«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում վաղը թեժ օր է. հունիսի 30-ին կայանալու է ՀՖՖ հերթական ժողովը, որի ժամանակ էլ նախատեսված է նաեւ ֆեդերացիայի նախագահի ընտրություն: Եւ ահա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որի դեմ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի յուրաքանչյուր հերթական պարտությունից հետո դժգոհությունների մեծ ալիք է բարձրանում, բավական լավ նախապատրաստվել է այդ ընտրություններին պահպանելու համար պաշտոնը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայրապետյանը մտադիր է ՀՖՖ-ի անդամությունից զրկել այն ակումբներին եւ կազմակերպություններին, որոնք կարող են իրեն դեմ քվեարկել: Արդեն իսկ կոմիտեն քննարկել է ՀՖՖ անդամ մի քանի ակումբի՝ «Միկա» ՖԱ ՀԿ-ի, «Ուլիս» ՖԱ ՀԿ-ի, «Արմավիր» ՖԱ ՀԿ-ի, «Ֆուրման Աբրահամյան» ՖԱ ՀԿ-ի, «Հայ-Արի» ՖԱ ՀԿ-ի, «Էսթեղլալ-Կոտայք» ՖԱ ՀԿ-ի, «Զվարթնոց ՀԱՈՒ ՖԱ» եւ «Շիրակ» ակումբի ՀՖՖ անդամությունը դադարեցնելու հարցը եւ առաջարկել այն ընդգրկել ժողովի օրակարգում: Եվ այս ակումբների փոխարեն ֆեդերացիայում մտադիր են ՀՖՖ-ի անդամ դարձնել միանգամից 12 նոր կազմակերպությունների: Այս քայլը թերեւս պատահական չէ. ՀՖՖ-ի անդամ ակումբները իրավունք ունեն մասնակցելու նախագահի ընտրություններին: Տեսակետ կա, որ թիմերը, որոնք հեռացվել են, իսկապես կարող էին մասնակցել ընտրություններին եւ Հայրապետյանին դեմ քվեարկել: Եվ հիմա վստահելի թիմեր ներգրավելով` Հայրապետյանն ապահովում է իր համար կողմ ձայներ:Հավելենք, որ մինչեւ 2010 թվականը գործող կանոնադրության համաձայն` ՀՖՖ նախագահի պաշտոնը սահմանափակվում էր 4 ժամկետով՝ յուրաքանչյուրը 4 տարի տեւողությամբ: Սակայն այդ տարի տեղի ունեցած ընդհանուր ժողովի ժամանակ նոր կանոնադրություն ընդունվեց, ըստ որի` ՀՖՖ նախագահի պաշտոնավարման ժամկետն այլեւս չի սահմանափակվում»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: