ԱՐՑԱԽԻՑ «ԱՊՐԻԼՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ» ԲԵՐՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ իրավապահ համակարգը պարբերաբար մանրամասներ է հայտնում ապրիլյան քառօրյա պատերազմին զինվորներին հասցեագրված օգնությունների հափշտակությունների վերաբերյալ: Հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայության բացահայտումը խառնաշփոթ է ստեղծել ինչպես Երկրապահ կամավորականների շրջանում, այնպես էլ մի շարք պետական գերատեսչություններում:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Պաշտպանության նախարարությունը սկսել է ներքին կարգով հաշվարկներ իրականացնել հասկանալու համար, թե, օրինակ, 2016 եւ 2017 թվականներին ԵԿՄ-ին որքան օգնություն է տրամադրվել: Եւ ՊՆ-ում ներքին հաշվարկները բերել են այն եզրակացությանը, որ ՊՆ-ից ամենաշատ օգնությունը ԵԿՄ-ին տրամադրվել է 2017 թվականին: Գումարը կազմել է մոտ 30 մլն դրամ, իսկ ահա 2016 թվականի ապրիլյան իրադարձություններին ԵԿՄ-ին տրված օգնության չափը կազմել է 26 մլն դրամ:
Հաշվարկները ՊՆ-ում շարունակվում են, եւ չի բացառվում, որ հետագայում այս հաշվարկները նաեւ ներկայացվեն իրավապահներին, որպեսզի հասականալի լինի` ՊՆ-ից տրամադրված օգնությունը ԵԿՄ-ն արդյոք օգտագործվել է նպատակային, թե ոչ:
Պատկերը, սակայն, այսքանով չի ավարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` Պաշտպանության նախարարությունում ներքին քննարկում է իրականացվել՝ հասկանալու, թե իրականում որքանով ՊՆ-ն ունի իր մեղքի բաժինը, որ զինվորին ուղարկած օգնությունը տեղ չի հասել կամ եթե հասել է, ապա արդյոք նպատակային է օգտագործվել:
Այս քննարկումների արդյունքում ՊՆ-ում խոսակցությունները հանգեցրել են նրան, որ ապրիլյանի ժամանակ նյութական օգնությունները առաջնագիծ համակարգել է ոչ թե ՊՆ-ն, այլ ԱԻՆ-ը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Արտակարգ իրավիճակների նախարարությունից պարզել, թե ապրիլյան պատերազմի ժամանակ նյութական օգնությունները դեպի առաջնագիծ համակարգելու գործում ի՞նչ են արել: «Արտակարգ իրավիճակների նախարարության հետ աշխատել են կոնկրետ համայնքների դպրոցներ եւ կոնկրետ մեկ հասարակական կազմակերպություն: Այնպես չէ, որ ողջ պետության մասշտաբով բոլորին ԱԻՆ-ն է համակարգել: Մասնավորապես, Արտակարգ իրավիճակների նախարարությունը աշխատել է «Աջակցենք սահմանամերձ համայնքներին» քաղաքացիական նախաձեռնության հետ: Արտակարգ իրավիճակների մեքենաները եղել են 10 բեռնատար մեքենա, որոնք բեռնված են եղել հումանիտար բնույթի օգնությամբ եւ ապրանքներով: 10 մեքենան տարվել են երկու շարասյունով, այսպես ասած, երկու երթ է եղել Արցախի Հանրապետություն: Առաջին շարասյունը բաղկացած է եղել 6 բեռնատար մեքենաներից, երկրորդ շարասյունը՝ 4 բեռնատար մեքենաներից: Նշենք, որ առաջին շարասյան հետ ԱԻՆ-ին է միացել «Աթենք» մսամթերքի գործարանի մեքենան: Նախնական պայմանավորվածության համաձայն, որը ձեռք է բերվել ՊԲ թիկունքի գծով հրամանատարի տեղակալի հետ, բեռնատար մեքենաները պետք է դատարկվեին Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում: Արդյունքում, երբ առաջին շարասյունը հասել է Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ, այն ժամանակվա ՊԲ թիկունքի պետը ԱԻՆ-ի մեր ներկայացուցիչներին ասել է, որ շտաբի պահեստում տեղ չկա: Այդ պատճառով ԱԻՆ-ի մեքենաները գնացել են այն գնդերը, որոնք հանդիսացել են ապրանքի վերջնական ստացողը: Մենք կարող ենք ներկայացնել, թե յուրաքանչյուր մեքենան որ գունդ է գնացել եւ որտեղ է դատարկվել: Այսպիսով՝ «Աթենք»-ի ավոտոմեքենան գնացել է Ստեփանակերտ քաղաքում գտնվող ՊԲ պահեստ-սառնարան, շարասյան առաջին մեքենան գնացել է Ասկերանի գունդ, 2-րդ մեքենան գնացել է Ստեփանակերտի վերանորոգման գումարտակ, 3-րդ-ը գնացել է Հայկազ զորամաս, 4-րդը` Խոջալուի զորամաս, 5-րդը` Սակրավորական գունդ. նշենք, որ 6-րդ մեքենայի մի մասը դատարկվել է Ստեփանակերտի վերանորոգման գումարտակում եւ Ասկերանի N գնդում: Երկրորդ շարասյունը բաղկացած է եղել 4 մեքենայից, որի ապրանքները տարվել են Ստեփանակերտի ՊԲ պահեստ սառնարանի կողքը գտնվող մեկ այլ պահեստ եւ հանձնվել է ՊԲ թիկունքի պետին: Նշենք, որ շարասյունը այն ժամանակ ուղեկցում էր Երեւանի փրկարարական վարչության պետ գնդապետ Մուշեղ Նազարյանը»,- ի պատասխան մեր հարցման` հայտնեցին Արտակագ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ էության, Արտակարգ իրավիճակների նախարարությունը ապրանքները հասցրել է Արցախի Հանրապետություն եւ դատարկել բեռները վերոնշյալ զորամասերում. արդյոք հասցված ապրանքը ծառայե՞ց նպատակին, թե՞ այլ ճանապարհով գնաց: Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ ՊԲ-ից, ինչի ի պատասխան` ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն ասաց, որ ամեն ինչ իրականացվել է Զինված ուժերի կանոնակարգի համաձայն:
Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՊԲ տրամադրված օգնություների մասով իրավապահներին համապատասխան ցուցակ է ներկայացրել, թե ով, ինչ, երբ եւ որտեղ է ստացել օգնություններ, իսկ թե ինչ կպարզեն իրավապահները, սպասենք զարգացումներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍԸ ԱԶԱՏՎԵՑ
ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված հանցավոր զինված խմբավորման գործով կալանավորված դասախոսը ազատ է արձակել:
Հիշեցնենք, որ, ըստ ԱԱԾ հաղորդագրության, Հ.Բ-ն եւ Շ.Մ-ն մտադրվել են ՀՀ մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում, այդ թվում` Երեւան քաղաքի «Ազատության» հրապարակում, «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի եւ զվարճանքի կենտրոնում, տրանսպորտային միջոցների եւ կամուրջների տակ, հաղորդակցության այլ ուղիներում, ինչպես նաեւ բնակելի տների շրջակայքում տեղադրվող 100-150 հատ հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքեր գործադրել ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձանց մահվանը կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն ուղղված պայթյուններ եւ հանրավտանգ հանցավոր այլ գործողություններ իրականացնել ՀՀ-ում վախի մթնոլորտ ձեւավորելու նպատակով: Ըստ պաշտոնական հաղորդագրության` զինված խումբը կապված էր Ժիրայր Սեֆիլյանի հետ: ԵՒ ահա այս գործի շրջանակներում կալանավորվել էր նաեւ «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության դասախոս Գնել Հովհաննիսյանը:
Ստացվում է, որ ԱԱԾ-ն բացահայտել է, թե որտեղ են հանցավոր խմբավորում ստեղծած անձինք կրակելու դասընթացներ սովորել, եւ այդ բացահայտումից հետո էլ կալանավորել են խմբի անդամներից ոմանց, այդ թվում` կրակել սովորեցնող դասախոսին` Գնել Հովհաննիսյանին: Սակայն երեկ մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն Գնել Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխել է, եւ նա ազատության մեջ է: Վերջինիս մտերիմները հայտնեցին, որ իրավապահները պարզել են, որ նա խմբավորման հետ կապ չի ունեցել:

 

 

ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԹԱՏՐՈՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի աշխատակիցն իր իրավունքների վերականգնման համար դիմել է դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հունիսի 20-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել Վահե Մովսիսյանը եւ պահանջել, որ ստիպեն թատրոնին` իր նկատմամբ Կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանը անվավեր ճանաչի եւ նախկին աշխատանքում վերականգնի: Այս գործը պետք է քննի դատավոր Էդգար Սեդրակյանը: Դատելով իրավիճակից` թատրոնի աշխատակիցը եւ տնօրինությունը ներքին բանակցությունների արդյունքում չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ, եւ գործը հասել է դատարան:

 

 

ՆՈՐ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նոր նշանակում է կատարել. Երեւանի ոստիկանապետի պաշտոնում նշանակվել է Արտակ Պողոսյանը։ Վերջինս մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ գծող տեղակալի պաշտոնը: Այժմ այդ պաշտոնում նշանակվել է քրեականի պետ Գարիկ Ղուկասյանը:

 

 

ՄԻՋՆՈՐԴԵԼ ԵՆ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվում էր 2016թ. նոյեմբերին Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի գործով դատավարությունը: Պաշտպանները միջնորդություններ են ներկայացրել այս գործով արդեն 2,5 տարի կալանքի տակ գտնվող Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի եւ Հարություն Սարիբեկյանի խափանման միջոցները գրավի դիմաց փոխելու վերաբերյալ: Գործով կալանավորված պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ հորդորել է նիստը շարունակել, քանզի ինքը եւս միջնորդություն պետք է ներկայացնի իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու համար: Նշենք, որ երկու պատգամավորներ անձնական երաշխավորություն են ներկայացրել Վ. Շիրխանյանի համար: Թե ովքեր են այդ պատգամավորները, ո՛չ Վահան Շիրխանյանի պաշտպանը, ո՛չ էլ հարազատները չեն հրապարակել:

 

 

ԿՊՆԴԵՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանն անձնական երաշխավորություն են ներկայացրել «Սասնա ծռեր»-ի անդամներ Թաթուլ Թամրազյանի եւ Գեւորգ Իրիցյանի համար: Երեկ քննվում էր Թամրազյանի եւ Իրիցյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Մեղադրանքի կողմը չի առարկել միջնորդությանը: Պատգամավորները հայտնել են նախապես, որ պատրաստ են գալ դատարան եւ պնդել իրենց երաշխավորությունը: Դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Թաթուլ Թամրազյանին ու Գեւորգ Իրիցյանին ազատելու միջնորդությունը:

 

 

ԱՎԵԼԱՑՐԵԼ Է
Ըստ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի կողմից հաստատված պլանի` ինժեներական զորքերի ստորաբաժանումներն անցկացրել են հատուկ մարտավարական զորավարժություններ: Զորավարժությունների հիմնական նպատակն է գործնականում ստուգել ռազմական գործողությունների ժամանակ հրամանատարական կազմի` ինժեներական ապահովում իրականացնելու ունակությունները: Ադրբեջանի կառավարությունը ծրագրում է 2018թ. 6,1 տոկոսով ավելացնել պաշտպանության ծախսերը` հասցնելով 1,709 միլիարդ դոլարի: Նախատեսվում է 1,3 տոկոսով ավելացնել զինված ուժերի ֆինանսավորումը, 10,3 տոկոսով` այլ ծախսերը, 16,7 տոկոսով` ազգային անվտանգության մարմինների ֆինանսավորումը:




Լրահոս