Հունիսի 23-ին կկայանա «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության համագումարը: Հիմնադիրը Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար, նախկին ՀՀԿ-ական Խաչիկ Ասրյանն է, որը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո լքեց կուսակցությունը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հենց Խաչիկ Ասրյանի հետ:
-Պարո՛ն Ասրյան, Հայաստանում կա մոտ 8 տասնյակ կուսակցություն: Եվս մեկը բացելով` Դուք ի՞նչ խնդիր եք լուծում:
-Այո՛, Հայաստանում 70-ից ավելի կուսակցություններ կան, բայց ինձ երբեք այդ թիվը չի հետաքրքրել եւ չի հետաքրքրում: «Հայոց արծիվներ»-ն իր անցած 15 տարվա գործունեության արդյունքում 1500 միջոցառումների տեսքով հայ ժողովրդի արյան մեջ եւ սրտում շատ մեծ, օգտակար, դրական ազդեցություն է ունեցել: Եվ երբ սույն թվականի ապրիլի 23-ից, իմ խորին համոզմամբ, Հայաստանում սկիզբ առավ քաղաքական նոր ժամանակաշրջան, ժողովի որոշմամբ մենք ստեղծեցինք «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, որի առաքելությունը հայապահպանությունն է, հայ ժողովրդի եւ հայոց պետականության անվտանգությունը:
-Երբ «Հայոց արծիվներ» ՀԿ-ն հիմնում էիք, այդ ժամանակվանի՞ց էիք մտադիր կուսակցություն դարձնել, թե՞ հետո որոշվեց:
-Կուսակցություն ստեղծելու գաղափարն ինձ մոտ ծնվել է երեւի վերջին 5 տարիների ընթացքում: Պարզապես լավագույն ժամանակը հենց սա էր:
-Իսկ ինչո՞ւ 5 տարի առաջ չէիք հիմնում, երբ Սերժ Սարգսյանն էր դեռեւս երկրի նախագահը:
-Բացառվում է, որ Ս. Սարգսյանի նախագահ եղած ժամանակ ես դուրս գայի փոխնախարարի պաշտոնից, ՀՀԿ-ից դուրս գայի եւ Ս. Սարգսյանի դեմ քայլ անեի: Իսկ այդ ժամանակ կնշանակեր այդպես: Ոչ մի պատճառաբանություն իմ կողմից չէր կարող արդարացնել,եթե ես 5 տարի առաջ այդ քայլն անեի: Երբ ապրիլի 23-ին Հայաստանի 3-րդ նախագահ Ս. Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց եւ ինքնակամ հեռացավ պետական համակարգից, դրանից հետո է իմ կողմից բարոյական «Հայոց արծիվներ»-ը կուսակցություն դարձնել եւ ինքնուրույն մասնակցել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին: Խնդիրն այստեղ զուտ բարոյականության մեջ է:
-Այսինքն` եթե այն ժամանակ կուսակցություն բացեիք, դա Սերժ Սարգսյանի նկատմամբ անբարո՞ քայլ կլիներ:
-Իհարկե: Իմ կողմից եւ «Հայոց արծիվներ»-ի կողմից դա բացասական կանդրադառնար ամեն ինչի վրա:
-Որքանով տեղյակ ենք, Ձեր ՀԿ-ն ֆինանսավորվում էր երջանկահիշատակ Լեւոն Հայրապետյանի կողմից: Իսկ հիմա ո՞վ է ֆինանսավորում:
-Բացառվում է, որ երջանկահիշատակ Լեւոն Հայրապետյանը «Հայոց արծիվներ»-ին ֆինանսավորեր: Հայրապետյանը համագործակցել է 7 միջոցառումներ Ազգային բանակի տարբեր զորամասերում կազմակերպելու հարցում եւ թվով 600 օդամղիչ հրացաններ իր կողմից գնելու եւ դպրոցներին աջակցելու: Համարենք, որ 8, 9 միջոցառման է մասնակցել Լ. Հայրապետյանը, իսկ «Հայոց արծիվներ»-ն, ինչպես նշեցի, 1500 միջոցառում է կազմակերպել:
-Իսկ նոր կուսակցության համար միջոցներ որտեղի՞ց եք գտնելու:
-Առայժմ ես ժամանակ չունեմ մտածելու կուսակցության հզորացման համար միջոցներ հայթայթելու մասին: Բայց կոնկրետ մեր համագումարը մենք լրիվ մեր ուժերով ենք կազմակերպում. 3-3,5 մլն դրամ ենք ծախսել այս պահին:
-Իսկ ինչպե՞ս ընդունեցիք Ս. Սարգսյանի հրաժարականը:
-Շատ ցավոտ: Անսպասելի եւ շատ ցավոտ: Ոչ միայն ես չէի սպասում, այլ ոչ ոք չէր սպասում:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ բավական մեծ թվով քաղաքացիներ դուրս եկան փողոց եւ մերժում էին Ս. Սարգսյանին ու ՀՀԿ-ին:
-Եթե նման հոծ բազմություն դուրս եկավ եւ մերժեց, նշանակում է` իրոք, խնդիրներ եղել են: Բայց այնպես չի, որ այդ խնդիրներն այս պահին արդեն լուծվել են: Խնդիրներ միշտ էլ լինելու են, պարզապես պետք է օրվա 24 ժամը ջանք ու եռանդ չխնայել դրանց լուծման համար:
-Ս. Սարգսյանի հրաժարականի օրը տոնախմբություն էր հանրապետությունում: Սա ինչպե՞ս ընդունեցիք:
-Համազգային տոնախմբություն չի կարող լինել, պարզապես մարդիկ փորձում էին ուրախանալ եւ ուրախացան:
-Շամպայնով փողոցներում նշում էին մարդիկ:
-Ես շամպայն, ոչ մի բան չեմ տեսել:
-Այնուամենայնիվ, ինչո՞ւ դուրս եկաք ՀՀԿ-ից: Ս. Սարգսյանն այլեւս Ձեր առաջնո՞րդը չէ: Նա շարունակում է ՀՀԿ նախագահը լինել:
-Գիտեմ: Բայց դա արդեն իմ եւ կազմակերպության գործունեության հետ էլ որեւէ կապ չունի: Մենք արդեն որոշում ենք կայացրել, եւ դա նշանակում է, որ այսուհետ մենք էլ որեւէ մեկի հետ ոչ մի կապ չունենք: Եթե Ս. Սարգսյանը հրաժարական չտար, մենք կուսակցություն չէինք բացի:
-Այսինքն` միայն հանուն Սարգսյանի՞ էիք ՀՀԿ-ում մնում:
-Ոչ միայն հանուն Ս. Սարգսյանի: Ես ՀՀԿ-ում 2003 թ. էի լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հորդորով: Ես ՀՀԿ-ական եմ բացառապես գաղափարական առումով եւ հիմա իմ գաղափարաբանությունը տանում եմ առանձին:
-Ժամանակին Դուք ասում էիք, որ պատրաստ եք դժոխքի դարպասների պահակը լինել Ս. Սարգսյանի համար:
-Այստեղ մենք խոսում ենք արժեքների մասին: Առաջնորդապաշտությունը երբեք չխառնեք անձնապաշտության հետ: Ես «Հայոց արծիվները» հիմնել եմ 2010 թ., իսկ այդ ժամանակ նախագահը Ս. Սարգսյանն էր: Ինչ վերաբերում է նրան, որ ասել եմ, պատրաստ եմ ցանկացած հրաման կատարելու, այդ թվում` լինելու դժոխքի դարպասների պահակը, իհարկե դրսի կողմից, շեշտում եմ: Այսօր էլ եմ ես պատրաստ նույնն ասելու իմ պետության եւ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:
-Հիմա երկրի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է: Հիմա էլ իրե՞ն պետք է պաշտել:
-Չենք կարող ասել, որ առաջնորդը Ն. Փաշինյանն է, քանի որ Հայաստանում գործում է ՀՀ նախագահը: Իհարկե, Ն. Փաշինյանը բավական լուրջ լծակներ ունի, բայց մի՛ մոռացեք, որ ունենք նոր նախագահ:
-Իսկ Ս. Սարգսյանի հետ կապը պահո՞ւմ եք:
-Ո՛չ: Ս. Սարգսյանին վերջին անգամ հանդիպել եմ 2017 թ. փետրվարի 7-ին:
ԿՈՄՊՐՈՄԻՍ ԿԱ՞Ր, ԹԵ՞ ՈՉ
Երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների աղմկահարույց նախագիծը: Այն նպատակ ունի բարեգործության բնագավառում ներկայում գործող կարգավորումները համապատասխանեցնել սահմանադրության պահանջներին: Վարչապետի որոշմամբ` ստեղծվելու է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որն էլ լիազորված մարմնին առաջարկություններ է ներկայացնելու: Սահմանվելու է, թե որ ծրագրերն են ենթակա բարեգործական որակմանը եւ կարող են որակվել որպես հարկային արտոնություններ ստացող:
Այս նախագիծը կառավարության եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների միջեւ կոնֆլիկտի պատճառ դարձավ: Ի վերջո, «Ծառուկյան» խմբակցությունում այսօրինակ նախագիծն ընդունեցին որպես իրենց առաջնորդի դեմ քայլ, իրենց նետված մատահրավեր: Հատկապես նախագծի առաջին ընթերցման ժամանակ շատ էին կառավարության հասցեին խայթոցները, չնայած իրենք էլ են նույն այդ կառավարության մաս:
Երեկ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե իրենց մտահոգությունները` նախագծի հետ կապված, քննարկումներ եղել են, եւ դրանք հանված են։ «Կոմպրոմիսը գտնված է, եւ «Ծառուկյան» դաշինքը քվեարկում է կողմ», – ասաց Զոհրաբյանը։
Միայն թե վարչապետի խոսնակ Արման Եղոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հակառակն է պնդել. «Օրենքն ընդունվել է հենց այն բովանդակային իմաստով, ինչը նախատեսված է եղել ի սկզբանե: Համենայնդեպս, կառավարությունը որեւէ կոմպրոմիսի չի գնացել, որովհետեւ նման կոմպրոմիսի կարիք չի տեսել»:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Նաիրա Զոհրաբյանի հետ պարզելու համար, թե ինչ կոմպրոմիսի մասին է խոսքը, եթե վարչապետի խոսնակը հերքում է այդ հանգամանքը: «Ես պնդում եմ իմ ասածը: Այն դեպքում, երբ ցանկանում ես հարկային կամ որեւէ այլ արտոնություն կամ պարգեւատրում բարեգործության համար, այդ հատվածը նախկինում կառավարության որոշմամբ էր կարգավորվում, հիմա ներառվել է օրենքում: Այդ իսկ պատճառով մենք քվեարկել ենք կողմ: Սա մեզ համար կոմպրոմիս է, եւ հորդորում եմ հարգարժան խոսնակին կոմպրոմիս բառից չանհանգստանալ եւ հատուկ ընդգծված հայտարարություններ չանել: Ի վերջո, սիրո եւ համերաշխության հեղափոխությունը ենթադրում է նաեւ կոմպրոմիսներ»:
Նյութերը` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ
ՇՄԱՅՍԻՆ ՏԱՐԱՆ
Երեկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Այգեկ գյուղում գտնվող առանձնատանը, որից հետո` արդեն ուշ երեկոյան, նրան բերման են ենթարկել ԱԱԾ: «Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ զրուցեց Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, թե խուզարկության մասին իմանալուց անմիջապես հետո գնացել է նրա տան մոտ, սակայն բացի ընտանիքի անդամներից ոչ մեկին ներս չեն թողել: Դիտարկմանը` ասում են անօրինական զենք են գտել, նա նշեց. «Ոչ մի բան էլ չեն հայտնաբերել: Իմ իմացած տեղեկություններով` իր մարտական զենքերն են: Դրանք ոչ մարտական զենքեր են, իր հավաքածուն է, մի 4-5 հատ ունեն, թանգարանի նման բան է սարքել, դրանք են գտել: Ես այդ զենքերը վաղուց եմ գտել, իմ իմանալով` ոչ բայեվոյ են: Այդքանը գիտեմ»:
ՔԱՂՀԱԼԱԾՅԱԼ ՉԷ
Հունիսի 13-ին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության գործերի կառավարչի պաշտոնից ազատել է Դավիթ Բեգարյանին՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնուն: Արդյոք այս ազատումը Հերմինե Նաղդալյանը դիտարկո՞ւմ է որպես քաղաքական ռեպրեսիա, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Նաղդալյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ մի բան էլ չեմ դիտարկում: Իմ ամուսինը բավական երկար ժամանակ է, ինչ հայտարարել է, որ դուրս է եկել կառավարության իր աշխատանքից»:
Ինչպես հիշում ենք, նախորդ տարվա նոյեմբերին հայտնի դարձավ, որ պատգամավոր Նաղդալյանը բյուջեի հաշվին մի քանի մլն դրամի խոսել էր հեռախոսով: «Հիմա ես ընդհանրապես չեմ օգտվում այդ կապից»,- մեր հարցին ի պատասխան` նշել է նա: Իրականում, սակայն, Նաղդալյանին` հայտնի պատմության բացահայտումից հետո զրկել են ծառայողական հեռախոսահամար ունենալու արտոնությունից:
ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գորիսի ՔԿՀ-ում զանգվածային անկարգություներ են եղել: Արդյունքում՝ հիմնարկում վնասվել է ՔԿՀ-ին պատկանող գույքը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատապարտյալներ Արթուր Պապիկյանին, Հովհաննես Գեւորգյանին, Անդրանիկ Խաչատուրյանին, Թաթուլ Գեւորգյանին, Գարիկ Ղահրամանյանին, Գեւորգ Եղոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք գործով չպարզված մի խումբ անձանց հետ մասնակցել են ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում գույքի վնասմանը եւ ոչնչացմանը, ինչպես նաեւ ՔԿՀ-ի տարածքում իրականացրել են զանգվածային անկարգություններ: Ըստ էության, դատապարտյալները չեն հաշտվում նոր ՔԿՀ պետի հետ ու պարբերաբար նման միջադեպեր են կազմակերպում: