Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փորձում է սրբագրել նախորդի սխալները: Կառավարության երեկվա նիստում որոշվել է մեկ տարով հետաձգել դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը: Այն վերաբերում է բոլոր դեղերին ու դեղամիջոցներին՝ բացառությամբ թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պարունակող, ինչպես նաեւ հակաբիոտիկ դեղերի, որոնց դեպքում դեղատոմսը, այնուամենայնիվ, պարտադիր է լինելու: Ի դեպ, տեսակետ էր շրջանառվում, որ դեղորայքը դեղատոմսերով վաճառելու օրենսդրական կարգավորման իրական նպատակը դեղատների խոշորացման գնալն էր, միաժամանակ, նրանց միջոցով ապահովագրական գործակալություններին հարստացնելը եւ բժիշկների գործն ու եկամուտը ավելացնելը:
Ըստ որոշ լուրերի` առողջապահության նախկին նախարար Ալթունյանը (իր պաշտոնավարման օրոք այս որոշումը ընդունվեց) այս հարցում, ինչպես նաեւ ապահովագրական ոլորտում, անձնական շահագրգռություն ուներ, քանի որ համարվում է Վարդանանց ԲԿ-ի սեփականատեր: Չէ՞ որ այս ԲԿ-ն մատուցում է նաեւ պոլիկլինիկայի ծառայություն, իսկ այս որոշման արդյունքում պոլիկլինիկայի բժիշկները ակամայից դառնում են պահանջված, որովհետեւ օրինական անվճար դեղատոմս գրելու իրավասություն պոլիկլինիկական ծառայություններին է վերապահված: