ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԵԿԱՎ, ԱՌԱՆՑ ՊԱՇՏՈՆ ԳՆԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ Գործադիր մարմնի հունիսի 21-ի նիստում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը թիմակիցներին հայտնել է կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնը թողնելու մասին: Չնայած Կարապետյանը չի անդրադարձել կուսակցությունից ընդմիշտ հեռանալուն, սակայն ակնհայտ է, որ այսպիսի գործընթացները հենց դրան են տանում, եւ այս հայտարարությունն էլ սարերի հետեւում չէ:

Գործադիր մարմնի նիստում Կարեն Կարապետյանի այս հայտարարությունն ի գիտոթյուն է ընդունվել: Միեւնույն ժամանակ որպես պատճառաբանություն նա բերել է այն հանգամանքը, որ վաղուց կուսակցությունում ակտիվ գործունեություն չի ծավալում եւ ճիշտ է համարում, որ այդ պաշտոնում ակտիվ մեկը լինի: Այս որոշումը կուսակիցների համար թերեւս այնքան էլ անսպասելի չի եղել:
Մասնավոր զրույցներում նրանք եւս նշում են, թե վերջին իրադարձություններից հետո այսպիսի որոշման սպասում էին: Ավելին` նրանք նշում են, թե Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո շատ քիչ նիստեր են եղել, որին Կարեն Կարապետյանը մասնակցել է, իսկ մասնակցելիս էլ կրավորական դիրք է ընդունել, գրեթե չի խոսել: Ավելին` ՀՀԿ-ականներն ինչ-որ տեղ ուրախ են նրա այս որոշման համար եւ դեմ չեն, որ վերջինս լքի նաեւ կուսակցությունը, քանի որ դեռ վաղուց «ատամ» ունեն նրա վրա: Մյուս մասն էլ, հակառակը, կարծում է, որ հենց այդ ծանր պահին Կարապետյանը պետք է ոչ թե լքեր կուսակցությունը, այլ ավելի ակտիվ գործեր եւ ի ցույց չդներ կուսակցությունում առկա խնդիրները: Ամեն դեպքում, փաստ է, որ ի սկզբանե Կարեն Կարապետյանը չընդունվեց ՀՀԿ-ականների կողմից, եւ նրան դիտարկում էին ընդամենը որպես Սերժ Սարգսյանի «դաբրոն» ունեցող մեկը, որը ժամանակավոր է պաշտոնավարելու, մինչեւ լուծվեր Սարգսյանին վարչապետ դարձնելու հարցը, մինչ այդ իհարկե նրա գլխավոր ֆունկցիան 2017թ. ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ին նոր դեմքով ներկայացնելն է եղել:
Նախ հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամագրվել էր 2016 թվականի նոյեմբերին` վարչապետ նշանակվելուց երկու ամիս անց: Դեռ այն ժամանակ էին բոլորը նշում, թե Կարապետյանին պաշտոնը ստիպեց անդամակցել հեղինակազրկված կուսակցության: Իսկ սկզբնական շրջանում Կարապետյանի նշանակման առավելություններից մեկն էլ համարվում էր կուսակցական չլինելը, եւ դա ընկալվում էր որպես ազատ եւ անկաշկանդ գործելու կարեւոր երաշխիք: Սակայն երբ Կարապետյանն ու իր թիմն անդամագրվեցին ՀՀԿ-ին, կաշկանդվածությունն ինքնին ակնհայտ էր:
Բոլորն են հիշում, որ Կարեն Կարապետյանը կուսակցական դառնալու իր որոշման մասին հայտնել էր կառավարության նիստի ժամանակ` եւ մի քանի պատճառ բերելով, որոնցից մեկն էլ այն հանգամանքն է, որ վարչապետի պաշտոնին իրեն առաջարկել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Կարապետյանը նշել էր, թե ՀՀԿ-ն իրեն հոգեհարազատ է, հատկապես կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը: «Եվ այնտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան»,- նշել էր նա ու ասել, որ իր ընկերներից, համախոհներից շատերը եւս ցանկություն են հայտնել միանալ այս գործընթացին` նոր սկիզբ դնելով շարժմանը:
Բայց ստացվում է, որ վարչապետի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո Կարապետյանի համար ՀՀԿ-ն կորցրել է հոգեհարազատ լինելու զգացումը կամ էլ ընդունելի մարդիկ լինելը: Նշենք, որ ՀՀԿ-ականներից շատերը երբեք էլ Կարեն Կարապետյանին իրենց թիմակիցը չեն համարել եւ հակառակ վերաբերմունքը եւս չեն ստացել: Հենց դա էր պատճառը, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ Կարեն Կարապետյանն էր ստանձնել Նիկոլ Փաշինյանի հետ բանակցողի դերը, գրեթե իր կուսակիցներին չէր տեղեկացնում իր անելիքների մասին, որից վերջիններս շատ էին վրդովվում: Եվ եթե այդ ժամանակ նաեւ քննարկումներ էին առկա հենց Կարեն Կարապետյանին այդ կուսակցության նախագահ դարձնելու մասին, ապա Սերժ Սարգսյանի հրաժարականին հաջորդած մի քանի օրերին` նրա պահվածքից հետո, նման սցենարն ուղղակի բացառվեց: Եւ հիմա որոշված է, որ հենց Սերժ Սարգսյանն էլ պետք է շարունակի մնալ կուսակցության ղեկին: Սակայն բոլորն են հիշում, երբ Կարապետյանը նոր էր անդամակցել ՀՀԿ-ին, բոլորը հիացմունքով նշում էին, թե նրա այդ քայլին 7000 մարդ է հետեւել: Հետաքրքիր է` նրա դուրս գալուց հետո քանիսը նույն կերպ կվարվեն:
Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից փորձեց պարզել` ինչպես են վերաբերվում Կարեն Կարապետյանի որոշմանը: «Ես այդ նիստին չեմ մասնակցել, քանի որ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մասնակցել եմ Սեւծովյան համագործակցության խորհրդարանական վեհաժողովի` Հայաստանի նախագահության ստանձնման արարողությանը: Ես մանրամասներին տեղյակ չեմ: Երբ վերադարձել եմ Հայաստան եւ խոսել եմ գործընկերների հետ, իսկ նրանցից մեկը նաեւ գրառում է արել այդ մասին: Դա պարոն Կարապետյանի որոշումն է, ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում` որ պաշտոնին մնա, որ պաշտոնին` ոչ: Ես հարգանքով եմ վերաբերվում պարոն Կարապետյանի որոշմանը»:
Դիտարկմանը` ստացվում է, որ Կարեն Կարապետյանին վարչապետ դառնալը մղեց անդամակցել ՀՀԿ-ին եւ դառնալ կուսակցության նախագահի առաջին տեղակալ, նա նշեց. «Կարեն Կարապետյանին մենք ենք ընտրել առաջին տեղակալ, այսինքն` կուսակցությունը: Նա իմ ընկերն է, ես հարգանքով եմ վերաբերվում նրա որոշմանը»:
Հավելենք, որ առաջիկայում տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստ, որի ժամանակ էլ կորոշվի, թե ով կլինի ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ:
Նշենք, որ այս տարի նախատեսված էր անցկացնել նաեւ ՀՀԿ համագումարը: Օրենսդրության համաձայն` կուսակցություններն առնվազն երկու տարին մեկ անգամ պետք է համագումար հրավիրեն: Սակայն վերջին ներքաղաքական իրադարձությունների պատճառով չի բացառվում, որ համագումարը չանցկացվի: Ի վերջո, կարող է պարզվել` ՀՀԿ-ում շատ, շատ-շատ քիչ մարդ է մնացել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՄԻԼԻՈՆՆԵՐ
Երեւանի քաղաքապետարանը ավելի քան երկու տասնյակ միլիոն դրամ է ծախսել շատրվանները բարեկարգելու նպատակով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի 2800 ամյակի շատրվանների տարածքի բարեկարգման աշխատանքների շինարարական նյութերի ձեռքբերման համար պայմանագիր է կնքել «Էֆֆեկտ գրուպ» ընկերության հետ: Իսկ բարեկարգման աշխատանքների եւ շինարարական նյութերի ձեռքբերման համար քաղաքապետարանը ծախսել է 22 մլն 808 հազար դրամ: Ի դեպ, այս նպատակով հայտարարված մրցույթին մասնակցել է միայն մեկ ընկերություն, որն էլ ճանաչվել է հաղթող: Իսկ «Էֆֆեկտ գրուպ» ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին:

 

 

ՎԱԽԵՑԱԾ ԵՆ
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում եւ Մանվել Գրիգորյանի հայրենի Արշալույս գյուղում լարված իրավիճակը շարունակվում է: Բանն այն է, որ Մանվել Գրիգորյանի շուրջ բացահայտումներից հետո նրա հետ փոխկապակցված մարդիկ վախենում են անգամ տանից դուրս գալ, իսկ նրան պատկանող բիզնեսներն էլ մի քանի օր շարունակ չեն աշխատում: Պատճառը հնչող սպառնալիքները, հնարավոր վենդետաներն են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վիճակն այնքան վտանգավոր է եղել, որ վերջիններս անգամ ավտոմեքենայի պետհամարանիշներն են փոխել: Գրիգորյանի շրջապատին պատկանող բոլոր ավտոմեքենաների եւ հեռախոսների համարները 045 թիվն են պարունակել, սակայն վերջին դեպքերից հետո բոլորը փոխել են իրենց պետհամարանիշները, որ իրենց վրա հարձակումներ չլինեն:

 

 

ՍՆԱՆԿԱՑԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող հայտնի ընկերություններից մեկը` «Բոնիլատ»-ը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 5-ի վճռով սնանկ է ճանաչվել: Պատճառը ֆինանսական խնդիրներն են: Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Ապավեն» ընկերությունը: Բանն այն է, որ «Ապավեն»-ի եւ «Բոնիլատ»-ի միջեւ դեռեւս 2012 թվականին կնքվել է անտոկոս փոխառության պայմանագիր, որով վերջինիս տրվել է 10,2 մլն, հետո նաեւ 6 մլն դրամ մինչեւ 2016-ի հոկտեմբեր մարման ժամկետով: Սակայն ընկերությունը վերադարձրել է ընդամենը 700 հազար դրամ գումար:

 

 

ՉԻ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ
Նոր կառավարության ձեւավորումից հետո «Հրապարակ» օրաթերթի եւ կայքի սուր եւ քննադատական նյութերը նախարարների եւ ընդհանրապես կառավարության մասին առիթ դարձան, որ մի շարք քաղաքացիներ արշավ սկսեն լրատվամիջոցի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյոք վարչապետն է ուղղորդում այդ ամենը, թե ոչ, եւ ինչպես է վերաբերվում տեղի ունեցածին, նրա մամուլի խոսնակ Արման Եղոյանն ասաց. «Որեւէ խնդիր չենք տեսնում ո՛չ կայքի, ո՛չ էլ թերթի գործունեության մեջ: Իսկ մարդիկ եթե քննադատում են, իրենք էլ ընթերցողներ, սպառողներ են ու քանի որ մասնավոր անձինք են, ես ոչինչ չեմ կարող ասել իրենց վերաբերյալ: Վարչապետը որեւէ նման գործողություն ո՛չ ուղղորդում է, ո՛չ էլ դրան աջակցում է»:

 

 

ՄՈՏ 18 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Ըստ վարչապետի խորհրդական, գնումների ոլորտն ուսումնասիրող «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի» նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանի` Հայաստանում կոռուպցիոն բացահայտումների արդյունքում այս պահի դրությամբ վերականգնվել է 18 միլիարդ դրամ՝ 35 միլիոն դոլար։ Նրա խոսքով այստեղ ոչ թե գումարի չափն է կարեւոր, այլ այն, որ այս տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության ապագան է գողացվել ու կասկածի տակ դրվել։ Վերջինիս խոսքով` գումարների ճիշտ հասցեավորման դեպքում շատ այլ խնդիրներ կլուծվեին։ «Այս կառավարությունն ունի շատ կարճ կյանք, նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ եթե կառավարությանը հաջողվի ամրագրել հաշվետվողականության, թափանցիկության ինստիտուտների կայացվածությունը, սա կլինի առավելագույն ձեռքբերումը, որ արեց այս կառավարությունը։ Հասարակության ակնկալիքները շատ-շատ մեծ են, 20 տարվա ընթացքում նրանք տեսել են թալան, կոռուպցիա։ Եթե հաջողվի ինչ-որ առումով, որ հաշվետվողականություն, թափանցիկություն, այս ինստիտուտների կայացվածությունն ամրագրվի, սա, իմ կարծիքով, առավելագույն ձեռքբերումն է, որը որ կարող է անել այս կառավարությունը», – ասել է տնտեսագետը։

 

 

ՉԻ ՓՈԽԵԼ
ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղի հարցերը մեզ չեն կարող չանհանգստացնել: Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս այդ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, գնում են լարվածության ճանապարհով: Մենք պետք է անենք ամեն բան այդ ճանապարհը կանխելու համար»։ Վոլոդինը հավելել է, թե Ադրբեջանը միշտ ճիշտ եւ կառուցողական դիրքորոշում է ունեցել ԼՂՀ հարցում։ Նա կոչ է արել թույլ չտալ իրավիճակի սրում Լեռնային Ղարաբաղում: Այս հայտարարությանն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ նշելով, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն արտահայտում է գործադիր իշխանությունը։ Ռուսաստանի դիրքորոշումը, ինչպես եւ Հայաստանում, արտահայտում է գործադիր իշխանությունը: Իսկ Ռուսաստանի դիրքորոշումը ԼՂՀ-ի հարցում փոփոխություն չի կրել: «ՌԴ գործադիր իշխանությունը գտնում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, այն առաջարկությունների հիման վրա, որոնք ներկայացվել են համանախագահների կողմից: Եվ այդ դիրքորոշումը շաբաթը մեկ վերահաստատում է ՌԴ ԱԳՆ խոսնակը»,- նշել է Տ. Բալայանը:




Լրահոս