդյունքում քաղաքական դաշտից դուրս է մղվում նաեւ նրա տեսակը: Միայն թե Արթուր Բաղդասարյանը դեռ չի ցանկանում հաշտվել այդ մտքի հետ: Ընդհակառակը, տեսնելով, որ ԱԺ արտահերթ ընտրությունները յոթ սարի հետեւում չեն` ակտիվացել ու փորձում է հիշեցնել իր մասին: Ընդ որում` Արթուր Բաղդասարյանն իր մասին հիշեցնում է ամենամոդայիկ, ամենաժամանակակից ձեւերով` «լայվի» միջոցով՝ սոցիալական ցանցերում ուղերձ հղելով: Մենք չենք անդրադառնա Բաղդասարյանի տեսաուղերձում հնչեցրած հայտարարությանը, թե կառավարության կազմում «եղան նաեւ օդիոզ նշանակումներ»: Մենք չենք հիշեցնի իշխող նախորդ կառավարություններում ՕԵԿ-ի առաջադրած օդիոզ կադրերին, որոնք, պարզվում է, գաղափար չունեին իրենց վերապահված ոլորտներից: Չենք հիշեցնի ՕԵԿ-ական նախարարների հետ կապված սկանդալները, այդ թվում նաեւ կոռուպցիոն սկանդալները, չարաշահումները, հարուցված ու ջրված քրեական գործերը: Այս ամենի մասին շատ-շատ է խոսվել: Վերջին օրերին կոռուպցիոն բացահայտումների համատեքստում չենք խոսի այն մասին, թե ինչպես էր Արթուր Բաղդասարյանը ԱԱԽ քարտուղար եղած 6 տարիների ընթացքում հասցրել մեծ հարստություն կուտակել, ըստ օդում կախված լուրերի՝ բիզնես արել, պաշտոնը սեփական հարստացման նպատակով ծառայեցրել:
Արթուր Բաղդասարյանի տեսաուղերձում ուշագրավ էր մարտի 1-ի մասին հայտարարությունը: ՈՒ քանի որ իրավապահ համակարգը նոր թափով է ձեռնամուխ եղել մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը, կարծում ենք, նրա հայտարարությունները կարեւոր տեղեկություններ են պարունակում մարտի 1-ի իրադարձություններին զինված ուժերի օգտագործման մասին:Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ 2008թ. կոալիցիա կազմելու որոշմանը` ասել է. «Իմ այդ քայլի նպատակն էր, որ ավելի քիչ մարդ գար, որովհետեւ այդ որոշումը, այդ անօրեն հրամանը ընդունված էր՝ զորքի օգտագործման, զինուժի օգտագործման համար, եւ կարող էր շատ ավելի մեծ թվով զոհեր լինեին»:
Ուշադրություն դարձրի՞ք մարտի 1-ի ներքաղաքական իրադարձություններին զինուժի օգտագործման մասին վկայություններին, եւ սա այն դեպքում, երբ նախկին իշխանություններն ամեն կերպ հերքում էին այդ հանգամանքը: Հիմա այս ամենը փաստում է ԱԱԽ նախկին քարտուղարը, որն ի պաշտոնե ժամանակին հնարավորություն է ունեցել շատ գաղտնիքների տիրապետելու: Կհարցնեք՝ ինչու նա այդ ամենն ավելի վաղ չէր ասում: Պարզ է՝ պաշտոնը քաղցր բան է, հանուն պաշտոնի պետք է լռեր` մաս կազմելով սեփական ժողովրդի վրա բանակը հանած իշխանությանը:




Լրահոս