«ՈՒԶՈՒՄ ԵՄ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ՍՏԱՆԱԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս դերասան Սարգիս Գրիգորյանը գրել էր, որ այլեւս անելիք չունի «Ֆեյսբուք» սոցցանցում, եւ ուշագրավ մեկնաբանություն էր թողել. «Իմ վերջին գրառումն է FB-ում…Ոչ մի երջանիկ, ոչ մի ուրախ ու կյանքով լի հայտարարություն, նկար, գրառում ես չեմ տեսնում…Միայն քաղաքականություն, միայն չարախոսություն, միայն հաշվեհարդար ու միայն սպառնալիքներ…»: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է՝ ինչ նկատի ունի նա, արդյոք դերասանին սպառնացե՞լ են: Մենք զրուցել ենք նաեւ վերջին ամիսներին Հայաստանում տիրող իրավիճակի եւ Սարգիսի սպասելիքների մասին:

-Սարգի՛ս, հանրությանը հետաքրքրում է՝ արդյոք որեւէ մեկը սպառնացել, անհանգստացրե՞լ է Ձեզ: Այն, ինչ գրել էիք, սեփական անձի նկատմամբ հանրության նեգատիվի մասին էիք գրե՞լ:
-Ո՛չ, ո՛չ, պարզապես նկատի ունեմ, որ սոցցանցում մարդիկ շատ բացասական գրառումներ են կատարում, մեկնաբանություններ են թողնում, որոնք իսկապես վատ են անդրադառնում իմ տրամադրության վրա: Ես չեմ ուզում հազար հատ թունոտ մեկնաբանություն լսել, ասենք, Մանվել Գրիգորյանի մասին: Ավազակներ դեռ շատ ի հայտ կգան, չեմ ուզում անընդհատ բացասական գրառումներ կարդալ, անընդհատ վրեժի ծարավով ապրել: Եթե ամեն անգամ նման կերպ արձագանքենք, ուր կհասնի: Դա ինձ հաճելի չէ: Այն բացասական լիցքերը, որոնք ստանում եմ, անդրադառնում է ընտանիքիս, ընկերներիս հետ շփումների վրա:
-Կարճ ասած՝ ուզում եք ապրել սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում: Այն մթնոլորտում, որի մասին այդքան խոսում էր Նիկոլ Փաշինյանը:
-Այո՛, մայիսի 8-ին սպիտակ հագած Հանրապետության հրապարակում հավաքվելը իմ միտքն էր, եւ դա պատահական չէր: Ես հեղափոխության ժամանակ իմ ակտիվ քայլն արել եմ, հիմա արդեն իմ գործով եմ զբաղված: Ունեմ թատերական, ֆիլմարտադրության ոլորտներին առնչվող նոր նախաձեռնություններ եւ սոցցանցերում դրանց եմ անդրադառնալու միայն: Ուզում եմ նոր Հայաստանում ողջամիտ մտքեր լսել, դրական էներգիա ստանալ: Դեռեւս չի ստացվում, ինչը նորմալ է:
-Սարգիս, այսօր մեր երկրում աննախադեպ ձերբակալություններ եւ հրաժարականներ են լինում: Սպասո՞ւմ էիք նման զարգացումների: Կպատկերացնեի՞ք, որ բավական արագ կնկատվեն նման տեղաշարժեր:
-Այո՛, իհարկե, ես գիտեի, որ ռադիկալ քայլեր պետք է արվեն, իսկ դրանցից մեկը հենց բյուջեն լցնելն է այն փողերով, որոնք գողացվել են: Բոլորս էլ քաջ տեղյակ ենք՝ այդ փողերը որտեղ են, ում մոտ են: Մեծ հույսեր եմ կապում այս կառավարության հետ, հավատում եմ, որ այն, ինչ արվում է, կհանգեցնի դրական տեղաշարժերի: Տեսնում եմ, որ քաղաքացին այսօր ժպտում է, մարդիկ փոխել են իրենց վերաբերմունքը ղեկավարության նկատմամբ, եւ ողջունում եմ այդ ամենը: Իսկ նախկինում շատերը թքած ունեին վաղվա օրվա վրա: Այսօր արդեն այդ վաղվա օրը նշմարվում է, ինչը հիանալի է:
-Իսկ չկա՞ արդյոք երկրի ղեկավարությանը, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆետիշացնելու վտանգ: Դա ինչի՞ կարող է հանգեցնել: Արդյոք հենց ինքը՝ վարչապետը, չպե՞տք է մտածի այդ ուղղությամբ:
-Երկար տարիներ հայ մարդը երազել է իր իրավունքները վերականգնելու մասին, նա կորցրել էր իր վստահությունը: Եվ հանկարծ եկավ մեկը, ով կարողացավ քայլ անել, համախմբել մարդկանց, եւ, բնականաբար, այդ երեւույթը լինելու էր: Հաղթանակը միայն Նիկոլ Փաշինյանինը չէր, այլեւ ժողովրդինը, իսկ վերջինս երկար տոնում է այն: Բայց դա, կարծում եմ, վտանգավոր չի դառնա: Թերեւս վարչապետն էլ գիտակցում է, որ նման վտանգի դեմը պետք է առնի: Ի վերջո, ժողովուրդն էլ կհասկանա, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ թե լավ է, այլ նորմալ է: Պարզապես այդ լավը այնքան երկար ժամանակ չէինք տեսել, որ արձագանքներն այսպիսին եղան: Ամեն դեպքում, վստահում եմ ներկայիս կառավարությանը եւ մաղթում եմ ամենայն բարիք:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ԴԵՊՈՒՏԱՏԻ ՇՈՈՒԻՑ» ՀԵՏՈ՝ «ԼԵԴԻ-ՔՈԲՈՒԼԵԹԻ»

Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանն ու Սպիտակցի Հայկոն պատրաստվում են հանդիսատեսի դատին հանձնել «Դեպուտատի շոուի» ֆորմատով նկարահանված նոր տեսահոլովակ՝ «Լեդի-Քոբուլեթին»: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց Անդրանիկը:

«Հուլիսին արդեն այն պատրաստ կլինի: Երգի խոսքերի հեղինակը Արմեն Վարդանյանն է, երաժշտության հեղինակը՝ Դիջեյ Սմոքը: Նկարահանելու ենք գունեղ, ամառային տեսահոլովակ, սակայն «Դեպուտատի շոուի» նման քաղաքական թեմաներ չենք արծարծելու, փոխարենը բարձրացնելու ենք այն հարցը, թե ինչու ենք հայերս հանգստանում, օրինակ, Քոբուլեթիում եւ ոչ Սեւանում: Համոզված եմ, որ հեղափոխությունից հետո այս խնդիրն էլ կլուծվի, Սեւանում հանգստյան գոտիներում վարձակալության եւ ծառայությունների գները կէժանանան»,-ասաց դերասանը:
Հարցին, թե որտեղ է պատարստվում հանգստանալ ինքը, հնարավո՞ր է հենց Քոբուլեթիում, Անդրանիկը պատասխանեց. «Ո՛չ, եթե երկրից դուրս գնամ, ուրեմն Սոչիում կհանգստանամ: Բայց, այնուամենայնիվ, կցանկանայի հանգիստս Սեւանում անցկացնել»:
Անդրանիկը տեղեկացրեց, որ նույն ֆորմատի մեջ եւս վեց երգ թողարկելուց հետո մեծ շոու են անելու ամենաուշը մյուս տարի: Մենք խոսեցինք նաեւ թատերական աշխարհի նորությունների մասին, եւ դերասանը հիշեցրեց «Hotel Կալիֆորնիա» ներկայացման մասին, որը ոչ վաղ անցյալում հանձնվեց հանդիսատեսի դատին Բոհեմ թատրոնում: Հուլիսին եւս կլինեն ներկայացումներ, այնպես որ բոլոր նրանք, ովքեր չեն հասցրել դիտել ներկայացումը, կստանան այդ հնարավորությունը:
Որոշ ժամանակ առաջ Անդրանիկը սոցցանցերից մեկում հրապարակել էր իր քթի վիրահատությանը վերաբերող լուսանկարներ: Հետաքրքրվեցինք՝ միջամտություն իսկապես եղել է, թե դա պարզապես ֆոտոշոփի արդյունք էր. «Ո՛չ, քթի վիրահատություն չեմ արել, չեմ էլ անելու, դա ուղղակի նկար էր: Իմիջիայլոց, եթե անեմ վիրահատություն, ապա միայն մի քիչ էլ կմեծացնեմ քիթս, փոքրացնելու առիթ չեմ տեսնում»,-կատակեց դերասանը:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

ԲԱՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է Ռուսաստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի դիմակայության մասին. «Մենք լուծեցինք մեր առաջին խնդիրը եւ խմբում գրավեցինք առաջին տեղը: Այժմ մեզ սպասվում են կենաց-մահու հանդիպումները: Ռուսաստանի հետ մեզ սպասվում է բարդ հանդիպում: Միշտ պետք է ճիշտ բալանս գտնել, եւ Ռուսաստանի հետ դիմակայությունում մեզնից կպահանջվի առաջընթաց»,-ասել է Ինյեստան: Հիշեցնենք, որ Իսպանիա-Ռուսաստան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում:

 

 

ՄԱՐԶԻՉԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Կահիրեի «Զամալեկ» թիմի նախկին մարզիչ Աբդրահիմ Մուհամեդ Նեգման մահացել է աշխարհի առաջնության խմբային փուլի Սաուդյան Արաբիա-Եգիպտոս հանդիպման ժամանակ: Նեգման եղել է հանդիպման մեկնաբանը Եգիպտոսի հեռուստաալիքներից մեկի եթերում: Խաղի ժամանակ նա սրտի նոպա է ունեցել: Նրա կյանքը չի հաջողվել փրկել: Հիշեցնենք, որ այդ խաղում «Լիվերպուլ»-ի եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը բացեց հաշիվը, սակայն Սաուդյան Արաբիան կարողացավ կամային հաղթանակ տանել 2:1 հաշվով: Երկու թիմերն էլ ավարտեցին պայքարը աշխարհի առաջնությունում:

 

 

ԱՄԵՆԱԱՐԺԵՔԱՎՈՐ ԽԱՂԱՑՈՂ
«Հյուսթոն»-ի առաջատար Ջեյմս Հարդենը ճանաչվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի 2017-2018 մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող: Կայացել է մրցանակաբաշխություն, որի ժամանակ հանձնվել են անհատական մրցանակները: Մրցաշրջանի MVP-ի կոչման համար պայքարում էին նաեւ Էնտոնի Դեւիսը եւ Լեբրոն Ջեյմսը:

 

 

ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԻՑ
Անգլիական «Լիվերպուլ»-ի եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը հրաժարվել է Սաուդյան Արաբիայի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակից: Սալահը կրոնական նկատառումներով է հրաժարվել վերցնել մրցանակը, քանի որ այն հանձնում է գարեջրի արտադրությամբ զբաղվող հայտնի ընկերություն: Սաուդյան Արաբիայի դեմ խաղում Սալահը բացել էր հանդիպման հաշիվը, սակայն Եգիպտոսը պարտվեց 1:2 հաշվով: Երկու թիմերն էլ չհաղթահարեցին խմբային փուլի արգելքը:




Լրահոս