Ո՛Չ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵ՞ՏՆ Է ՏԵՂՅԱԿ, Ո՛Չ ԷԼ Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆԵՐՈՐԴԻ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է: Ինչպես հայտնի է, թավշյա հեղափոխությունից հետո առաջին ստուգումներից մեկը ԱԱԾ-ն անցկացրեց Երեւանի քաղաքապետարանի ստեղծած ու քաղաքապետարանի մասնաշենքում գործող «Երեւան» հիմնադրամում: Մի քանի ժամ տեւած խուզարկություններից հետո ԱԱԾ-ն առգրավեց փաստաթղթերն ու համակարգիչները, անգամ ձերբակալեց հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանին: Թեեւ հետո Ղազարյանը ստորագրությամբ ազատ արձակվեց, սակայն, սա չի նշանակում, թե խնդիրները վերացել են. շարունակվում է քրեական գործի նախաքննությունը:

Ոստիկանությունն էլ իր հերթին ստուգումների արդյունքում ավելի քան 1 մլրդ դրամի յուրացումներ էր հայտնաբերել` երթուղային միկրոավտոբուսների տեխզննման կտրոնների հետ կապված, ու այս գործով էլ ներգրավված է նաեւ «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն, որը, ըստ շրջանառվող լուրերի, քաղաքապետ Մարգարյանի ընտանիքին է պատկանում: Ոստիկանությունը յուրացումներ էր բացահայտել նաեւ «Յունիգրաֆ իքս» ընկերությունում, որը թափառող կենդանիների դեմ պայքարի նպատակով քաղաքապետարանի հետ մշտապես համագործակցող կառույցն է: Վերաբացվել է նաեւ «զիբիլիքսի» գործը. խոսքը Երեւանի ավագանու ընտրություններին հօգուտ ՀՀԿ-ի եւ Տարոն Մարգարյանի ընտրակաշառքներ բաժանելու մասին վկայող ցուցակների հայտնաբերմանն է վերաբերում, ցուցակներ, որոնք հայտնաբերվել էին ՀՀԿ նախընտրական շտաբին կից աղբամանում:
Արդեն երկու օր է՝ համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ նրա տեղակալներն արդեն պատրաստել են հրաժարականի դիմումները, պարզապես դեռեւս չեն հրապարակայնացնում: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, անդրադառնալով Մարգարյանի հրաժարականի մասին լուրերին, ասել էր. «Այս պահին նման բան չկա»:
Ենթադրվում է՝ Տարոն Մարգարյանի ու նրա տեղակալերի հրաժարականի մասին կհայտարարվի եթե ոչ այսօր, ապա առաջիկա օրերին:
Քաղաքապետի եւ տեղակալների հրաժարականի, հնարավոր չարաշահումների, «Երեւան» հիմնադրամի եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ:
-Պարո՛ն Նիկոյան, տեղյակ ենք, որ ԱԱԾ ներկայացուցիչները խուզարկություն են կատարել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առանձնատանը:
-Ես չգիտեմ:
-Այսինքն` նման տեղեկություն չունե՞ք:
-Ո՛չ:
-Վերջին շրջանում անընդհատ խոսվում է այն մասին, որ Տարոն Մարգարյանը պետք է հրաժարական տա: Դուք դրա անհրաժեշտությունը տեսնո՞ւմ եք այս պահին, երբ երկրում իրավիճակ է փոխվել:
-Եկեք ես հարցազրույց չտամ նմանատիպ հարցերի շուրջ: Ես չեմ ուզում կարծիք ասել:
-Պարզապես չափազանց կարեւոր են այս հարցերը, եւ ցանկանում ենք, որպեսզի Դուք ի պաշտոնե որոշակի կարծիք ներկայացնեք:
-Չեմ ուզում կարծիք ասել տվյալ հարցի շուրջ, իսկ փաստերի մասով տեղեկություն ուղղակի չունեմ:
-Ներկայում «Երեւան» հիմնադրամում առկա չարաշահումների մասին է խոսվում, նաեւ ԿԳ նախարարը եւ «Ելք» դաշինքի պատգամավորն են բարձրաձայնել այդ մասին: Գործն այժմ դատարանում է: Դուք առնչություն ունե՞ք այդ չարաշահումներին:
-Ո՛չ:
-Տեղյակ չե՞ք եղել, թե ինչ է կատարվում հիմնադրամում:
-Ես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ եմ, բայց տեղյակ չեմ, միանշանակ:
-Պարո՛ն Նիկոյան, ԱԱԾ աշխատակիցները մտել էին քաղաքապետարան, ուսումնասիրություն էին կատարում, բավական մեծ քանակով փաստաթղթեր այնտեղից դուրս բերեցին:
-Ես այդ ժամանակ գործուղման եմ եղել:
-Հիմա երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել: Այս պայմաններում չե՞ք կարծում, որ Դուք` որպես փոխքաղաքապետ, պետք է հրաժարական ներկայացնեք:
-Ես կմտածեմ: Անպայման իմ կարծիքն առաջինը Ձեզ կասեմ, նաեւ իմ որոշման մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի հետ, ով քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է:


-Պարո՛ն Սարգսյան, տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ն խուզարկություն է կատարել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առանձնատանը:
-Ես տեղյակ չեմ:
-Այս պայմաններում կարծում եք` քաղաքապետ Տարոն Մարգարյանը պե՞տք է հրաժարական ներկայացնի:
-Ես ոչ մի հարցի չեմ ցանկանում պատասխանել:
-Հիմա խառը իրավիճակ է երկրում, եւ հերթով բացահայտվում են պաշտոնյաների կողմից կատարված հնարավոր ապօրինի գործողությունները, եւ կարեւոր էր նաեւ Ձեր տեսակետն այս ամենի շուրջ:
-Ինչո՞ւ է խառը իրավիճակ. նորմալ վիճակ է երկրում:
-Նորմա՞լ է, երբ քաղաքապետարանից մի քանի պարկ փաստաթուղթ է ԱԱԾ-ն դուրս բերում, քանի որ չարաշահումների վերաբերյալ լուրջ կասկածներ կան: Նշանակում է` իսկապես խնդիրներ կային քաղաքապետարանում:
-Ես չգիտեմ` խնդիրներ կա՞ն, թե՞ չկան:

 

 

 

ԿՈՅՈՒՂԻՆ ԼՑՎՈՒՄ Է ԲԱՆՏԻ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԸ

Ինչպես հայտնի է, հունիսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից ազատ արձակվեց քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշեցնենք, որ ակտիվիստը ձերբակալվել էր 2016 թվականի հունվարի 1-ին, երկու օր անց` կալանավորվել: Բացի տոնածառի գործը, Սաֆարյանին ավելի ուշ մեղադրանք էր առաջադրվել նաեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործով: Բանտային պայմանների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գեւորգ Սաֆարյանի հետ:

-Գեւո՛րգ, բանտային պայմաններն ինչպիսի՞ն են եղել:
-Ես կարող եմ գնահատական տալ Նուբարաշենի բանտին. Նուբարաշենի բանտը պիտի փակվի: Այդ բանտը թե՛ 21-րդ դարի, թե՛ անգամ 20-րդ դարի, թե՛ սովետական չափորոշիչներին չի համապատասխանում: Դա մի կառույց է, որտեղ բանտի կոյուղին լցվում է բանտի միջանցքները: Այստեղ պայմանների մասին խոսելն այլեւս ավելորդ է, այդ բանտն ուղղակի պիտի փակվի:
-Իսկ սննդի առումով ի՞նչ կասեք. ի՞նչ եք կերել այնտեղ այս ընթացքում:
-Սնունդը մեծամասամբ տնից էր գալիս, բայց բանտում էլ ինչ-որ բան տալիս են: Չեմ կարող ասել, որ բավարար է, բայց կան դեպքեր, երբ ճաշի տեսակները բավարար որակով են: Բայց մեծամասամբ բանտի սնունդն անբավարար որակ ունի:
-Եղե՞լ է պահ, երբ զղջացել եք Ձեր պայքարի համար, թե՞ ամեն դեպքում արժեր:
-Ես երբեք չեմ զղջացել, որովհետեւ դրա առիթը չունեմ:
-Նիկոլ Փաշինյանի պայքարը եւ հիմա արդեն նրա կողմից կատարվող քայլերն ինչպե՞ս եք գնահատում:
-Շատ լավ եմ գնահատում, բայց դեռ դանդաղ: Որոշ մարդիկ խոսում են, որ այսօր ձերբակալվել են գեներալ Մանվելը եւ այլն: Ոչ միայն գեներալ Մանվելը, այլ մյուս բոլոր ստոր, այսպես կոչված, նախկին ղեկավարները, ովքեր թալանել են մեր ժողովրդին, կեղեքել են մեր ժողովրդին, պիտի հայտնվեն բանտերում: Եվ շատ դրական եմ գնահատում այդ ամենը:
-Եթե առիթ լինի, նորից դո՞ւրս եք գալու պայքարի:
-Ցանկացած դեպքում քաղաքացին միշտ պիտի լինի զգոն եւ եթե տեսնում է որեւէ գործողություն, որը չի բխում իր, իր պետության կամ ժողովրդի շահերից, պիտի բարձրաձայնի դրա մասին: Եթե այս ամենը տեղի չի ունենում, պետությունը սկսում է ինքն իր մեջ լճանալ:
-Դուք Ձեզ քաղաքականության մեջ պատկերացնո՞ւմ եք: Ժիրայր Սեֆիլյանն արդեն հայտարարել է, որ կուսակցություն է հիմնում:
-Իհարկե, զբաղվելու ենք ակտիվ քաղաքականությամբ: Դեռ ձեւաչափը շատ հստակ չէ, բայց, իհարկե, զբաղվելու ենք:

Նյութերը` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

 

 

ԹԻՄՈՎ ՀԵՌԱՑԱՆ
Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաեւ նրա որդին` Հայկ Խլղաթյանը: Նշենք, որ կրտսեր Խլղաթյանը աշխատում է Արմավիրի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում որպես 2-րդ կարգի մասնագետ: Բացի այս, այս ընթացքում քաղաքապետարանից իրար հետեւից աշխատանքից ազատման դիմումներ կներկայացնեն Խլղաթյաններին մտերիմ մարդիկ: Օրինակ` Խլղաթյանի առաջին խորհրդական Անահիտ Ումրշատյանը, ով միաժամանակ քաղաքի արվեստի դպրոցներից մեկի տնօրենն է, ճամպրուկային վիճակում է: Անգամ նրա` աշխատանքից ազատման դիմումն է պատրաստ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մինչեւ երկուշաբթի Խլղաթյանի թիմը` տեղակալները, օգնականները, բաժինների պետերը եւս ճամպրուկները կհավաքեն: Նշենք, որ Արմավիրի քաղաքապետարանում տարբեր տեսակի լուրջ չարաշահումներ են բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարականի դիմումը ներկայացնելուց հետո աշխատասենյակից հավաքել, տարել է բոլոր իրերը, անգամ պատի ժամացույցը: Սակայն ճանապարհի կեսից վերադարձել է եւ վերցրել Աստվածաշունչը, որ մոռացել էր սենյակում:

 

 

ԹԱՔՑՐԵԼ ԷՐ ՀՈՂԻ ՏԱԿ
ԱԱԾ-ն երեկ մանրամասներ է ներկայացրել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի առանձնատանը կատարված խուզարկության արդյունքներից: Ըստ այդմ` ԱԱԾ-ն Մովսիսյանին է այցելել ապօրինի զենք պահելու մասին տվյալների հիման վրա: Սակայն մինչ այդ Մովսիսյանը հասցրել էր զենքերը թաքցնել: Այս առնչությամբ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում հունիսի 21-ին Մովսիսյանի տանը եւ զենքն ու ռազմամթերքը պահելու հնարավոր այլ վայրերում խուզարկություն է իրականացվել: Արդյունքում, նույն օրը` ժամը 23-ի սահմաններում, Մովսիսյանն Այգեկ գյուղի ամայի տարածքում գտնվող երկու թաքստոցներից` հողածածկույթի տակից, հանել եւ կամովին հանձնել է զենքն ու ռազմամթերքը: Մինչեւ այդ Մովիսյանը տարվել էր ԱԱԾ, որտեղ նրան պարզաբանվել է, որ ապօրինի զենքն ու ռազմամթերքն ինքնակամ հանձնելու դեպքում ինքն օրենքով սահմանված կարգով պատասխանատվությունից կազատվի: Եվ դրանք հանձնելուց հետո Մովսիսյանն ազատ էր արձակվել ԱԱԾ-ից: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մովսիսյանը նշեց, որ ինքը լավ է, բարձր տրամադրությամբ: Իսկ հարցին, թե ինչո՞ւ էր զենքն ու ռազմամթերքն ապօրինի կերպով պահում եւ թաքցրել էր հողի տակ, նա չպատասխանեց. «Բոլոր հարցերը ճշտեք ազգային անվտանգությունից»: Նշենք, որ ավելի վաղ Մովսիսյանն «Ազատություն» ռ/կ-ին էլ հայտնել էր. «Օրենքի տառին համապատասխան ԱԱԾ-ն ներխուժեց իրանց ամեն ինչով մեր բնակարան, իրենց ամեն ինչով… Ես շատ շնորհակալ եմ ԱԱԾ-ից: Նախկինում նման բան չի եղել, վայրագություններ է այն ժամանակ եղել»:




Լրահոս