Դեբեդավանի միջնակարգ դպրոցի շուրջ կրքերը լարված են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Դեբեդավանի միջնակարգ դպրոցի շուրջ կրքերը լարված են: Հունիսի 25-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, հիմք ընդունելով կառավարման խորհրդի 2018թ. հունիսի 12-ի նիստի արձանագրությունը, կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցչի եզրակացությունը «Դեբեդավանի միջնակագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակել Մարինե Հարությունյանին: Վերջինս դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար 6 չկայացած մրցույթներից հետո մրցութային հանձնաժողովի անդամների 5 ձայնով հաղթող է ճանաչվել: Սակայն մարզպետի նշված որոշումից հետո Դեբեդավանի դպրոցի փոխտնօրեն, դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Լուսինե Գեւորգյանը հրաժարվել է դպրոցի կնիքը հանձնել Մ.Հարությունյանին:

Բանը հասել է նրան, որ հունիսի 27-ին մարզպետ Վ. Ղալումյանը մարզպետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետարանի ղեկավար աշխատակիցներ Մ. Հարությունյանը եւ Լ. Գեւորգյանը: Մարզպետը նշել է, որ պետք է Դեբեդավանի դպրոցում աշխատանքային մթնոլորտ ստեղծել, կատարել օրենքով սահմանված բոլոր գործառույթները: Մարինե Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ հունիսի 27-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննիչը ժամանել է Դեբեդավանի դպրոց, հետաքննություն սկսել դպրոցի մի խումբ աշխատակիցների դիմումի հիման վրա: Այդ աշխատակիցները մարզպետարան են բողոքել, որ Մ. Հարությունյանը դպրոցում անօրինական կերպով աշխատանքի է տեղավորել իր բազում հարազատներին:

Նախկինում Տավուշի մարզպետարանի իրավաբանական բաժինը դիմել է Տավուշի դատախազություն, որպեսզի քննություն կատարվի այն փաստի կապակցությամբ, որ այս տարվա մարտի 17-ին Դեբեդավանի դպրոցում վառելափայտ չլինելու պատճառով դասեր չեն կայացել, սակայն դպրոցի 8 ուսուցիչ այդ օրը դասամատյաններում աշակերտներին կեղծ գնահատականներ են նշանակել: Մ. Հարությունյանն ասաց, որ տեղյակ չէ այդ կապակցությամբ դատախազության գործողությունների մասին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս