««ՎԵՆԴԵՏԱ» ՏԵՐՄԻՆԸ ԱՅՍ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ՉԵՄ ԸՆԿԱԼՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 24-ին` ուշ երեկոյան, տեղի ունեցավ «Ֆակտթիվի» առաջին հակակոռուպցիոն ալիքի պատրաստած հետաքննական ֆիլմի ցուցադրումը, որ վերաբերում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեության ընթացքում կատարված չարաշահումների դեպքերին: Այդ փաստերի մեծամասնությունը նորություն չէին. պատահական չէր, որ ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց՝ հիշեցնելով, որ իրենք տարիներ առաջ դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն որեւէ քրեական գործ չէր հարուցվել` պատճառաբանությամբ, թե հիմքեր չկան: Հիմա Մարգարյանի տվյալները փոխանցվել են ԱԱԾ-ին: Ֆիլմի հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի` կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանն է: Վերջինս հետաքննական նյութը պատրաստել է մինչեւ պաշտոնի ստանձնումը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արեն Մկրտչյանի հետ:

-Պարո՛ն Մկրտչյան, Երեւանի քաղաքապետին վերաբերող տեսանյութն արդյոք ունենալո՞ւ է շարունակություն, թե՞ առկա տվյալներն այսքանն էին:
-Դա նախորդ տարվա նոյեմբերի 1-ից մինչեւ այս տարվա փետրվար արված հետաքննության արդյունքն էր: Նյութը բավական ծավալուն է, եւ որոշվել էր, որ երկու մասի կբաժանվի: Առաջին մասը հրապարակվել է, իսկ երկրորդ մասը հետո է հրապարակվելու: Բայց չեմ կարող կոնկրետ ժամկետ նշել, թե երբ դա կլինի, քանի որ կառավարությունում աշխատանքի անցնելուց հետո կապ չունեմ արդեն այդ հաղորդման հետ: Հաղորդման թիմը որոշում կկայացնի, թե երբ է նպատակահարմար գտնում հետաքննական նյութի երկրորդ մասը հրապարակել: Ուսումնասիրությունն ավարտված է, եւ այժմ երկրորդ մասը նյութի դեռեւս չմշակված վիճակում է:
-Իսկ ինչո՞ւ էր ընտրվել հենց Տ. Մարգարյանը:
-Ստեղծագործական թիմով այն ժամանակ այդպես որոշեցինք, քանի որ Մարգարյանն ամենահնչեղ անուններից էր:
-Կարո՞ղ եք ասել` նախնական ի՞նչ արդյունք է տվել կոռուպցիայի դեմ պայքարը:
-Այս ընթացքում կա բավական խոշոր գործ, որի հետ կապված ես աշխատում եմ: Գիտեք, որ վարչապետի ինչպես մյուս օգնականները, այնպես էլ ես թիմ չունեմ եւ միայնակ եմ աշխատում: Այժմ մի քանի ուղղությամբ տեղեկատվության հավաքագրման փուլ է: Եվ ծավալուն աշխատանքն ավարտելուց հետո եթե զգանք, որ կա ենթադրյալ չարաշահում, այդ նյութերը կփոխանցվեն համապատասխան մարմիններին: Հիմա ես փակագծերը շատ չբացեմ, քանի որ եթե գործը փոխանցվեց իրավապահներին, նախաքննություն է լինելու, եւ եթե հիմա մանրամասներ ներկայացնեմ, կվնասեմ նախաքննությանը: Կլինի մամուլի հաղորդագրություն, եւ բոլորը կտեղեկանան: Դա առաջիկայում կլինի, կիմանաք բոլորդ:
-Իսկ արդյո՞ք ուսումնասիրության առարկա դառնալու է նախկին վարչապետերի` Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի եւ Կարեն Կարապետյանի գործունեությունը: Բացի այդ, պարբերաբար խոսակցություններ էին տարածվում Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործունեությանը վերաբերող խնդիրների մասին:
-Ես այս պահին անուններ չտամ, բայց եթե լինեն բացահայտումներ, բոլորը կտեղեկանան:
-Ձեզ վարչապե՞տն է կոնկրետ ցուցումներ տալիս, թե կոնկրետ ում առնչությամբ ուսումնասիրություն կատարեք, թե՞ Դուք ինքներդ եք ընտրում:
-Անձանց եւ կազմակերպությունների մասով վարչապետը չի ուղղորդում, բայց, ընդհանուր աշխատանքային ռազմավարություն քննարկվում է, այսինքն` ինչպես կառուցել աշխատանքը, որպեսզի ավելի արդյունավետ լինի: Բայց կոնկրետ անուններ, թիրախներ վարչապետը չի նշում:
-Իսկ ինչպե՞ս եք ընտրում առաջնահերթությունները:
-Այսպես ասեմ. առաջնահերթությունը կոռուպցիայի դեմ պայքարն է, իսկ մնացածը կախված է այն տեղեկատվությունից, որը ստացվում է: Եթե կան համապատասխան փաստեր, փորձում ենք դրանք ամբողջացնել եւ գնալ հետքերով:
-Հաջորդ բացահայտումը ե՞րբ է սպասվում:
-Ժամկետ դեռեւս չեմ կարող նշել, բայց առաջիկայում կլինի, քանի որ շատ ինտենսիվ կերպով աշխատում ենք: Ասեմ, որ առանց հանգստյան օրերի` առավոտյան 8-ից մինչեւ ուշ գիշեր աշխատում ենք:
-Մարդկանց մի հատված կարծում է, թե սա վենդետա է, մյուս մասը մտածում է, թե մարդկանց բանտեր տանելու եղանակ է, մարդիկ էլ կան, որ այս գործողությունները բավական դրական են գնահատում: Դուք ինչպե՞ս կձեւակերպեք:
-Կարծիքները տարբեր են, իհարկե: Բայց վենդետա տերմինն այս համատեքստում ես չեմ ընկալում, քանի որ բոլոր գործողությունները կատարվում են օրենքի դաշտում: Եվ կրկնեմ, որ նպատակը մեկն է` կոռուպցիան արմատախիլ անել:
-ԱԱԾ-ից նշում են, որ վերջին բացահայտումների արդյունքում 5 մլն դոլար է վերադարձվել պետական բյուջե: Բացի այս, կատարվում են խնայողություններ նաեւ կառավարության ներսում, ճի՞շտ է:
-Շատ են ուղղությունները, որտեղից գումար է խնայվում: Վերջինի մասին նշեց կառավարության աշխատակազմի ղեկավարը: Ինչպես գիտեք, վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաներին տրամադրվող վառելանյութը կրկնակի կկրճատվի: Դրա արդյունքում տարեկան 54 մլն դրամ բյուջեում կխնայվի:

 

 

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 11 ԱՄԻՍ ԱՆՑ

Երեկ կառավարությունում տեղի է ունեցել Ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգերի եւ օրենսդրական նախագծերի վերաբերյալ քննարկում: Անդրադարձ է եղել նախընտրական քարոզչության կարգավորումներին վերաբերող հարցերին:

Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշել է, որ խոսք է գնացել այն մասին, որ պետք է ունենալ երկու մաքուր համամասնական ընտրակարգ եւ, այսպես ասած, խառը: «Այսինքն` մեկ համամասնական ցուցակում քաղաքացիները կարող են վերադասավորումներ անել իրենց քվեներով: Սրանք վարկածներ են, դեռեւս որոշում չկա»,-նշել էր նա: Առաջին փոխվարչապետը շեշտել է նաեւ, որ բարեփոխված ԸՕ-ն անպայման ներկայացվելու է Վենետիկի հանձնաժողով: Նկատենք, սակայն, որ լուրջ մտահոգություններ կան, որ ԸՕ-ն Վենետիկի հանձնաժողով ներկայացնելն ամենաշատը ձեռնտու է ՀՀԿ-ականներին, քանի որ նրանք ցանկանում են արտահերթ ընտրությունները որքան հնարավոր է՝ ուշ անցկացվեն: Եւ այդ հարցում Վենետիկի հանձնաժողով դիմելը կարող է օգնել, քանի որ մինչեւ այնտեղից ստացվի ԸՕ-ի մասին կարծիքը, մինչեւ ԱԺ-ն ընդունի նախագիծը, մինչեւ անցկացվեն ընտրությունները, ահագին ժամանակ կանցնի, եւ այդ ընթացքում նոր կառավարությունը միգուցե վարկանիշի անկում ունենա:
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքը ստանձնած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շեշտեց, որ առաջիկայում փաստաթուղթը ներկայացվելու է Վենետիկ, սակայն առայժմ հստակ ժամկետների մասին խոսելը մի փոքր բարդ է: «Երբ խորհրդարանական բոլոր ուժերի հետ քննարկումներն ավարտվեն, եւ նախագիծը պատրաստ լինի, նախապես կասվի այն մասին, որ ներկայացվում է Վենետիկի հանձնաժողով: Մենք առանց նախապես հասարակությանն իրազեկելու դա չենք անի»,-ասաց Իոաննիսյանը: «Ծառուկյան» դաշինքը նույնպես համամիտ է, որ ԸՕ-ն պետք է ներկայացվի Վենետիկի հանձնաժողով: Այդ մասին նշել է խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Իսկ առայժմ, ինչպես հայտնի է, օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներին մասնակցել են գործադիր իշխանության, ԿԸՀ եւ քաղհասարակության ներկայացուցիչները: Իոաննիսյանը նշեց նաեւ, որ կուսակցությունների հետ քննարկումները հավանաբար կսկսվեն հուլիսի սկզբին: «Եթե հաշվի առնենք, որ առավելագույնը 11 ամիս անց ընտրությունները տեղի կունենան, (կառավարության ծրագրում նշված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 1 տարվա ընթացքում), պետք է մինչեւ այդ Ընտրական օրենսգիրքը պատրաստ լինի, որպեսզի բոլորի համար պարզ լինեն խաղի կանոնները»,-շեշտեց Դանիել Իոաննիսյանը: Իսկ մինչեւ այդ կուսակցությունները դեռեւս պետք է իրենց առաջարկները ներկայացնեն քննարկումների ժամանակ: Կարեւորագույն հարցերից մեկը վերաբերում է վարկանշային ընտրակարգի վերացմանը: Երեկ տեղի ունեցած քննարկմանն այս հարցին դեռեւս անդրադարձ չի եղել:

Նյութերը` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

 

ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏ
Էջմիածինը հավանաբար համայնքի կին ղեկավար կունենա: Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաման է ստորագրել, ըստ որի Դիաննա Գասպարյանը նշանակվել է Էջմիածնի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Հիշեցնենք, որ համայնքի ղեկավար Կարեն Գրիգորյանը հրաժարական էր տվել հոր` Մանվել Գրիգորյանի մասին բացահայտումներից հետո: Մենք տեղեկացանք, որ Դիաննա Գասպարյանը թեեւ կուսակցական չէ, սակայն «Իմ քայլը» նախաձեռնության ակցիաների եւ թավշյա հեղափոխության ժամանակ շատ ակտիվ է եղել եւ մտերիմ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ: Մենք տեղեկացանք, որ Դիաննան 30 տարեկան է, ապրում է հենց Էջմիածին քաղաքում եւ մինչեւ այս պահն աշխատում էր ՀՀ արդարադատության նախարարությունում: Երեկվա նշանակումն արդեն այն բանի վկայությունն էր, որ ՔՊ-ն քաղաքապետի ընտրություններում սատարելու է հենց Դիաննա Գասպարյանին: Իր` քաղաքապետի թեկնածու լինելու շուրջ «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին Դիաննան խուսափեց պատասխանել` ասելով. «Երբ պաշտոնապես ներկայացվեմ աշխատակազմին, հրավիրում եմ մասնակցելու, սիրով կպատասխանեմ Ձեր բոլոր հարցերին»:

 

 

ԿՈԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հեռանալուց առաջ որոշել է լավություն անել իրավապահ համակարգին եւ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով է պարգեւատրել ՀՀ Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արշավիր Գեւորգյանին: Միայն թե, նկատենք, որ Արշավիր Գեւորգյանին պարգեւատրում են այն դեպքում, երբ նա բավական մութ պատմությունների մեջ է թաթախված եղել: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր այն մասին, որ 2018 թվականի ապրիլի 3-ին Սյունիքի մարզի ոստիկանության վարչության աշխատակիցները կանգնեցրել են Սյունիքի մարզի Գորիս քաղաք մուտք գործող մի բեռնատար` լցված փայտով: Ոստիկանության Սյունիքի մարզի վարչության աշխատակիցները բեռնատարի վարորդից, որը Գորիս քաղաքում հայտնի է Գորիս գյուղի Խչո անունով, փայտերի օրինական ձեռքբերման համար համապատասխան փաստաթղթեր են պահանջել, սակայն վարորդը իրավապահներին սկսել է անուններ թվարկել, թե կոնկրետ փայտը ում անունով են բերել, ով է հրահանգել, եւ այսպես շարունակ: Նա իրավապահներին հայտնել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ Կարեն Թադեւոսյանի վարորդի` Արթուր Զեյնալյանի անունը` ասելով, որ նրա հրահանգով է բերվել: Իրավիճակին ծանոթացել էր նաեւ վարչության պետ, գնդապետ Արշավիր Գեւորգյանը, եւ ըստ մարզում տարածված լուրերի` ամեն ինչ արել են գործը կոծկելու համար: Չի բացառվում, որ նախկին մարզպետը իր մտերիմների կողմից արված ինչ-ինչ արարքները կոծկելու համար է հուշամեդալով պարգեւատրել ոստիկանության գնդապետին:




Լրահոս