Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) այսօր՝ հունիսի 28-ին Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրել: Գաղտնի քվեարկության արդյունքներով 8 կողմ ձայնով այդ պաշտոնում ընտրվել է Վազգեն Ռշտունին: Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից:
Առաջադրված մյուս թեկնածուները՝ Սերգեյ Մարաբյանն ու Տիգրան Սահակյանը, մեկական կողմ ձայն են ստացել: ԲԴԽ անդամներն ու Վերաքննիչ քրեական դատարանի դատավորները նաեւ աշխատանքային քննարկում են ունեցել: Կարեւորելով նման հանդիպումները հատկապես դատական իշխանության անկախության եւ արդարադատության արդյունավետության բարձրացման հիմնախնդիրների քննարկման տեսանկյունից՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն առանձնացրել է հատկապես երկու հիմնախնդիր:
Նախ՝ խելամիտ ժամկետներում գործի քննության երաշխավորումը եւ արդարադատության գործընթացի օպտիմալ կազմակերպումը, երկրորդ՝ հետեւողականությունն օրենսդրության պահանջների հստակ կատարման ուղղությամբ եւ անկախ արդարադատություն իրականացնելու անհրաժեշտ մշակույթի արմատավորումը:
Անդրադարձ է կատարվել նաեւ դատարանների ծանրաբեռնվածության, դատական կազմերի ձեւավորման, օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտության եւ մի շարք այլ հիմնախնդիրների: