ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՍՏՈՒԳԵԼ Է ՄԱՐԱԼԻԿԻ ԲԿ-Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանի հանձնարարականով ներքին աուդիտ է անցկացվել Մարալիկի առողջության կենտրոնում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ «Մարալիկ առողջության կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սուսաննա Պետրոսյանից: Նա նաեւ նշեց, թե ինքը տեղյակ չի եղել աուդիտի անցկացման մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը առողջության կենտրոնի տնօրեն Սուսաննա Պետրոսյանից տեղեկացավ, որ Շիրակի մարզպետարանի ներքին աուդիտ բաժնի կողմից «Մարալիկ առողջության կենտրոն» ՓԲԸ-ում անցկացված ստուգումների արդյունքները ուղարկվել են Շիրակի մարզի դատախազություն:
Ավելին` «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հայտարարել է, որ ստացել են Շիրակի մարզպետարանի կողմից «Մարալիկ առողջության կենտրոն» ՓԲԸ-ում իրականացրած ստուգումների արդյունքները, որի ուսումնասիրությամբ փաստվել են որոշակի ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ: «Նշվածն իմ կողմից ուղարկվել է ոստիկանության Անիի բաժին` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180 հոդվածի կարգով նյութեր նախապատրաստելու եւ տվյալ օրենսգրքի 181 հոդվածով նախատեսված որոշումներից մեկը կայացնելու հանձնարարությամբ»,- նշել է դատախազը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Մարալիկ առողջության կենտրոն» ընկերության տնօրեն Սուսաննա Պետրոսյանի հետ, որն էլ պարզաբանեց. «Ո՛չ, չարաշահումներ չեն եղել, աուդիտը ընդամենը արձանագրել է մի քանի թերություն: Ես էլ այդ արձանագրված թերություններին տվել եմ իմ բացատրությունները: Հիմնականում հաշվարկներին ու վճարումներին են վերաբերվել այդ թերությունները: Օրինակ, իրենց աուդիտի արդյունքում պարզվել էր, որ ծննդօգնության բաժանմունքի աշխատողների աշխատավարձերը քիչ են վճարվել: Քիչ եմ վճարել, դա էլ համարել են թերություն: Բայց ծննդօգնությունը մենք ֆինանսավորում ենք ծնունդների թվով, ըստ դրա էլ քիչ եմ վճարել: Բայց դա չարաշահում չէ»: Մեր զրուցակցի խոսքերով` քիչ վճարելն ունի իր պատճառը, որը պայմանավորված է ծնունդների քանակի նվազմամբ:
«Բայց ծնունդների քանակի նվազումը մի քանի պատճառ ունի: Դրանցից մեկն էլ կապված է հասարակական տրանսպորտի բացակայության հետ: Նախկինում տասից ավել գյուղերի հղիները գրանցվել են Մարալիկի հիվանդանոցում, սպասարկվել են Մարալիկի բուժանձնակազմի կողմից, բայց ինչ հասարակական տրանսպորտը չկա (խոսքը Մարալիկ քաղաքն ու հարակից գյուղերը իրար կապող տրանսպորտի մասին է), հղիների թիվն էլ է նվազել: Այս ամենի արդյունքում մարդիկ օգտվում են Գյումրու բժշկական կենտրոնից: Ճիշտ է, այս գյուղերը Գյումրիին մոտ են, բայց մարդիկ միշտ նախընտրել են օգտվել Մարալիկի ԲԿ-ից, քանի որ այստեղ բժշկական հետազոտություններն ու ծառայությունները ավելի էժան են, քան Գյումրիում»,-իրավիճակը ներկայացրեց առողջության կենտրոնի տնօրենը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարալիկ քաղաքի ծննդատունն ունի ավելի քան 10 աշխատող, որոնք արդեն մի քանի ամիս է, ինչ ստանում են 27 հազար դրամ աշխատավարձ: Ստացվում է, որ եթե ծնունդների թիվն է նվազել, հետեւաբար աշխատավարձն էլ պակասել է: Ըստ առողջության կենտրոնի տնօրենի` փետրվար, մարտ, ապրիլ եւ մայիս ամիսներին քիչ են լինում ծնունդները, տղամարդիկ Ռուսաստանի Դաշնություն են մեկնում արտագնա աշխատանքի նպատակով, ինչի հետեւանքով ծննդաբերություն լինում է սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին: Եւ որպեսզի ծննդատունը չփակվի, առողջության կենտրոնի տնօրինությունը անցել է վճարման այս տարբերակին`ըստ ծնունդների թվի: Օրինակ, 4 ծնունդի թվով աշխատողը ստացել է 30 հազար դրամ: Իսկ այս ամսում առողջության կենտրոնը ունեցել է 9 ծնունդ, որը շատ քիչ է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ Մարալիկի առողջության կենտրոնի ծննդօգնության բաժնմունքի աշխատակիցները աշխատավարձերի չափի հետ կապված իրենց դժգոհությունները ներկայացրել են նաեւ նորանշանակ մարզպետին:
Բացի ծննդօգնության բաժանմունքի աշխատակիցների աշխտավարձերի հաշվարկներից, մարզպետարանի ներքին աուդիտը դեղորայքի հետ կապված այլ թերություն է արձանագրել: «Մենք դեղորայք ենք ստացել եւ անմիջապես պահեստ ենք մուտքագրել, բայց պետք է տուփի վրա կպցնեինք «վաճառքի ենթակա չէ» գրությունը, ինչը չէինք կպցրել: Մեր ամբողջ պահեստի մեջ գտել են մեկ տուփ, որի վրա կպցրած չկա`վաճառքի ենթակա չէ: Ոչ թե տուփ, այլ մեկ լիստ «Վալեդոլ»: Դա չարաշահում չէ, այլ թյուրիմացություն»,- արդարացավ տնօրենը: Ապա հայտարարեց, որ էլեկտրոնային տարբերակով իր բացատրությունները ուղարկել է նորանշանակ մարզպետին, իսկ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի օրը:
Զրույցի ավարտին տիկին Պետրոսյանը անկեղծացավ` նշելով, որ իր համար անակնկալ է եղել նորանշանակ մարզպետի` ստուգումներ անցկացնելու որոշումը. «Միշտ էլ եկել են, ստուգել են, բայց սա մեր հերթական աուդիտը չէր: Մեզ մոտ աուդիտ անցկացվում է երեք տարին մեկ, վերջինը 2016 թվականին էր եղել, բայց սա արտահերթ էր»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱՎՏՈՄԱՏԻ` ՊԱՏՄԱԿԱՆԸ
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը երեկ այցելել է ԱԱԾ եւ հանձնել իր մոտ մնացած ապօրինի զենք-զինամթերքը: ԱԱԾ-ից դուրս գալուց հետո Մովսիսյանն ասել է, որ հիշել է 20 տարի առաջ պահած «Շմայսեր» մակնիշի ավտոմատի (ի դեպ, այդտեղից էլ նրա մականունը) եւ մի քանի փամփուշտների մասին եւ որոշել է այդ զենքն էլ հանձնել իրավապահներին: «20 տարի առաջ պատերազմից որ եկել էինք, իմ պատմական «Շմայս» անունով ավտոմատը քանի որ պահած էր, հիշեցի, որ պահած էր, եւ մի քանի փամփուշտներ: Ասեցի՝ թող չմնա-փչանա: Զանգեցի իմ քննիչին՝ Հովհաննիսյանին, անձամբ ներկայացա, որ էս-էս-էս բաները գտել եմ: Հիշեցի, որ սրանք պատերազմի ժամանակ պահել էի, հիշողությունս եկավ տեղը, եւ ինքնակամ զանգեցի, բերեցի-հանձնեցի իրենց: «Շմայսեր» ավտոմատը, որ հիշատակ էի պահել, հիշեցի, որ դա էլ պետքա: Իմաստ չուներ, արդեն կարիք չեմ տեսնում էս երկրում զենք պահելը»,- ասել է նա: Մովսիսյանը նաեւ նշել է, թե ուզում է այլեւս մաքուր ապրել: «4 էրեխեքի հայր եմ, ուզում եմ հանգիստ կյանքով ապրել: Հիմա օրենքի երկիր է դարձել, ազնիվ երկիր է դարձել, ուզում եմ օրենքի տառին համապատասխան, մաքուր ապրել»: Նա նաեւ հավելել է. «Էն ժամանակ, որ պահել էի, ամեն վայրկյան սպասում էինք պատերազմի, դե գիտեք, դժվարություն կար զենքի: Բոլորին կոչ եմ անում, օրինակ, ծառայել, որեւէ մեկը չհապաղի, բերի այդ զենքերը հանձնի: Մի բանում պիտանի կլինի բանակին, եւ իրենք էլ հանգիստ կքնեն»,- հավելել է Մովսիսյանը:
Հիշեցնենք՝ Առաքել Մովսիսյանը հունիսի 21-ին տարվել էր ԱԱԾ, որտեղ նա պատրաստակամություն էր հայտնել հանձնելու դեռեւս Արցախյան ազատամարտի տարիներին ապօրինի կերպով ձեռք բերված եւ պահած զենքն ու ռազմամթերքը: Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Առաքել Մովսիսյանն Այգեկ գյուղի ամայի տարածքում գտնվող երկու տարբեր թաքստոցներից՝ հողածածկույթի տակից, հանել ու կամովին հանձնել է զենքն ու ռազմամթերքը:

 

 

ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԻ Է
Նախօրեին ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն Երեւանի Մոսկովյան 8 հասցեում գտնվող զարդերի վաճառքի սրահից ահազանգ է ստացվել. մի տղամարդ բացահայտ հափշտակել է մատանի, այնուհետեւ խանութից դուրս գալիս դանակով սպառնացել է իրեն բռնել ցանկացող քաղաքացիներին ու մեքենայով փորձել է փախչել: Երեկ ոստիկանները պարզել են հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ձեռնարկվում են միջոցառումներ նրան ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրգործ: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս