«ՍՈՎՈՐ ԵՆՔ ՄԵՐ ՈՒՆԵՑԱԾԸ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՎ ՈՉՆՉԱՑՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշակույթի նախարարությունը պատմամշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգ քաղաքացիներին կոչ է անում հանդես գալ Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ժառանգության քաղաքաշինական եւ ճարտարապետական կառույցների, մոնումենտալ արվեստի նմուշների ու կոթողների վերաբերյալ առաջարկություններով եւ նշել այն գործերը, որոնք արժանի են գտնվել պետության պաշտպանության ներքո: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նկարիչ Հաղթանակ Շահումյանի հետ:

-Պարո՛ն Շահումյան, իհարկե, մշակույթի նախարարության մտահոգությունը շատերիս մտահոգությունն է, եւ Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական կառույցների պահպանության խնդրի մասին էլ մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել ենք, սակայն արդյոք պե՞տք է փրկվելիք հուշարձանների ցանկն այդքան նեղացնել՝ ընդգրկելով միայն մոդեռնիստական նմուշները: Չէ՞ որ մինչ այդ էլ Խորհրդային Հայաստանում ստեղծվել են բազմաթիվ արժեքավոր գործեր, որոնք, սակայն, հայտնվել են բարձիթողի վիճակում:
-Հասկանալի է, որ մշակույթի նախարարությունը մտադիր է պահպանել, ասենք, «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը, «Ռոսիա» կինոթատրոնը, գուցե որոշակիորեն նաեւ Կասկադը եւ այլն: Սակայն ասեմ, որ 1920-30-ական թվականների կոնստրուկտիվիզմի ժամանակվա ճարտարապետությունը ուներ շատ ավելի մոդեռն նմուշներ: Ֆիրդուսի փողոցում կար հրաշալի մանկամսուր՝ կառուցված 30-ականներին, բայց դա ոչնչացվեց: Հիշենք նաեւ, թե ինչ ճակատագրի արժանացավ Առաջին տպարանի շենքը: Այսինքն՝ մենք պետք է մտածենք նաեւ այսպիսի կառույցները պահպանելու մասին: Այլապես սովոր ենք մեր ունեցածը մեր ձեռքերով ոչնչացնել:
-Ի դեպ, Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ժառանգության մի շարք նմուշներ եւս արդեն կա՛մ ոչնչացվել են, կա՛մ դրա եզրին են: Մենք կորցրինք, օրինակ, «Երիտասարդական պալատը»:
-Այո, «Ռոսիա» կինոթատրոնն էլ արդեն վերացրել է, էլ ի՞նչը պետության պահպանության տակ առնեն: Կինոթատրոնի նախնական տեսքից գրեթե ոչինչ չի մնացել: Այն զարդարված էր լավագույն քանդակագործների՝ Արա Շիրազի, Յուրի Պետրոսյանի, Երվանդ Կոդաբաշյանի գործերով: Հիմա շատ քիչ բան է պահպանվել: Խեղված է նաեւ Հանրապետության Հրապարակի մետրոյի միջավայրը, որը ժամանակին բավական հետաքրքիր տեսք ուներ, եւ ավելի վաղ էր պետք առնել պետության պահպանության ներքո: Մենք կորցրել ենք նաեւ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային կինոթատրոնը, եւ այդպես շարունակ…
-Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը պլանավորում էր խորհրդային մի շարք քանդակներ սուզել ջրի տակ՝ ստեղծելով ջրասուզակների թանգարան: Իսկ արդյոք չարժե՞ այդ քանդակները հավաքել մի տեղ՝ ոչ ջրի տակ, եւ ստեղծել խորհրդային տարիների լավագույն նմուշների թանգարան: Չէ՞ որ շատ քանդակներ քաղաքական նկատառումներով հանվեցին կամ ոչնչացվեցին, սակայն պատմական եւ գեղարվեստական առումով դրանք բավական արժեքավոր էին: Այդ թանգարանը կարող էր ապահովել նաեւ զբոսաշրջիկների մեծ հոսք:
-Իհարկե, Պետհամալսարանի Սեւ շենքի դիմացի պուրակում մենք ունեինք Ղուկաս Ղուկասյանի արձանը, որը չհասկացա՝ ինչու հանեցին: Այդ հրաշալի քանդակը ոչնչացվեց, չգիտեմ էլ՝ կա-չկա, կամ հիմա որտեղ է: Կարլ Մարքսի պորտրետը, որը դրված էր Պոլիտեխնիկի առջեւ, եւս հանեցին: Իհարկե, այս եւ մի շարք այլ գործեր կարելի էր մի տեղ հավաքել, բայց ոչ Սեւանի հատակին: Մի բան էլ ասեմ: Առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ հուշարձան կանգնեցնելու հարցն էր քննարկվում, եւ ես չեմ հասկանում՝ մեր երկրում ոնց են մտածում: Դեռ խորհրդային տարիներին Երեւանի այցեքարտ դարձած «Լեռնեցիների պարը», որի հեղինակը Տիգրան Արզումանյանն է, թալանեցին, հետո հեղինակը մեկենասների միջոցով վերականգնեց այն: Տարիներ շարունակ արձանախմբի համար քաղաքում տեղ չի գտնվում: Ընդ որում` այն գրանցված է պատմամշակութային հուշարձանների պահպանման ցուցակում: Այս խնդրին տեղյակ է ե՛ւ Երեւանի քաղաքապետարանը, ե՛ւ Հայաստանի կառավարությունը: Առաջարկում եմ մտածել նաեւ այդ ուղղությամբ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՅՈՒՐԱՑՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵՐԸ

Ադրբեջանը նախաձեռնել է «անհապաղ պահպանության շարքում» ներկայացնել միանգամից երեք «ադրբեջանական պար»՝ յալի, քոչարի, թենզերե: Այս մասին ահազանգում է ազգագրագետ Խորեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ 2017-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկվել է հայկական քոչարին: Սակայն, սա, պարզվում է, դեռ վերջնական հանգուցալուծում չէ.
«Անհապաղ պահպանության շարքում տվյալ պարերը ներկայացնելն ավելի վտանգավոր բան է: Դա նշանակում է, որ Ադրբեջանը ֆինանսավորվելու է այդ պարերը պահպանելու համար»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում շեշտեց ազգագրագետը: Նա մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին եւ փոխնախարար Տիգրան Գալստյանին կոչ է անում հետեւողական լինել:
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, սակայն, այն համոզման է, որ մենք չափից շատ ենք կարեւորում ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ Ադրբեջանը:
«Տարիներ շարունակ անիմաստ գումարներ են ծախսվում՝ աշխարհին ինչ-որ բաներ ապացուցելու համար: Ընդ որում` մենք քաջ գիտակցում ենք, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն որքան կոռումպացված կառույց է: Փոխարենը պետք է այդ գումարները ներդնել հավաքչական աշխատանքներն ակտիվացնելու, ավանդական մշակույթը տարածելու, այն կենցաղ մտցնելու համար: Մեր ազգը պարում է այս պարերը. դրանով ամեն ինչ ասված է: Ի դեպ, ասեմ, որ յալին տարածված է եղել Պարսկահայքում: Քոչվոր ցեղը չէր կարող խմբապար ունենալ: Իսկ թենզերե կոչվածը հայկական թամզարան է: Թամզարան գյուղաքաղաք է Արեւմտյան Հայաստանում: Թեկուզ տարածաշրջանային առումով այն ադրբեջանցիների հետ կապ չունի»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Նրա համոզմամբ՝ մշակույթի նախարարները փոխվում են, սակայն ազգային հենքով գործելաոճ դեռեւս չի նշմարվում. «Ամենակարեւորը մեր վերաբերմունքն է մեր նկատմամբ, ոչ թե այն, թե ով ինչ կասի մեր մասին: Չորս տարի պայքարեցինք, որ քոչարին ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Կարո՞ղ եք ասել՝ Հայաստանում դրանից ինչ փոխվեց: Քանի՞ հոգի ավել սովորեց քոչարի պարել: Հանուն ինչի՞ են արվում այդ մեծ ծախսերը»,-եզրափակեց պարոն Գինոսյանը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԱԶԱՏ ԳՈՐԾԱԿԱԼ
«Չելսի»-ի հարձակվող Էդեն Ազարը երկու տարի հետո հնարավոր է դառնա ազատ գործակալ: Նրա պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2020 թվականին: Բելգիայի հավաքականի առաջատարը կարիերան հնարավոր է շարունակի Մադրիդի «Ռեալ»-ում: Տիերի Ազարը՝ ֆուտբոլիստի հայրը, որը նաեւ Էդենի գործակալն է, մադրիդցիների հետ բանակցություններ է ունեցել: Դա տեղի է ունեցել ՉԼ եզրափակչից առաջ: Այս պահին Էդենը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը «Չելսի»-ի հետ: Ակումբը չի մասնակցի ՉԼ խաղարկության առաջիկա մրցաշարին:

 

 

ՌՈՆԱԼԴՈՒԻՆ ԽԱՆԳԱՐԵԼ ԵՆ
Պորտուգալիայի հավաքականը խնդիրների առաջ է կանգնել ԱԱ-2018-ի խմբային փուլի երրորդ տուրի` Իրանի հավաքականի հետ խաղից առաջ՝ Խաղի նախորդ գիշերը, Իրանի հավաքականի մի խումբ երկրպագուներ հավաքվել են Սարանսկի հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել է պորտուգալական թիմը, ու սկսել են աղմկել, ինչը խանգարել է մրցակցի որոշ ֆուտբոլիստների: Մասնավորապես, երկրպագուների նման պահվածքից դժգոհ է մնացել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Նա ստիպված է եղել դուրս գալ իր համարի պատշգամբ եւ ժեստերով խնդրել իրանցի երկրպագուներին չաղմկել:

 

 

ՎՆԱՍՎԱԾՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Դուգլաս Կոստան վնասվածք է ստացել, եւ չի բացառվում, որ նա այլեւս չխաղա Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնությունում: 27-ամյա ֆուտբոլիստը աջ ազդրի մկանային վնասվածք է ստացել Կոստա Ռիկայի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում, որն ավարտվել էր բրազիլացիների հաղթանակով՝ 2:0: Վերջինիս ապաքինման համար կպահանջվի մոտ 20 օր:
Հիշեցնենք, որ Հունիսի 27-ին Մոսկվայում Բրազիլիայի հավաքականը խմբային փուլի վերջին հանդիպումը կանցկացնի սերբերի հետ:

 

 

ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄՐՑԱՇԱՐԻՆ
Ձյուդոյի երիտասարդական հավաքականը, ավարտելով ուսումնամարզական հավաքը ՌԴ-ում, մասնակցել է Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացած «Զեդազենի գավաթ» միջազգային մրցաշարին: Նշենք, որ մրցաշարին մասնակցել են Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի եւ Իրանի ներկայացուցիչները:




Լրահոս