ԵԿՄ-ՈՒՄ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ. ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ` ԿՐԿԻՆ ԻՐԱՐ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրապահ Կամավորական Միության նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո այդ կառույցի շուրջ պայքարը շարունակվում է: Այս օրերին ակտիվացել են ազատամարտիկների տարբեր միությունների անդամներ, ովքեր ցանկանում են միությունն իրենցով անել: Ընդ որում` խոսքն այնպիսի ազատամարտիկների մասին է, ովքեր տարբեր տարիներին դադարեցրել են ԵԿՄ անդամակցությունը կամ այրել են կամուրջները հենց Մանվել Գրիգորյանի պատճառով: Ու հիմա կարծես թե եկել է վրեժխնդիր լինելու եւ այդ կառույցն էլ Գրիգորյանի ձեռքից վերցնելու իսկական ժամանակը:

Խոսքը «Ազատամարտիկների դաշինք»-ի մասին է, որն այն ժամանակ ստեղծել էին մի խումբ ազատամարտիկեր՝ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի գլխավորությամբ: Նրանք Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ակտիվ հանդիպումների մեջ էին, եւ այն, կարծես թե, ունեցավ այնպիսի հանգուցալուծում, որը հենց նրանց սրտով է:
Երեկ ԵԿՄ գլխավոր մասնաշենքում տեղի ունեցավ ԵԿՄ անդամների նիստը, որին մասնակցում էին նաեւ ոչ ԵԿՄ անդամ հանդիսացող ազատամարտիկները` Ռազմիկ Պետրոսյան, Ռուստամ Գասպարյան, Գագիկ Մելքոնյան, Մյասնիկ Մալխասյան (ԵԿՄ նախկին փոխնախագահ), Սմբատ Հակոբյան եւ այլք: Հենց այս մարդիկ տարիներ շարունակ ոչ մի շփում չեն ունեցել Մանվել Գրիգորյանի հետ:
Երեկ ազատամարտիկների միջեւ քննարկումները բավական լարված էին եւ երկարատեւ: Ակնհայտ է, որ շատ հարցերում կան սկզբունքային տարաձայնություններ, լարվածություններ: Եվ սա բնական է, ի վերջո, հավաքվել են տարբեր ազատամարտիկներ, տարբեր խառնվածքներ: Եվ առաջին հերթին հակասությունը վերաբերում է ԵԿՄ-ի հետագա կառուցվածքին: Բանն այն է, որ «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամները ԵԿՄ-ի հետագա գործունեությունը տեսնում են վարչության տեսքով, ինչպես հենց իրենց մոտ է, իսկ ահա ԵԿՄ-ի գործող անդամները, նաեւ փոխնախագահներ Ղուկաս Ուլիխանյանն ու Համլետ Հայրապետյանն այլ կարծիք ունեն: Վերջիններս կարծում են, թե ԵԿՄ-ն պետք է նախագահ ունենա, այլ ոչ թե միայն վարչություն:
Հենց այս հանգամանքն էլ երեկ բուռն քննարկման առարկա է դարձել: Սակայն մյուս կողմից բոլորն էլ հասկանում են, որ դժվար կլինի գտնել մի մարդու, ով կունենա բոլոր ազատամարտիկների անվերապահ աջակցությունը եւ կդառնա ԵԿՄ նախագահ: Եվ մինչ ազատամարտիկների միջեւ սկզբունքային տարաձայնությունները շարունակվում են, երեկ որոշում կայացվեց հունիսի 24-ի անցկացնել ԵԿՄ ընդլայնված նիստ, որի ժամանակ կկասեցվեն Մանվել Գրիգորյանի լիազորությունները, եւ կորոշվի արտահերթ համագումարի հարցը: Իսկ մինչ այդ էլ կառույցի նախագահի պարտականությունները կկատարեն հենց փոխնախագահները:
Այն հանգամանքը, որ ԵԿՄ գործող անդամները չեն ցանկանում առանց նախագահ մնալ, պարզ է դառնում նաեւ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանի խոսքերից: Մասնավորապես, նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծես ուղերձ հղեց Ալբերտ Բազեյանին, Արամ Սարգսյանին եւ Սասուն Միքայելյանին, որ իրենք եւս գան եւ մասնակցեն քննարկումներին` անուղղակի հասկացնելով, որ հենց նրանցից մեկին են տեսնում հետագա ղեկավարի պաշտոնում:
Հետաքրքիր է, որ ԵԿՄ-ում այնքան էլ լավ չի ընդունվել «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամների կամ Ռուստամ Գասպարյանի կամ իր թիմի միանալը: Գործող ԵԿՄ-ականները կարծում են, թե վերջիններս անձնական ամբիցիաներ են առաջ տանում` «առաջ ուր էին», «դե կարող էին, թող Մանվելի ժամանակ գային» եւ այլ այդպիսի փաստարկներ բերելով: Ընդ որում` երկրապահներին հատկապես վիրավորում է այն հանգամանքը, որ իրենց նոր միացածները փորձում են տարբերակում դնել` ասելով, թե լավագույն մարդկանցից շատերը դուրս են եկել ԵԿՄ-ից: Այս արտահայտությունը երեկ եւս վեճի առիթ է դարձել եւ հանգեցրել նրան, որ գործող ԵԿՄ-ներից մի քանիսը ցուցադրաբար սենյակից դուրս են եկել` ասելով, թե հենց ԵԿՄ-ում են լավերը մնացել:
Փաստ է մեկ բան` ԵԿՄ-ի համար եւս լավ օրեր չեն սկսվել, եւ այստեղ եւս Մանվել Գրիգորյանից տարբեր առիթներով նեղացածներն են փորձելու շահած դուրս գալ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԳԱՂՏՆԻ՞ Է ՊԱՀՎՈՒՄ

Հայաստանի տեսչական մարմիններում նոր կրքեր են բորբոքվում: Առաջինը իրենց մտահոգությունները բարձրաձայնել են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, ովքեր այդ մասին բաց նամակ են հղել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Բանն այն է, որ իրենք հունիսի 19-ին կառավարության կայքէջից տեղեկացել են, որ հրապարակվել է վարչապետի որոշմամբ հաստատված սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը: Աշխատակիցները սոցիալական կայքերից (ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ֆեյսբուքյան էջից) են տեղեկացել, որ հունիսի 20-ին կայանալու է խորհրդի նիստը տեսչական մարմնի ղեկավարի թեկնածության հարցը քննարկելու համար:
«Ներկայացվել էր մեկ թեկնածու, որի վերաբերյալ մտահոգվելով` հասարակական կազմակերպությունները մատնանշել են այլընտրանքային թեկնածուներ առաջադրելու գաղափարը: Ծառայության երկարամյա փորձ ունեցող մասնագետը` Արմեն Վարդանյանը, թեեւ ուշացած տեղեկանալով այդ մասին, այնուամենայնիվ ողջունել է թափանցիկության եւ այլընտրանքի հնարավորությունը եւ հունիսի 20-ին՝ մինչեւ խորհրդի նիստի սկսվելը, խորհրդի կազմում ներկայացված հասարակական կազմակերպության ներկայացուցիչների՝ Բաբկեն Պիպոյանի, Հակոբ Ավագյանի էլեկտրոնային հասցեներին ներկայացրել է իր կենսագրությունը»,- նշված է վարչապետին ուղղված բաց նամակում: Սակայն Ա. Վարդանյանի թեկնածությունը չի քննարկվել առնվազն մեկ օր առաջ կենսագրականը խորհրդի անդամներին չներկայացնելու պատճառաբանությամբ: Ըստ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների` մեկ օր առաջ խորհրդի կազմը հրապարակելու եւ հաջորդ իսկ օրը նիստ անցկացնելու իրողության պարագայում գործնականում այդ պահանջի ապահովումը իրատեսական եւ օբյեկտիվ չէ` հաշվի առնելով նաեւ թեկնածուների ներկայացման եւ նիստի անցկացման վերաբերյալ ընթացակարգի փաստացի բացակայությունը: Ավելին` աշխատակիցները ակնկալում են, որ կանցկացվի խորհրդի եւս մեկ նիստ, որում կքննարկվեն բոլոր հնարավոր թեկնածությունները:
Այս եւ մյուս տեսչական մարմինների աշխատակիցները համոզված են, որ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանի (որը մեկ շաբաթ առաջ է նշանակվել այս պաշտնին) իմացությամբ է կատարվում այս ամենը: Այսինքն` «գաղտնի է պահվում, թե ով է լինելու թեկնածուն, որին խորհրդի կազմը հաստատում է ու իբր ընտրում են»: Մտավախություն կա, որ նույնը կատարվելու է նաեւ մյուս տեսչական մարմինների դեպքում:
Սակայն ինքը` Հայկ Այվազյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ստիպված է տխրեցնել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներին, քանի որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է: «Գուցե սխալ են հասկացել օրենքը կամ օրենքի սկզբունքները, տրամաբանությունը: Ինչ որ չափանիշներում մարդիկ առաջադրվում են ու նշանակվում են: Ավելին` թեկնածուների ներկայացումը վարչապետին կատարվեց Հանրային հեռուստաընկերության եթերում, դա համարում են գաղտնի: Օրենքով նախատեսված ընթացակարգ է: Թեկնածուները արդեն իսկ ներկայացվել են, եթե կլինի իրավիճակ, որ վարչապետը երկու թեկնածուներից ոչ մեկին չի նշանակի, ապա նորից խորհուրդի անդամներին կներկայացվեն թեկնածուներ, որոնց թեկնածությունը խորհուրդը կքննարկի եւ դարձյալ կներկայացնի վարչապետի նշանակմանը»,- պարզաբանեց Այվազյանը:
Իսկ ահա մյուս տեսչական մարմինների մասով Հայկ Այվազյանն ասաց, որ խորհուրդները ձեւավորված են, նիստեր կլինեն, որի ժամանակ կքննարկվեն թեկնածությունները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՏԵՌՈՐ Է ԱՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմել ԵՊԲՀ ստոմատոլոգիայի ամբիոնի մի խումբ պրոֆեսորներ` բողոքելով, որ իրենց բուհի աշխատակից, միեւնույն ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը տարբեր մեթոդներով պարբերաբար խնդիրներ է առաջացնում կոլեկտիվում: Քյալյանի ժամանակ դեկանից հեռացված, իսկ այսօր պատգամավորի աթոռին հայտնված տիկինը որոշել է ամբողջ գերդաստանով խոր արմատներ քցել ԵՊԲՀ-ում եւ այդ նպատակին հասնելու համար դիմում է ոչ այդքան ազնիվ մեթոդների, օրինակ, կարելի է ասել, որ սպառնում է բոլորին` ասելով, որ իր պահանջների կատարումը պետք է ապահովվի, քանի որ նա ունի Ծառուկյանի դաբրոն: Պատգամավորի որդին այս բուհում է աշխատում, դուստրը նույնպես: Բայց երեւի թե այս ամենը չի բավարարում ԲՀԿ-ական պատգամավորին, եւ նա, հաշվի առնելով երկրում տեղի ունեցած փոփոխությունները, փորձում է օգուտներ քաղել ու, մեղմ ասած, ոչ ադքան արդար ճանապարհներով: Ըստ մեր աղբյուրների` պատգամավորուհին ջանքեր է գործադրում իր 30 տարեկան որդուն ամբիոնի վարիչի պաշտոնին նշանակելու համար:
Բանը հասել է նրան, որ երկարամյա փորձ ու վաստակ ունեցող ստամատոլոգները որոշել են բաց նամակ գրել ռեկտորին, առողջապահության նախարարին, միեւնույն ժամանակ Գագիկ Ծառուկյանին, որպեսզի ի վերջո կարգի հրավիրեն տիկնոջը, որը կարծես թե դառնում է «անտանելի»:
Միայն թե անձամբ պատգամավորը փորձում է հերքել այս լուրերը. «Ուրեմն նրանք ստացել են ինֆորմացիա, քանի որ ես արդեն երկու շաբաթ առաջ իմ վերադասին` պրոռեկտորներին, զգուշացրել եմ, որ անարդարություն է ամբիոնում, գնում է ճնշում, եւ ես պետք է արդեն դիմեմ համապատասխան գերատեսչությանը: Մինչ այդ էլ երկու շաբաթ առաջ ես մոտեցել եմ նախարարին եւ ասել եմ, որ խնդիր կա, ճնշում կա իմ որդու նկատմամբ: Ինքը ինձ ասաց, որ գրավոր կբացատրեք, իմ սխալն այն է, որ ես գրավորը ուշացրեցի»: Որդուն ամբիոնի վարիչ դարձնելու մասին հարցին էլ պատասխանեց. «Ուրեմն մեզ մոտ մրցույթ էր, ընդհանրապես, եթե ես էլ ուզենայի ամբիոնի վարիչ դառնալ, դեռ կրթության նոր օրենքը չկա, ես կարող էի դիմել, եւ համոզված եղեք, որ ես իմ հեղինակությամբ կանցնեի ամբիոնի վարիչի պաշտոնին: Եթե ես նման նպատակ ունենայի, իմ տղան կտար, մրցույթին կմասնակցեր, իմ տղան ամբիոնի վարիչի մրցույթին գործերը չի տվել, մասնակցությունը չի տվել, ինքը մրցույթին մասնակցել է թափուր պաշտոնի տեղին, ինչի մասին է խոսքը…: Ես շատ լավ գիտեմ, բոլորին էլ լավ ճանաչում եմ, մեր խոհանոցն էլ լավ գիտեմ, ամեն ինչն էլ կբացվի եւ չեմ վախենում, վերջապես թող արդարությունը գա ջրի երես: Այն նախկին ռեժիմին հավակնողները եւ հաճոյացողները, թող հիմա դիմակ չհագնեն ու չասեն, որ ես թավշյա հեղափոխություն եմ օգտագործում եւ այլն եւ այլն, Գագիկ Ծառուկյանի անունն եմ տալիս, թող ամաչեն»:

Ք. Մ.




Լրահոս